Լրահոս

25.04.2013 19:11


Հայ մարզիչները Քյոլնում են. մեկնարկել է ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացների հերթական փուլը

Հայ մարզիչները Քյոլնում են. մեկնարկել է ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացների հերթական փուլը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊՐՈ արտոնագրի դասընթացներին մասնակցող մարզիչները՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, հայկական ակումբների գլխավոր մարզիչներ Վարդան Բիչախչյանը, Սևադա Արզումանյանը, մարզիչներ Սուրեն Չախալյանը, Վարազդատ Ավետիսյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Սանամյանը, Ալբերտ Սաֆարյանը, Աշոտ Բարսեղյանը և Սլավա Գաբրիելյանն ուղևորվել են Գերմանիայի Քյոլն քաղաք, որտեղ մեկնարկել է ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացների հերթական փուլը:

Քյոլնում  նրանց է միացել նաև ՀՖՖ մարզչական ՊՐՈ դասընթացի տեխնիկական տնօրեն Ֆլեմմինգ Սերիցլևը:

Այս փուլի ընթացքում, որը կտեւի մեկ շաբաթ, դասընթացի մասնակիցները կծանոթանան «Բայեր 04» Լեվերկուզեն և«Բորուսիա» Մյունխենգլադբախ ակումբների ենթակառուցվածքներին, հանդիպումներ կունենան թիմերի տեխնիկական տնօրենների, գլխավոր մարզիչների, ֆուտբոլի ակադեմիայի ղեկավարության հետ, կծանոթանան թիմերի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերին, ինչպես նաև կդիտեն Գերմանիայի 1-ին և 2-րդ Բունդեսլիգայի մի քանի հանդիպումներ:

Ծրագրի առաջին օրը հայ մարզիչները հնարավորություն ունեցան անմիջականորեն ծանոթանալ գերմանական «Բայեր 04»Լևերկուզեն ակումբի ենթակառուցվածքներին, հանդիպել գերմանական ակումբի տեխնիկական տնօրեն և ֆիզիկական պատրաստության գծով պատասխանատու Յուրգեն Բրոյխի հետ:

Երեկոյան ՀՖՖ պատվիրակությունը՝ ամբողջական կազմով, ներկա է գտնվել Գերմանիայի 2-րդ բունդեսլիգայի «Դույսբուրգ»- «Քյոլն» հանդիպմանը:

Ապրիլի 24-ին մարզիչները, բաժանվելով 2 խմբի եղան համապատասխանաբար Լևերկուզենի«Բայերի» և Մյունխենգլադբախի մարզադաշտերում, որտեղ տեղի ունեցան հանդիպումներ թիմերի մարզիչների հետ: ՊՐՈ դասընթացների մասնակից հայ մարզիչները հնարավորություն ունեցան նաև հետևել գերմանական ակումբների մարզումային պրոցեսին, ծանոթանալ 2 ակումբների մանկապատանեկան ֆուտբոլի կազմակերպմանը: 

Այս խորագրի վերջին նյութերը