Մեկնաբանություն

25.04.2013 17:43


Հրանտ Բագրատյանի «ազատականությունն» ու «ֆեյք» ընտրությունները

Հրանտ Բագրատյանի «ազատականությունն» ու «ֆեյք» ընտրությունները

Նախագահական «ֆեյք» ընտրություններում «վաստակավոր մրցակցի» դեր կատարող Հրանտ Բագրատյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է ներքաղաքական խնդիրներին։ Նա, ինչպես միշտ, համեստորեն խոսել իր գերբարձր արժանիքների և անհամեստորեն արտահայտվել այլոց գործունեության մասին։

Մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանին նա համարում է պոպուլիստ և անծրագիր գործիչ, ով պետք է հեռանա քաղաքական ասպարեզից, քանզի պարտվել է ու չի լուծել իշխանափոխության խնդիրը։

Րաֆֆու հարցում Բագրատյանի հետ դժվար է չհամաձայնելը, բայց խնդիրն այն է, որ «ֆեյք» ընտրությունների ժամանակ պոպուլիզմով ու քաղաքական ծրագրի բացակայությամբ աչքի էր ընկնում նաև իրեն տնտեսագիտության ռահվիրա համարող Բագրատյանը։ Նա էլ Րաֆֆու պես «ֆեյքություն» էր անում և խաբում ժողովրդին։  Իսկ դա նշանակում է, որ հեռացման և պատգամավորական մանդատը վայր դնելու մասին պետք է մտածի նաև պաթոլոգիկ ինքնագնահատական ունեցող Հրանտը։

Րաֆֆի VS Հրանտ

Ընտրական միջոցառման ժամանակ «ժառանգության» առաջնորդը բլեֆ էր անում՝ հայտարարելով, թե հնարավոր է, իսկ Հրանտն էլ թե՝ անպայման հաղթելու եմ։ Երկուսն էլ «էն գլխից» գիտեին, որ ընտրապայքարի մեջ են մտել ընդամենը Սերժ Սարգսյանի համար մրցակցային ֆոն ապահովելու առաքելությամբ և իշխանությունից մի բան պոկելու հույսով։ Ընդ որում՝ Րաֆֆին ազնիվ էր ու փետրվարի 18–ից հետո հրապարակավ էր ՕԵԿ–ություն անում, իսկ ահա Բագրատյանը՝ տակից էր նույն գործի վրա։

Րաֆֆին 37 տոկոսի չափով խաբեց ընտրողին, իսկ Հրանտը՝ 3: Հետևաբար՝ եթե Րաֆֆին, ինչպես Հրանտն է պնդում, պարտվել է և պետք է հեռանա քաղաքական ասպարեզից, ապա առավելևս քաղաքական դաշտում պետք է չերևա նաև ինքը, այլապես երկակի ստանդարտներ են ստացվում։

Ազատակա՞ն է արդյոք Հրանտ Բագրատյանը

Բագրատյանը շատ է սիրում հայտարարել, թե ինքը հայկական ազատականության հայրն է, բայց այդպե՞ս է դա արդյոք։

Եթե ազատականությունն այն է, որ Հայաստանում պետք է խոշոր բիզնես գործնականում չլինի և պետք է պետությունն այնպես անի, որ մեզանում խոշոր բիզնեսմեն լինելը ձեռնտու չլինի, ապա դա ավելի շուտ նեոբոլշևիզմ է։ Հրանտի տնտեսագիտական պատկերացումներն այդ առումով համահունչ են գործող իշխանությունների գերկենտրոնացման քաղաքականությանը, որը ազատականության հետ հեռավոր աղերս չունի։

«Պայքարենք օլիգարխների դեմ» լոզունգն իրականում դեմագոգիա է, քանզի օլիգարխիան քաղաքական երևույթ է, հետևաբար՝ իրական օլիգարխները՝ բարձրագույն իշխանավորները, չեն կարող և խնդիր չունեն պայքարելու օլիգարխների եմ։

«Հակաօլիգարխիկ» պայքարի միակ նպատակը սեփականության վերաձևումն ու մենաշնորհային տնտեսաքաղաքական համակարգի ստեղծումն է։ Գործող իշխանությունը դա անում է «բարեշրջումների» անվան տակ, իսկ Բագրատյանն առաջարկում է ավելի արդյունավետ մեթոդ ու փորձում Սերժին համոզել, որ ինքն ավելի լավ կծառայի Բաղրամյան 26–ն՝ միգուցե ներքուստ անկեղծորեն մտածելով, որ ժողովուրդն էլ դրանից կշահի։ Սակայն, ինքներդ էլ հասկանում եք, որ Հրանտի ու Տիգրանի տարբերությունը ձևին է վերաբերում, այլ ոչ թե բովանդակությանը։

Աշխարհում չկա մի երկիր, որը անցումային փուլի տնտեսական դժվարությունները հաղթահարել է փոքր ու միջին բիզնեսին օգնելու և խոշորին ոչնչացնելու միջոցով։ Ասվածի վառ ապացույցներից է ասիական և լատինաամերիկյան մի շարք երկրների փորձը։ Փոքր ու միջին բիզնեսին խթանելով հանդերձ՝ այնտեղ ամեն ինչ արեցին, որպեսզի խոշոր բիզնեսը կարողանա զարգանալ և լոկոմոտիվի դեր կատարել ամբողջ տնտեսության աճի համար։ Ասել է թե՝ փոքր ու միջին բիզնեսի զարգացումը ոչ թե պետք է իրականացնել խոշորին վերացնելու, այլ բիզնեսի բոլոր շերտերի համար բարենպաստ միջավայր ապահովելու օգնությամբ։

Փոքր ու միջին բիզնեսի զարգացումը խոշորին ոչնչացնելու հաշվին իրականացնելը հակագիտական ու հակաազատական է։ ժողովրդի թշնամի հայտարարված կուլակների դեմ պայքարը երբեք չի կարող մարդկանց երջանկացնել։ ՍՍՀՄ–ի պատմությունը դեռ շատերիս հիշողության մեջ է։

Օրինակ՝ Հարավային Կորեայում, Սինգապուրում և անցումային փուլում գտնվող մյուս պետություններում իրականացվեց արտահանմանն ուղղված քաղաքականություն, որի դեպքում հիմնական դերակատարները, բնականաբար, խոշոր ֆինասաարդյունաբերական խմբերն էին։ «Սամսունգը» և մյուս խոշոր կորպորացիաները, մեզանում ընդունված «կլիշեների» համաձայն,  օլիգարխիկ կառույցներ էին («չոբոլներ»), բայց հարավկորեական կառավարությունը ոչ թե գնաց սեփականության վերաբաշխման ու նմանատիպ խոշոր ընկերությունների ոչնչացման ճանապարհով, այլ ամեն ինչ արեց, որպեսզի «Սամսունգը» և մյուսները հայտնվեն մրցակցային դաշտում ու միևնույն ժամանակ դրսում շուկաներ նվաճեն, իսկ փոքր ու միջին ձեռնարկություններն էլ զարգանան խոշորներին տարատեսակ ապրանքներ ու ծառայություններ մատուցելու շնորհիվ։ Խոշորների ստացած եկամուտն իր հերթին վերածվում էր ներդրումների, նոր աշխատատեղերի ու բերում բնակչության վճարունակ պահանջարկի աճին։ Դա էլ իր հերթին նպաստում էր բարգավաճող պետության և բարեկեցիկ քաղաքացու ստեղծմանը։ Խոշոր բուրժուազիան էր, որ իր հետևից քաշեց անցումային փուլը հաջողությամբ հաղթահարած երկրների փոքր ու միջին բիզնեսին։ Սրանք դասագրքային ճշմարտություններ են։

Բագրատյանը լսել ու կարդացել է պրոգրեսիվ հարկման համակարգի մասին, բայց ակնհայտորեն լավ չի հասկացել, թե ինչպես, ինչ չափաբաժնով և ինչ նպատակով է պետք այն կիրառել։ Կամ էլ հասկացել է, բայց տեսնելով, որ հայաստանյան իշխանությունների նպատակներն այլ են խոշոր սեփականության մասով՝ փորձել է տեղավորվել կոնյունկտուրայի մեջ և ազատականության անվան տակ հաճոյանալ իշխանություններին՝ լավ աշխատանքի անցնելու հույսով։

Դատելով Հրանտ Բագրատյանի քաղաքական վարքագծից՝ կարող ենք ասել, որ նրա պատկերացրած ազատականությունն այն է, որ ինքը «քցի» իր երբեմնի թիմակիցներին, ուտի իրեն վարչապետ նշանակելու մասին իշխանությունների նետած «կուտը» և «նախագահի թեկնածու» աշխատի այն հաշվարկով, որ պարգևավճար կստանա աթոռի տեսքով։

Այ նման երևույթներից հետո է, որ մարդիկ հիասթափվում են ազատական գաղափարներից, քանզի տեսնում են, թե իրենց ազատական հռչակած գործիչներն իրականում ինչով են զբաղված։

Հանրության մեծամասնությունը շատ չի խորանում գաղափարախոսությունների մեջ, այլ գաղափարախոսությունների մասին դատում է կոնկրետ անձերի միջոցով։ Արդյունքում՝ ազատականությունը հայտնվել է մարգինալ կարգավիճակում ու դրա մեջ մեղքի իր բաժինն ունի նաև «Ազատություն» անունը կրող կուսակցության ղեկավարը։

Իրենց ազատական համարող արամզավենիչների, դավիթշահնազարյանների ու մյուսների պես Բագրատյանն էլ պարզապես անհաջողակ քաղաքական կոմերսանտ է կամ լավագույն դեպքում քաղաքականապես անմեղսունակ։ Թե որ տարբերակի հետ գործ ունենք Հրանտի պարագայում, էական չէ։ Էականն այն է, որ նա «100 քայլի» մասին խոսելուց առաջ պետք է շատ կարևոր մեկ քայլ աներ՝ նախագահական ընտրություններից առաջ նպաստեր հասարակական ու քաղաքական դաշտի համախմբմանը, որպեսզի դրանից հետո հնարավոր լինեին փոփոխությունը, այլ ոչ թե մտներ գեղամյանական տիրույթ ու հետո էլ ձայնը գլուխը գցեր, թե ընդդիմությանը տաշեղի տեղ չեն դնում և վարչապետի պաշտոնում թողնում են Տիգրան Սարգսյանին։ Վերջինիս քննադատելուց առաջ Հրանտը պետք է ձեռնպահ մնար նախընտրական փուլում նրա հետ տարատեսակ շոուների մասնակցելու պարտավորությունից (տե՛ս հոդվածին կից նկարը)։

Բոլորն էլ տեսան, թե ինչ արեց ազատականությունից, ժողովրդավարությունից ու երկրի փրկությունից խոսող Բագրատյանը։ Նա գնաց սեպարատ պայմանավորվածությունների, մոռացավ Սերժ Սարգսյանին «մուբարաքացնելու» և «թունիսացնելու» մասին սեփական հայտարարությունները ու մտավ մի խաղի մեջ, որը պարտության էր տանելու և՛ իրեն, և՛ ժողովրդին։ Այս պայմաններում գրոշի արժեք չունեն նրա քննադատություններն առ վարչապետ Տիգրան Սարգսյան, մանավանդ որ գաղափարապես նրանք նույն դաշտում են գտնվում։ Երկուսն էլ «հակաօլիգարխիկ» պայքարի կողմնակիցներ են։ Եվ այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու պետք է Ս. Սարգսյանը Տիգրան փոխարիներ Հրանտով։

Այնպես որ, բուրժուադեմկորտական հեղափոխությանը դեմ արտահայտվող, բայց միևնույն ժամանակ իրեն ազատական համարող Բագրատյանը քաղաքական ասպարեզից պետք է հեռանա Րաֆֆու ձեռքը բռնած, քանզի բովանդակային ու ֆունկցիոնալ առումով ոչնչնով չի տարբերվում «զորավարի» հետ միասին զբոսնելու և աղոթք անելու մեծ սիրահար «իրավատիրոջից»։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը