Լրահոս

25.04.2013 13:56


«Ովքեր են իրականում ղեկավարում քրեական տարրի մուտքը քաղաքականություն».հայտարարություն

«Ովքեր են իրականում ղեկավարում  քրեական տարրի մուտքը քաղաքականություն».հայտարարություն

Արդեն երկար ժամանակ է ինչ ՀՀ իշխանությունները ընտրությունները դիտարկում են ոչ թե որպես իշխանությունը փոխելու համար ժողովրդին տրված սահմանադրական իրավունք կամ սեփական վստահության հանրաքվե, այլ որպես մի վերջին ճակատամարտ, որտեղ սեփական լինելիության հարցն է վճռվում: Ընտրությունների մասնակից ընդդիմադիր ուժերը դիտարկվում են որպես թշնամիներ, իսկ բուն քվեարկությունը` որպես մի պարտադիր ու անխուսափելի միջոցառում, որի արդյունքների հետ կարելի է եւ հաշվի չնստել:

Այսօր էլ Երեւանի ավագանու ընտրությունների  քրոզարշավի ընթացքում, տեսնելով երեւանցիների աջակցության բացակայությունը եւ աչքի առաջ ունենալով վերջին նախագահական ընտրությունների արդյունքները, իշխանությունները դիմում են իրենց համար սովորական դարձած մեթոդներին: Բռնությունների են ենթարկում ընդդիմության կողմից քարոզարշավի մասնակիցներին, խոչնդոտում են նրանց օրինական` քարոզարշավի տրամադրությունից բխող գործողություններին: Որպես ՀՀԿ-ականներ հանդես եկող կամ իրականում ՀՀԿ-ական խմբավորումներ իրենց իրավունք են վերապահում տարբեր թաղամասերում արգելել ՀԱԿ ակտիվիստների քարոզարշավը: Արդյունքում Սլիկյան թաղամասում բռնության է ենթարկվել ՀԱԿ ակտիվիստ Ալեքսանդր Հախվերդյանը, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ  լրագրող Հակոբ Կարապետյանը հարձակման է ենթարկվել Նորքում: Վերջին այս դեպքերի մեղավորները լրագրողների շնորհիվ բացահայտվել եւ հայտնի են հանրությանը: Սրանք միջադեպերի ժամանակ հանդես են եկել  որպես հանրապետականներ:

Իրավունքի եւ ազատության կենտրոն հ/կ դատապարտում է ընտրարշավի շրջանակներում իրականացվող օրինական գործողությունների խոչնդոտման եւ  բռնության  ցանկացած դեպք: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Հանրապետական կուսակցությունը եւ օրվա իշխանությունները կամ պետք է հրապարակավ ձերբազատվեն այս քրեական տարրերից եւ իրենց հնարավորությունները ներդնեն սրանց օրենքի ողջ խստությամբ պատժելու համար կամ, հակառակ դեպքում, պետք է ստանձնեն սրանց գործողությունների պատասխանատվությունը: Ընտրող երեւանցին պետք է իմանա, թե ովքեր են իրականում ղեկավարում, կազմակերպում ու ապահովում քրեական տարրի մուտքը քաղաքականություն եւ ընտրական գործընթաց:

Իրավունքի եւ ազատության կենտրոն հ/կ

նախագահ` իրավապաշտպան Վարդան Հարությունյան   

Այս խորագրի վերջին նյութերը