Լրահոս

26.04.2013 22:43


«Ազգային անբավարարվածության» զգացողությունը պետք է լքել

«Ազգային անբավարարվածության» զգացողությունը պետք է լքել

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օրը, ինչպես նաև դրան նախորդող և հաջորդող օրերին հայ ժողովրդի մոտ կարծես սրվում է «ազգային անբավարարվածության» զգացողությունը. սկսում ենք ավելի շատ անիծել այն բախտը, որը վիճակվել է մեր բազմադարյա և բազմաչարչար ժողովրդին, հայոյում ենք թուրքերին, որ մեզ սպանեցին, հայրենազրկեցին և թողեցին այս «երկու մետր» հողի վրա՝ զրկելով մեզ մեր կենսական տարածքներից, հետո հայոյում ենք ինքներս մեզ, որ չկարողացանք պահպանել մեր հայրենիքը և, ոչ ավել ոչ պակաս, հայրենիք ասելով ի նկատի ունենք ծովից ծով Հայաստանը, և վերջում, իհարկե, չենք մոռանում «հիշել» նաև ամբողջ աշխարհին, որը կարծես պարտավոր էր, բայց մեզ չօգնեց, ո՛չ պատմական Մեծ Հայք վերականգնել, ո՛չ էլ առնվազն այն չկորցնել: Անլուրջ է, երբ առաջ ենք քաշում մաքսիմալիստական ցանկություններ՝ փորձելով դրանք ի կատար ածել հենց «վաղը» և չկարողանալով՝ ընկնում ենք ինչ-որ դիպրեսիոն վիճակի մեջ: Կարծում եմ ժամանակն է, որ վերաիմաստավորենք մեր պատմությունը:

Ոչ ոք չի կարող հերքել, որ ժամանակին ունեցել ենք ծովից ծով Հայաստան, բայց ախր հարգելիներս դա 2000 տարի առաջ էր…

Մոռանա՞լ, իհարկե ո՛չ: Դա նույնիսկ քննարկման ենթակա չէ, բայց միևնույն ժամանակ պետք է հիշել, որ շուրջ 600 տարի պետականություն առհասարակ չենք ունեցել: Եկեք հիշենք, կամ էլ պատմական փաստերն իմի բերելով՝ պատկերացնենք, թե ինչ դժվարին կացության մեջ են ապրել մեր նախնիները այս դարերի ընթացքում և ինչ հերոսությամբ են կարողացել պահպանել մեր լեզուն, մշակույթը և ի վերջո ՄԵԶ:  Սա այն ժողովուրդն է, որը երկու-երեք կայսրության արանքում ցաքուցրիվ ընկած՝ կամաց-կամաց եկավ հասավ այնտեղ, որտեղ որ մենք այսօր կանք:

Ադրբեջանցիները երբեմն խոսում են այն մասին, որ Երևանը պատմական ադրբեջանական գավառ է և, որ ժամանակին հայերը փոքրամասնություն են կազմել այստեղ: Առաջին մասը մեկնաբանելն անգամ անիմաստ է, սակայն  ինչ վերաբերում է երկրորդ մասին, ապա պետք է ասել, որ 18-րդ դարի կեսերին դա իրոք այդպես էր: Այսինքն այս հարցում նրանք չեն ստում, ԲԱՅՑ մոռանում են նշել դրա պատճառների մասին: Մոռանու՞մ են ինչ է, որ 16-17-րդ դարերում Երևանն, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանը, հանդիսանում էր թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ, որն այդ ընթացքում ձեռքից ձեռք անցավ 14 անգամ, իսկ այդ ամբողջ ընթացում հայությունը, աքսորվում, գերևարվում և սրի էր մատնվում, որին հետևում էր  մուսուլմանական բնակչության` տարածաշրջանում հեռահար նպատակների համար բնակեցումը:  Այս մասին նույնիսկ խոսում է 19-րդ դարի ազգությամբ ադրբեջանցի պատմաբան, գրող Աբասղուլու Բակիխանովը` ասելով հետևյալ ուշագրավ տողերը. «16-րդ դարի սկզբին, երբ Սեֆյան արքայատոհմի հիմնադիր շահ Իսմայիլը գրավում է Երևանը, հրամայում է Իրաքի Բայաթ ցեղախմբի մի մասը բնակեցնել Էրիվանում` որպես բնական հենարան տեղական իշխանավորների համար»:  Երևանի պատմությունը միայն մեկ օրինակ է այն ամբողջ «ծաղկեփնջից», որը բաժին է հասել հայությանը:

Ինչևէ,  իսկ ոչ ոք չի ուզում հասկանալ, իսկ ավելի կոնկրետ կենտրոնանալ այն պատմական իրադարձություններին կամ էլ փաստերին, որոնց արդյունքում եղած մեղմ ասած քաոսի միջից մենք այնուամենայնիվ կարողացանք ստեղծել համեմատաբար փոքր, բայց մեծ հաշվով միատարր պետություն, իսկ կարճ ժամանակ անց մեծացնել մեր այս փոքրիկ, սակայն  հպարտ հայրենիքի սահմանները մոտ 12.000 կմ²-ով…

Անխոս կարելի է վիճել, որ մենք կարող էինք անել ավելին, բայց մի՞թե այն ինչի հասել ենք հերոսություն անվանել ևս չարժե: Կարծում եմ արժե: Այնպես որ սիրելիներս նայեք տարածաշրջանին, տարբեր պատկաման իրավիճակներին և հպարտացեք այն ժողովրդով, որին մասնատեցին, կոտորեցին, ջախջախեցին, բայց նա կրկին հառնել է անմահ փյունիկի պես և ձգտում է ավելիին: 

Ամեն ինչ դեռ առջևում է:

Էրիկ Երիցյան 

Այս խորագրի վերջին նյութերը