Լրահոս

03.07.2009 15:53


Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի արտաքին գործերի նախարար Դորա Բակոյանիսին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի արտաքին գործերի նախարար Դորա Բակոյանիսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Հունաստանի արտաքին գործերի նախարար Դորա Բակոյանիսին և նրան ուղեկցող պատվիրակությանը:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին, Նախագահ Սարգսյանն ասել է, որ նրա այցը լավ առիթ է՝ տեղում ծանոթանալու տարածաշրջանային խնդիրներին, քննարկելու Հայաստան-ԵԱՀԿ օրակարգային հարցերը, ինչպես նաև կարծիքներ փոխանակելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ:

«Մենք մեծապես կարևորում ենք համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, որը շարունակում է մեր տարածաշրջանում մնալ որպես կայունության ու խաղաղության ամրապնդող գործոն, ժողովրդավարության, մարդու իրավունքների զարգացման գործընթացի ակտիվ դերակատար»,- ընդգծել է Հանրապետության Նախագահը՝ վստահություն հայտնելով, որ ԵԱՀԿ գործող նախագահի այցը լրացուցիչ խթան կլինի համագործակցության զարգացման համար: Սերժ Սարգսյանը կարևորել է նաև ԵԱՀԿ-ում Հունաստանի նախագահությունը որպես Հայաստանի հետ բարեկամ երկիր:

Նշելով, որ Հայաստանը և Հունաստանը երկարատև բարեկամություն և պատմական ընդհանուր անցյալ ունեն, Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ երկու երկրների միջու առկա է շատ լավ փոխըմբռնում և քաղաքական համագործակցություն: Որպես ԵԱՀԿ նախագահող նա բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փոխգործակցությունը և այն արդյունքները, որոնց հաջողվել է հասնել: Ըստ Դորա Բակոյանիսի, հայ գործընկերոջ հետ այսօր ստորագրած համաձայնագիրը համագործակցության և արդյունավետ աշխատանքի նոր հնարավորություններ է ստեղծում:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությունը մեր երկրի կյանքի տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

Կողմերը մտքեր են փոխանկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հաստատակամ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերի արդյունքում ադրբեջանական կողմը վերջին ժամանակներս սկսել է ավելի հազվադեպ խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ռազմական ճանապարհի մասին: «Համարելով հանդերձ, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը որոշակիորեն դրական ընթացք է ստացել, ես, սակայն, գոհ չեմ բանակցությունների ընթացքից, որովհետև ադրբեջանական կողմը փորձում է ձևախեղել ինչպես բանակցությունների ընթացքը, այնպես էլ բուն հակամարտության էությունը», - նշել է երկրի ղեկավարը:

ԵԱՀԿ գործող նախագահը բարձր է գնահատել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները կարգավորելու ՀՀ Նախագահի նախաձեռնությունը: Նախագահ Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու մեր երկրի պատրաստակամությունը:

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է նաև ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ ԱԺ կողմից վերջերս հայտարարված համաներումը:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի արտգործնախարար տիկին Բակոյանիսի առանձնազրույցը:

Տես նաև...

Այս խորագրի վերջին նյութերը