Մեկնաբանություն

26.04.2013 18:39


Վլադիմիր Գասպարյանը ոստիկանապե՞տ է, գողակա՞ն, թե՞ խոստովանահայր (տեսանյութ)

Վլադիմիր Գասպարյանը ոստիկանապե՞տ է, գողակա՞ն, թե՞ խոստովանահայր (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, օրերս Գյումրիում կրակոցներ էին հնչել։ Կա մեկ զոհ և վիրավոր։ Ըստ տեղեկությունների՝ բերման են ենթարկվել նախկին քաղաքապետ ՀՀԿ–ական Վարդան Ղուկասյանի շրջապատը ներկայացնող մարդիկ։

Դեպքի առիթով Գյումրի կատարած այցելության ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, խոսելով ստեղծված իրավիճակի մասին, մասնավորապես նշել էր, թե իր առաջին տեղակալին զանգահարում են պագամավորներ, պաշտոնատար անձինք, ովքեր ասում են՝ էդ տղերքին մի՛, էլի, տարեք-բերեք, իրանք լավ տղերք են, բանավոր կասեն, բայց չգրեն, էլի, մի տեսակ ամոթ ա, էլի։

«Իմ խոսքն ա էղել՝ հիմա դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական, արա՛»,– իրեն հատուկ արտիստիկ ոճով լրագրողներին էր պատմել Վլադիմիր Գասպարյանը (տե՛ս կից տեսանյութը)։ 

«Անկախ» մամուլը շտապել է հիացական գնահատականներ տալ ոստիկանապետին ու խոսել այն մասին, թե իբր Գասպարյանը գողական աշխարհի դեմ սրբազան պատերազմի է դուրս եկել, և շուտով Հայաստանը օրինապաշտության ոսկե դարաշրջան է թևակոխելու։

Նկատենք, սակայն, որ «քաղաքացիականության» և «արևմտամետության» ռահվիրաներ ներկայացող ԶԼՄ–ները ճիշտ կանեին, որ մի շարք հարցադրումներ բարձրացնեին ոստիկանապետի հայտարարության կապակցությամբ, այլ ոչ թե նրա PR–ով զբաղվեին։

Եթե Գասպարյանը, իրոք, ուզում է պայքարել գողական երևույթների դեմ, ապա պետք է ոչ թե անորոշ հայտարություններ աներ պատգամավորների ու պաշտոնյաների մասին, այլ տար որոշակի անուններ, այլապես ստացվում է շոու։ Հանրությունը պետք է տեղյակ լինի, թե այդ ովքեր են ուզում հանցագործների համար միջնորդել։ Հակառակ պարագայում կարելի է կասկածել, որ ոստիկանապետը հեռուստախցիկների առաջ պարզապես ինքնաքարոզչությամբ է զբաղվել և փորձել «Կոմիսար Կատանի» խաղալ։

Իրենց հերթին ԱԺ ու գործադիր մարմինների ղեկավարները ոստիկանապետից պետք է պահանջեն բացահայտել հեռախոսով «լավ տղերքի» համար միջնորդողների անունները, կամ էլ Գասպարյանը պետք է հերքի իր ասածները։

Ոստիկանապետը «բոչկա» է գլորել օրենսդիր և գործադիր մարմինների վրա՝ նշելով, որ այնտեղ կան հանցագործներին հովանավորողներ, բայց անուններ չի տվել։ Ուստի պետք է Գասպարյանից անուններ պահանջել, իսկ անունների հրապարակումից հրաժարվելու դեպքում նրան խստորեն քննադատել։

Ի դեպ, հենց գողական մտածողության շրջանակներում է ընդունված օրինախախտ մարդկանց դեմ «գործ չտալը» ու անուններ չհրապարակելը։ Գողականների դեմ պայքարող Վլադիմիրը հենց այդպես էլ վարվել է։

Իսկ եթե Աստծո անունը հաճախ տվող և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մոմավառություն կազմակերպելու սիրահար «զորավարը» չի ուզում անուններ տալ այնպես, ինչպես խոստովանահայրն է գաղտնի պահում այլոց ասածները ու իրեն դիմողների ով լինելը, ապա սա արդեն լրիվ ուրիշ պատմություն է, ու ոչ մի կապ չունի աշխարհիկ կանոնների և օրինականության հետ։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ գործ ունի «հոգևորականը» բռնության կիրառման լեգիտիմ իրավունք ունեցող պետական կառույցում։ Ինչևէ։

«7օր»–ը ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից ցանկացել է ճշտել, թե խոսքը կոնկրետ ո՞ր պատգամավորների կամ պաշտոնյայի մասին է, ո՞վ է զանգահարել ոստիկանապետի առաջին տեղակալին և դիմել հանցագործների հետ «խառոշիով» վարվելու խնդրանով։ Ա. Ահարոնյանը, սակայն, հրաժարվել է անուններ տալուց՝ ընդգծելով, որ զանգել և խոսել են ոստիկանապետի առաջին տեղակալի հետ, և ինքը չէ, որ մարդկանց անձնական զրույցները պետք է պարզաբանի՝ խորհուրդ տալով անունները ճշտել ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանից։

Ուշագրավ է, որ Պողոսյանի աշխատակազմից էլ խորհուրդ տվեցին մեզ հետաքրքրող հարցով դիմել ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը։ Նորից կապվեցինք Ահարոնյանի հետ։ Նա մեզ խոստացավ աշխատավայր հասնելուն պես զանգահարել, բայց այդպես էլ չզանգահարեց։ Մեր հետագա զանգերին արդեն Ահարոնյանը չպատասխանեց, ու մի որոշ ժամանակ անց բաժանորդն անհասանելի դարձավ։ Ստացվեց փակ շրջան։

Փաստորեն, «անկախ» մամուլի սիրելին դարձած ու գողական աշխարհի դեմ իբր պայքարի ելած ոստիկանությունից չհաջողվեց պարզել, թե ովքե՞ր էին այդ վատ պատգամավորներն ու պաշտոնյաները, բայց փոխարենը մեզ համար պարզեցինք, որ դերասանական մեծ տաղանդ ունեցող Վլադիմիր Գասպարյանը լրջորեն զբաղվում է սեփական PR–ով։ Եթե պետք է, ապա նա աղոթում է «իրավատիրոջ» հետ, եթե պետք է, առանց անուն տալու պայքարում է գողական աշխարհի ու չարաճճի պատգամավորների դեմ։ Կարևորը տվյալ դեպքում ձևն է ու արտաքին փայլը։ Մնացածով զբաղվում են արդեն «խիստ ընդդիմադիր» և «անվերահսկելի» մամուլի միջոցները։

Արեգնազ Մանուկյան

Հ.Գ.։ Հետաքրքիր է, իսկ ի՞նչ կարծիքի է Վլադիմիր Գասպարյանն ընտրությունների ժամանակ բազմակի քվեարկություններ իրականացնողների, կեղծ անձնագրերով ձայներ ապահովողների, ուռճացված ընտրացուցակները կազմողների և այդ ամենը կազմակերպողի մասին։ 

Լավ կլիներ, որ գողական աշխարհի դեմ պայքարին զուգահեռ ոստիկանությունը անողոք պայքար մղեր նաև Աստծո ձայն համարվող «ձայն բազմացը» կեղծողների դեմ։ Ամենամեծ գողությունը քվեի գողությունն է։ Այնպես որ, գողական աշխարհի ներկայացուցիչներ են նախևառաջ տոկոս «խփողները», որոնց դեմ պայքարելիս ոստիկանապետը, թերևս, մոռանում է տերունական աղոթքի մասին ու իրեն պահում գողական մարդու պես։ 

 

Այս խորագրի վերջին նյութերը