Մեկնաբանություն

24.04.2013 16:42


Հայոց ցեղասպանությունն ու հայոց «գլամուռը»

Հայոց ցեղասպանությունն ու հայոց «գլամուռը»

Շատերը նկատած կլինեն, որ այսօր առավոտվանից համացանցն ու հեռուստաեթերը ողողված են Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված էժանագին տեսահոլովակով։ Ռեպա–պոպախառը ոճի մեջ հանդես եկող Հայկո–Մկոները, հաստիքային «ծտերը», պալատական «աշուղները», խրոնիկ իշխանամետ երգչուհի–պատգամավորուհի Շուշան Պետրոսյանը և մյուս «աստղերն» այնպիսի կեղծ պաթոս էին մատուցում, որ անգամ այդ գործի մեծ վարպետ Րաֆֆի Հովհաննիսյանը կնախանձեր։ Հայկական «գլամուռը» հերթական անգամ ցույց տվեց իր արտաքին պերճանք  ու ներքին թշվառությունը։

Ցեղասպանության զոհերի հիշատակն այդ կերպ հարգելը մեզանում հաստատված շոուբիզնեսային ցածրաճաշակության և անմակարդակության վառ դրսևորումներից է։

Տեսահոլովակը ստեղծողները, ամենայն հավանականությամբ, համոզված են եղել, որ եթե լիքը «ծիտ» ու հումորիստ լցնեն մեջը, ապա այն «թույն» «ռասկրուտկա» կլինի, ու կայքի կամ հեռուստաընկերության «ռեյտինգը» կբարձրանա։ Լավ էր, որ գոնե խուսափել էին ինտիմ տեսարաններից, չնայած կարող էին. ինչեր չես անի «ռեյտինգի» ու «ռասկրուտկայի» համար։

Հարկ է նկատել, որ «կլիպային» մտածելակերպը և «ծտերով» դատարկությունը լցնելը դարձել է խաղի կանոն, և դա վերաբերում է ոչ միայն շոու–բիզնեսին ու հեռուստատեսությանը, այլ նաև քաղաքականությանը։ Քաղաքականության մեջ էլ, ինչպես հեռուստատեսությունում, բովանդակությունն իր տեղը զիջել է ձևին, խոսքը՝ մոնտաժված տեսաշարին, միտքը՝ բնազդին, խելքը՝ «շուստրիությանը», անկեղծ պահվածքը՝ «մուտիլովկային»։ 

Թվացյալ ազատության մեջ հայտնված հեռուստատեսությունը հաստատուն քայլերով վերածվում է «անասնաֆերմայի», իսկ «աստղերը» արտասանում են միայն «չորս ոտքը լավն է, քան երկուսը» նախադասությունը՝ դա անելով տարբեր իրավիճակներում։ 

Իշխանություններին կից գործող «շրջիկ խմբերից» և մի քանի լրատվամիջոցներում տարբեր անունների տակ գրող «շրջիկ լրագրողներից» բացի, ձևավորվել են նաև «շրջիկ աստղեր», որոնք օգտագործվում են ուրախ և տխուր առիթներով՝ լինի դա Նոր Տարի, Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպում, Գարեգին Նժդեհի մասին պատմող հակաֆիլմ կամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակ։ Այս բոլոր դեպքերում տեսահոլովակի գերագույն–գլխավոր ռեժիսորն ու մասնակիցները նույնն են։ «Շրջիկ աստղերին» մնում է միայն կեղծ ժպիտ կամ կեղծ թախիծ ցույց տալը, ինչպես նաև տրջիկ տալը կամ համարյա արտասվելը։ Մնացածը կարգավորում է համակարգիչը, և հոպլա՜։ «Կլիպը» պատրաստ է։

Օրվա կուրսից կախված՝ նույն մարդիկ մերթ սերիալներում են հանդես գալիս, մերթ հեռուստանախագծերում, մերթ «Հավատանք, որ փոխենք»–ի խորագրի ներքո։ Այսօր պետք էր տխուր դեր տանել և «միլիոն ու կես» բառերն արտասանելով՝ բերանը բացել ու փակել. «շրջիկ աստղերը» խաղացին այդ դերը որքան կարողացան։

Խնդիրն այն չէ, որ ռեպի, պոպի կամ ռոքի միջոցով չի կարելի արտահայտվել Ցեղասպանության թեմայով, ու միայն դուդուկն է տեղին։ Անշո՛ւշտ կարելի է, և բազում օրինակներ կան, բայց երբ նման զգայուն թեման դառնում է կյանքը «չխկլ–բխկլ» ոճի և սերիալային տրամաբանության մեջ պատկերացնողների ձեռքի խաղալիքը կամ հերթական տեսահոլովակը, ուզում ես ասել հետևյալը.

Տղե՛րք (կամ աղջկերք), հեռո՛ւ խաղացեք, շարունակե՛ք զբաղվել որկրամոլությամբ, ծառայե՛ք Հայոց ցեղասպանությունն առևտրի առարկա դարձրած իշխանություններին ու վայելե՛ք ձեր «գլամուռային» կյանքը, բայց մի՛ մտեք այնտեղ, որտեղ ձեր «բարձրաշխարհիկ» կայֆերի համար տեղ չկա։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը