Լրահոս

27.04.2013 13:13


Պարզաբանում. նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը

Պարզաբանում. նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը

«Հրապարակ» օրաթերթի` 2013թ. ապրիլի 18-ի համարում հրապարակվել էր «Խարդախ փաստաբանների և ԱԱԾ քննիչի վտանգավոր խաղերը» վերտառությամբ հոդված, որի բովանդակությունը գրեթե ամբողջությամբ համընկնում է տվյալ գործով շահագրգիռ անձի` Համլետ Ավետիսյանի` դատախազությանն ուղղված բողոքների բովանդակությանը: Իսկ վերջինս բողոքում ներկայացրել է «փաստեր», որոնք չեն համապատասխանում քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված հանգամանքներին:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ 2010թ. նոյեմբերի 22-ին, ՀՀ ԿԱ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունից ստացված նյութերի հիման վրա, ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` Վլադիմիր Լևոնի Թուրաբյանի կողմից մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց համաձայնության ապօրինի հավաքելու և իրեն վստահված ուրիշի` խոշոր չափերի գույքը յուրացնելու դեպքերի առթիվ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Վլադիմիր Թուրաբյանը, 2009-2010 թվականների ընթացքում հայտարարություն զետեղելով «Գինդ» և «Ինֆո մարկետ» թերթերում, հանդես գալով որպես մասնավոր խուզարկու, համապատասխան վճարի դիմաց ընդունել է մասնավոր անձանց պատվերներ և ապօրինի կարգով հետևել, տեսանկարահանել ու լուսանկարել է համապատասխան «օբյեկտների», մասնավորապես` կնոջ պատվերով ամուսնուն` օգտագործելով իր ծանոթ պաշտոնատար անձանց հնարավորությունները, նրանց վերաբերյալ հավաքել անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ:

Միաժամանակ նախաքննություն է կատարվել նաև Վլադիմիր Թուրաբյանի կողմից 2010 թվականի սկզբներին ՌԴ քաղաքացի Մարինա Դրանիկովային փոխանցելու նպատակով ստացված, ՀՀ քաղաքացի Համլետ Ասատրյանի որդու` Կարեն Ավետիսյանի և Մարինա Դրանիկովայի համատեղ սեփականությունը հանդիսացող բնակարանի վաճառքից գոյացած 2.500 ԱՄՆ դոլար գումարը յուրացնելու դրվագով, որի քննության արդյունքներով ստացված ապացույցների վերլուծությամբ և համադրությամբ պարզվել է, որ Մարինա Դրանիկովան տեղյակ է եղել Վլադիմիր Թուրաբյանի կողմից 2.500 ԱՄՆ դոլարի ստացման մասին, որը եղել է նրա հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, և այն վերջինիս կողմից պահվել է` որպես կատարված աշխատանքի վարձատրություն:

Ավելին, Մարինա Դրանիկովան Համլետ Ավետիսյանից պետք է ստանար համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանի վաճառքից գոյացած գումարից 18.000 ԱՄՆ դոլար, սակայն ստացել է 15.000 ԱՄՆ դոլար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ 2.500 ԱՄՆ դոլարն արդեն իսկ տրվել է Վլադիմիր Թուրաբյանին, ինչից ելնելով էլ քննիչի` 2011թ. հուլիսի 7-ի որոշմամբ վիճարկվող հարցը դիտարկվելով իբրև քաղաքացիաիրավական հարաբերություն` քրեական գործի մասը կարճվել է` հանցակազմի բացակայության հիմքով, որի վերաբերյալ Համլետ Ավետիսյանը տեղեկացվել է:

Վլադիմիր Թուրաբյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արաք կատարելու մասով քրեական գործով, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի` 2012թ. հունվարի 13-ի դատավճռով վերջինս դատապարտվել է կալանքի` 1 ամիս ժամկետով:

Հետագայում` տևական ժամանակ անց, Հրապարակ օրաթերթի` 2013թ. ապրիլի 18-ի համարում «Խարդախ փաստաբանների և ԱԱԾ քննիչի վտանգավոր խաղերը» վերտառությամբ հրապարակվել է հոդված, որի բովանդակությունը, ինչպես արդեն նշել ենք, գրեթե ամբողջությամբ համապատասխանում է Համլետ Ավետիսյանի` 26.04.2012թ. և 13.04.2013թ. ՀՀ գլխավոր դատախազին հասեագրված բողոքների բովանդակությանը, որոնց ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան վարչության դատախազի կողմից 02.04.12թ. և 16.04.2013թ. տրվել են պարզաբանումներ: Իսկ Համլետ Ավետիսյանն իր բողոքներում ներկայացրել է «փաստեր», որոնք չեն համապատասխանում քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված հանգամանքներին:

Զանգվածային լրատվամիջոցն առանց որևէ լրագրողական հետաքննություն կատարելու և պարզելու, թե Համլետ Ավետիսյանի բերած փաստարկները համապատասխանում են արդյոք իրականությանը, թե` ոչ, ուղղակի որոշակի հատվածներ է մեջբերել վերջինիս բողոքից:

Այսպես, հոդվածում նշվել է, որ «քրեական գործի վարույթի մասը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման մեջ քննիչն ընդգծում է, որ Դրանիկովան Վ. Թուրաբյանին չի լիազորել ստանալ 2500 ԱՄՆ դոլար»:

Մինչդեռ որոշման մեջ նման  շարադրանք չկա, իրականում նշվել է, որ քննության ընթացքում Համլետ Ավետիսյանը հայտնել է, որ Վլադիմիր Թուրաբյանը հանդես է եկել որպես ՌԴ քաղաքացի, Մարինա Դրանիկովայի վստահված անձ:

Ինչ վերաբերում է 21.05.2008թ. Վլադիմիր Թուրաբյանի և Մելս Մանուկյանի կողմից 2500 ԱՄՆ դոլար գումարը համատեղ, ստորագրությամբ ստացականով ստանալուն, ապա ըստ գործի տվյալների` վերջիններս պարտավորվել էին այդ գումարը վերադարձնել Մարինա Դրանիկովային:

Բացի այդ, թե ինչի հաշվին էր գոյացել 2500 ԱՄՆ դոլարը` բնակարանի վաճառքից, թե` տոկոսով վերցնելու արդյունքում, տվյալ գործի փաստերի շրջանակներում քննության համար կարևոր հանգամանք չի դիտվել` հաշվի առնելով, որ Համլետ Ավետիսյանը Մարինա Դրանիկովային պետք է վերադարձներ 18.000 ԱՄՆ դոլար, որը նախատեսվել էր ամուսնալուծության կապակությամբ ծագած վեճի լուծման արդյունքներով:

Քննիչը գործի օբյեկտիվությունը, լրիվությունը և բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն է ուղարկել ՌԴ իրավապահ մարմիններին` Մարինա Դրանիկովային հարցաքննելու նպատակով:

Մարինա Դրանիկովան իր ցուցմունքում հայտնել է, որ տեղյակ է եղել Վլադիմիր Թուրաբյանի կողմից այդ գումարի ստացման մասին, և որ դա եղել է իր հետ պայմանավորվածության համապատասխան` որպես կատարած աշխատանքի վարձատրություն: Վերջինս Համլետ Ավետիսյանից պետք է ստանար 18 000 ԱՄՆ դոլար, սակայն ստացել է 15 500 ԱՄՆ դոլլար, քանի որ մնացած 2500 ԱՄՆ դոլար գումարը վճարվել էր Վլադիմիր Թուրաբյանին:

Քննիչն իր ներքին համոզմամբ գնահատել է հավաքված ապացույցները և եկել եզրահանգման, որ գործով չի հիմնավորվել Վլադիմիր Թուրաբյանի կողմից խարդախության, վստահությունը չարաշահելու եղանակով Համլետ Ավետիսյանի գույքը` 2500 ԱՄՆ դոլար գումարը, հափշտակելու փաստը, և որ Համլետ Ավետիսյանի կողմից գումարի պահանջը կրում է քաղաքացիաիրավական հարաբերությունների բնույթ, ուստի, ինչպես արդեն նշել ենք, քրեական գործի վարույթի մասը` Վլադիմիր Թուրաբյանի կողմից խարդախություն կատարելու վերաբերյալ, կարճվել է` հանցակազմի բացակայության հիմքով, իսկ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 13.01.2012թ. դատավճռով Վլադիմիր Թուրաբյանը, վերոհիշյալի հետ չառնչվող այլ հանցավոր արարք կատարելու համար, ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով (մարդու անձնական և ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության ապօրինի հավաքելը) դատապարտվել է կալանքի` 1 ամիս ժամկետով:

Եթե անձը համաձայն չէ քննիչի իրավական գնահատականների հետ, ապա դատական կարգով կարող է բողոքարկել այն:

Ինչ վերաբերում է հոդվածում նշված այն հանգամանքին, որ հսկող դատախազն իրեն ընդամենը պարզաբանել է, որ քրեական գործի հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դատախազի կողմից կարող է վերացվել` որոշման պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում, ապա հսկող դատախազն իրականում նրան տվել է օրենքի պահանջներից բխող սպառիչ պարզաբանում` ինչպես բողոքն առանց քննության թողնելու պատճառների, այնպես էլ բողոքարկման սահմանված ժամկետներն անցած լինելու վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազություն

Այս խորագրի վերջին նյութերը