Լրահոս

26.04.2013 16:42


Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Վիեննայում

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Վիեննայում

Ապրիլի 24-ին Վիեննայում տեղի ունեցան Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ:

Ավստրիայի հայկական կազմակերպությունների եւ ավստրիական հասարակայնության ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին Վիեննա քաղաքի կենտրոնում՝ Ֆրիդրիխ Շիլլերի հրապարակում, տեղադրված ավստրիացի գրող եւ մեծ հայասեր Ֆրանց Վերֆելի հուշարձանին:

Երեկոյան Վիեննայի Հայ առաքելական Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան պատարագ` ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի:

Պատարագի ավարտին` Ավստրիայում Հայաստանի դեսպանության, Վիեննայի հայկական կազմակերպությունների՝ Եկեղեցական վարչության, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության, Հայ ուսանողների միության, «Արարատ» սպորտային միության կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու բակում վեր խոյացող Հայոց Մեծ Եղեռնի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Ելույթով հանդես եկավ Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցու եկեղեցական վարչության նախագահ Հայկ Ազենբաուերը, ով ներկայացրեցվարչության այս տարվա նախաձեռնությունը. վարչությունը ձեռք է բերել գերմանացի կինոռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի 2010թ.-ին նկարահանած «ԱՂԵՏ» փաստավավերագրական ֆիլմի 300 օրինակ եւ, Հայոց ցեղասպանության 98-ամյակը խորհրդանշող համապատասխան փաթեթավորմամբ, ցեղասպանությունը ճանաչելու նամակ-հորդոր է հղել Ավստրիայի քաղաքական, լրատվական եւ մտավորական շրջաններին: Ֆիլմի նախադիտում-պրեմիերան Ավստրիայում տեղի էր ունեցել նախորդ տարի՝ Հայոց ցեղասպանության 97-ամյակի ոգեկոչման շրջանակներում, Ավստրիայում ՀՀ դեսպանության, եկեղեցական վարչության եւ Վիեննայի Künstlerhauskino-ի տնօրինության նախաձեռնությամբ:

Այնուհետեւ Հայոց ցեղասպանության եւ մոտեցող 100-ամյա տարելիցի խորհրդի շուրջ ելույթով հանդես եկավ Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, ով իր խոսքում, մասնավորապես, անդրադարձավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային արձագանքներին, ցեղասպանության հետեւանքների հաղթահարման, արդարության վերականգնման, Հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման, ինչպես նաեւ հայկական սփյուռքի կառույցների հզորացման, Հայաստանի ու արտերկրում ՀՀ դեսպանությունների հետ այդ կառույցների համագործակցության ակտիվացման խնդիրներին: 

Այս խորագրի վերջին նյութերը