Լրահոս

26.04.2013 17:02


ՀՀԿ–ական ներկայացած լրագրողին դպրոցի տնօրենները ընտրողներին ցուցակագրելու մանրամասներն են ներկայացրել

ՀՀԿ–ական ներկայացած լրագրողին դպրոցի տնօրենները ընտրողներին ցուցակագրելու մանրամասներն են ներկայացրել

a1plus.am–ը գրում է, որ Նոր Նորքի դպրոցների ուսուցիչները դժգոհում են՝ տնօրեններն իրենցից ավագանու ընտրություններում Հանրապետականի օգտին քվեարկողների ցուցակներ են ուզում։

Երեւանի 135 դպրոցի ուսուցչուհին ասում է՝ ամեն օր էլ տնօրենը ցուցակ է ուզում։ Նա չի ուզում ներկայանալ։ Ասում է. «Ես քիչ աշխատավարձ եմ ստանում, գոնե էդ աշխատավարձիս մնամ»։

Հանրապետական կուսակցության աշխատակից ներկայացած լրագրողին դպրոցի տնօրեն Գարեգին Ներսիսյանը հեռախոսով մանրամասներ է ներկայացնում. «Ընդհանուր շատ են, էս տեղամասում մոտ 400 մարդ։ Հիմնականը ես գրել եմ ընդեղ, հերթով գրել եմ, պատասխանատուն ով ա, քանի հոգի ա բերում»։

Շարունակում ենք ներկայայանալ իբրեւ ՀՀԿ-ական, եւ 197 դպրոցի գործավարը լավ չէր հիշում, թե հիշյալ ցուցակները որտեղ է ուղարկել՝ Նոր Նորքի թաղապետարա՞ն, թե Հանրապետական կուսակցության Նոր Նորքի գրասենյակ. «Երեքշաբթի օրը մենք կոլեկտիվի մեծ մասի ցուցակները, եւ ընտանիքի կազմով, արդեն ընտրողների քանակով ապահովված, ըտենց ուղարկել եմ»։

Ջրվեժում գտնվող 187 դպրոցի տնօրենն էլ է վստահեցնում, որ ունեն 100 հոգու ցուցակ, որոնք անկասկած իրենց ձայնը տալու են Տարոն Մարգարյանին։

Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գիտի, թե ինչու են Նոր Նորքի դպրոցների տնօրեններին նման հանձնարարականներ տվել Հանրապետական կուսակցության գրասենյակից՝ ավանդաբար այնտեղ Հանրապետականը ընտրություններում պարտվում է Բարգավաճ Հայաստանից։

«Արդյոք զարմանալի՞ է, որ դպրոցի տնօրենից ընտրացուցակ են ուզում, իհարկե, զարմանալի չէ, այլ բան է, որ դրա արդյունավետությունը չեմ տեսնում»,-ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

Տիկին Զոհրաբյանը մխիթարում է ցուցակում տեղ գտած մարդկանց՝ ոչ ոք ձեզ չի կարող ստուգել, քվեարկեք, ինչպես ձեր խիղճն է թելադրում։ Գալուստ Սահակյանը համաձայն է՝ ցուցակները ոչնչով չեն օգնի, քվեարկությունը գաղտնի է։ Բայց ցուցակներ հավաքելը, ըստ նրա, անօրինական չէ. «Եթե տնօրենն է անում, տնօրենի շրջապատն է, ուսուցիչներն են, ծնողներն են, էդ շրջանակներում պիտի աշխատանք տարվի»։

Այս խորագրի վերջին նյութերը