Տնտեսական

26.04.2013 15:12


Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցները մինչև մայիսի 2-ը «տեղի փողը» չեն վճարի

Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցները մինչև մայիսի 2-ը «տեղի փողը» չեն վճարի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր վաղ առավոտվանից «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները գործադուլ են հայտարարել։ Նրանք բողոքում են տոնավաճառի տնօրինության սահմանած աշխատանքային պայմանից՝ յուրաքանչյուր տաղավարի վարձակալության համար մոտ 150 հազ. դրամ վճարից։ Տոնավաճառի տնօրենն է Ռադիկ Սարգսյանը, ում հետ և հանդիպում էին պահանջում աշխատակիցները։ Մի քանի ժամ անց տոնավաճառի աշխատակիցների մոտ է գնացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը։ Նա խոսել է նաև Ռադիկ Սարգսյանի հետ: Ի վերջո, համաձայնության են եկել մինչև այս մայիսի 2-ը՝ մինչև վերջնական լուծման գալը, «տեղի փողը» չվերցնել։

Տոնավաճառի աշխատակիցները պատրաստն են վճարել օրենքով սահմանված հարկերը, բայց «տեղի փող» վճարելուց այլևս հրաժարվում են: Բանն այն է, որ, նրանց խոսքերով, Մաքսային անցակետում հագուստի ներկրման հարկերը բարձրացվել են, այս տոնավաճառն էլ մարդկանց շրջանում հայտնի է իր ցածր գներով, հետևաբար հագուստի գնի բարձրացման հաշվին անգամ չեն կարող այդ «տեղի փողը» տալ։

 

Տոնավաճառի աշխատակիցները մտադիր էին նաև երթով շարժվել դեպի նախագահական նստավայր։ Լուծում չստանալու դեպքում նրանցից շատերը նշել են, որ կբռնեն արտագաղթի ճամփան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը