Մեկնաբանություն

27.04.2013 13:15


Իշխանությունը, օլիգարխիան և ընդդիմությունը

Իշխանությունը, օլիգարխիան և ընդդիմությունը

Իշխանական քարոզչամեքենայի տարածած հեքիաթի համաձայն՝ իշխանությունն ուզում է պայքարել օլիգարխների դեմ և այդ հարցում ունի ընդդիմության աջակցության կարիքը (էլ չխոսած «քաղաքացիական» հասարակության աջակցության մասին)։

«Անկախ» լրատվամիջոցներն «իշխանություն» ասելով հասկանում են Սերժ Սարգսյանին ու Տիգրան Սարգսյանին, «օլիգարխ» ասելով՝ իշխանության «չար» թևին ու բոլոր խոշոր սեփականատերերին, իսկ «ընդդիմություն» ասելով՝ «զորավարի» վկա Րաֆֆի Հովհաննիսյանին, նրա թիմին և այդ թիմին կցված քաղաքական դաշտի արտադրական թափոններին։ Նկատենք, որ այս առումով առնվազն երկու կատեգորիա հստակեցման կարիք ունի։

Այն, որ Հայաստանում քաղաքական իշխանությունը ներկայացված է Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի տեսքով, վիճելու բան չկա։ Բուրգի գագաթին այս երկուսն են։ Հետևաբար՝ վերջին հինգ տարին երկրում տիրող գաղջ մթնոլորտի, տնտեսական ցուցանիշների, արտագաղթի և արտաքին քաղաքական ձախողումների գլխավոր պատասխանատուները նրանք են՝ յուրաքանչյուրն իր մասով։ Այլ պատասխանատուների փնտրտուքից պատվերի հոտ է գալիս։

Իշխանության չար թևի և նշյալ զույգին իբր խանգարող մութ ուժերի մասին շրջանառվող ստերը միգուցե համոզիչ կարող են թվալ մանկապարտեզի երեխաների, բայց ոչ հասուն մարդկանց համար։

Ինչ վերաբերում է օլիգարխիային ու ընդդիմությանը, ապա այս առումով «անկախ» մամուլը, օգտագործելով «իշխանությունը պետք է պայքարի օլիգարխիայի դեմ» ձևակերպումը, մանիպուլյացիաների է դիմում և փորձում քողածածկել նեոբոլշևիկյան քաղաքականություն վարող իշխանության իրական նպատակները։

Օլիգարխիան և «օլիգարխիան»

Առիթ ունեցել եմ ասելու, բայց կրկնեմ. «օլիգարխիան» բացառապես քաղաքական կատեգորիա է։ Այնպես, ինչպես մարդու քաշը չափվում է կիլոգրամով, իսկ հասակը՝ սանտիմետրով, այնպես էլ քաղաքականության մեջ երևույթներն ունեն իրենց չափման միավորները և հստակ սահմանված կատեգորիաները։

Չի՛ կարելի ասել, թե ես աթոռին սեղան եմ ասում, իսկ սեղանին՝ աթոռ։ Աթոռին պետք է աթոռ ասել, սեղանին՝ սեղան, իսկ օլիգարխին՝ օլիգարխ։ Այս տեսանկյունից հնարավոր չէ գյուտ հնարել, այն էլ՝ մարդկության կողմից ստեղծած քաղաքական դպրոցի տարրական դասարանները չավարտած Հայաստան պետությունում։

Եթե բոլորի համար ընդունելի է այն, որ Հայաստանում կլանաօլիգարխիկ համակարգ է, ապա պետք է միանշանակ ընդունելի լինի նաև այն, որ օլիգարխներ են իշխանության կրողները՝ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը։ Այլ տարբերակ չի կարող լինել։ Հայաստանում «օլիգարխիայիա» ձևակերպման տակ այլ բան հասկացողները Արիստոտելին ու հին հունական փիլիսոփաներին հարկադրում են մի քանի անգամ շրջվել գերեզմանում։

Պետական կառավարման ոլորտում քաղաքական որոշումների կայացման լծակներ չունեցողներին օլիգարխ համարելն առնվազն անգրագիտություն է։

Մի կողմից պնդել, թե Հայաստանում կլանաօլիգարխիկ կամ քրեաօլիգարխիկ համակարգ է, բայց միևնույն ժամանակ հայտարարել, թե իշխանությունն ու օլիգարխիան տարանջատված են, և իշխանությունը պետք է պայքարի օլիգարխիայի դեմ, նույնն է, թե մարդուն տարանջատես իր անունից և ակնկալես մարմնի պայքարն անվան դեմ։

Ուրեմն մեկընդմիշտ պետք է ամրագրել՝ օլիգարխիան ոչ թե տնտեսական կամ բիզնեսի, այլ քաղաքական կատեգորիա է։ Փողի կամ սեփականության մեծությամբ չի որոշվում այս կամ այն մարդու օլիգարխ լինելը։ Եթե նույնիսկ ոմանց քիմքին հաճելի է նմանատիպ չափորոշիչը հիմք ընդունել, ապա Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը կրկին մրցակցությունից դուրս են, քանզի Հայաստանի ամենահարուստ մարդկանցից են, և դա այն դեպքում, երբ նրանք ՀՀ անկախությունից ի վեր եղել են պետական համակարգում և լեգալ ճանապարհով չէին կարող հարստություն կուտակել։ Նրանց բիզնեսը պետությունն է, իսկ շրջանառու միջոցները՝ պետական բյուջեն. օլիգարխիայի գործունեության դասական տարբերակ։

Եվ այսպես, օլիգարխիան՝ խմբիշխանությունը, քաղաքական կառավարման ձևին վերաբերում է ճիշտ այնպես, ինչպես դեմոկրատիան կամ տիրանիան։ Եվ ուրեմն՝ օլիգարխներեն Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը և իշխող նեղ խմբի մեջ մտնող անձինք։ Ոչ մի ուրիշ օլիգարխ կոչված, ոչ մի պաշտոնյա, ոչ մի պատգամավոր, ոչ մի մականունավոր չունի քաղաքական որոշումներ կայացնելու և պետության հսկայական միջոցները տնօրինելու հնարավորություն։ Ամբողջը կենտրոնացված է իրական օլիգարխիայի՝ գործադիր մարմնի ղեկավարներ Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի ձեռքերում։

Իշխանությունը հիմա կեղծ թիրախներ է հրամցնում, որպեսզի հանրային ուշադրությունն շեղի իրական խնդիրներից ու իրական պատասխանատուներից։ Ըստ նրանց՝ մեղավոր ու չար են բոլորը, իսկ իրենք սուրբ են, քանզի հաճախ են տալիս Աստծո անունը։

Դեմագոգիայի դրսևորումներից է, օրինակ, Տիգրան Սարգսյանին կոչ անելը կամ «ստիպելը», որ պայքարի օլիգարխների կամ կոռումպացված պաշտոնյաների դեմ։

Տիգրան Սարգսյանը վերջին տարիներին փոշիացրել է դրսից վերցված ավելի քան 3 մլրդ դոլար վարկը, տարիներ շարունակ զբաղված է եղել դոլար–դրամ խաղացնելով, կասկածելի էժան գնով վաճառել է Հայաստանի պահուստային ոսկիները, վարչապետ նշանակվելուն հաջորդած ամիսներին մսխել է նախորդ կառավարությունից ստացած շուրջ 300 մլն դոլարի բյուջետային պրոֆիցիտը՝ այդ ընթացքում հաջողացնելով ՀՀ տնտեսության ծավալներն աննախադեպ թափով կրճատել։ Հիմա այս օլիգարխը պետք է պայքարի կոռումպացված պաշտոնյաների դե՞մ։ Դա եփած հավի մոտ ոչ միայն ծիծաղ, այլև հռհռոց է առաջացնում։

Եփած հավի մոտ ոչ պակաս հռհռոց է առաջանում նաև այն ժամանակ, երբ «անկախ» մամուլը Տիգրան Սարգսյանից պահանջում է պայքարել բիզնեսի ու իշխանության տարանջատման համար։ Դա նույնն է, թե ֆաշիստներից պահանջես հրեաների իրավունքների պաշտպանություն, իսկ երիտթուրքերից՝ հայասիրություն։

Րաֆֆի այնքանով է ընդդիմություն, որքանով վարչապետը՝ բարեպաշտ

Կամակատար ընդդիմությունն օլիգարխիկ իշխանություններին հարկավոր է «Ընդդիմությունը պահանջում է, իսկ իշխանությունը կատարում է» էժանագին շոուի կազմակերպման և սեփական ծրագրերը կյանքի կոչելու համար։ Այդ իսկ նպատակով «երկխոսացվել» է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Իշխանությունները, տարբեր նպատակներով, փորձեցին ու փորձում են փչել «իրավատիրոջը», սակայն միևնույն է՝ ոչինչ չստացվեց ու չի ստացվում։ Ընդդիմությունը ոչ նշանակովի և ոչ էլ ԱԺ կանոնակարգ օրենքով հայտարարովի բան է, որ ժողովրդին խաբես։ Ընդդիմություն չեն դառնում նաև սրտաճմլիկ, «կրոնական» ու ահասարսուռ հայտարարություններով։

Դիակ դառնալու խոստումն ու Տիգրան Սարգսյանի համար «ժողովրդի» անունից պաշտոններ պահանջելն անհամատեղելի են։ Ընտրակեղծիքների դեմ խոսելն ու «զորավարի» պաշտոնանկության հարցը թողած՝ Կրթության նախարարի հետևից ընկնելը կապ չունի ընդդիմադիր գործունեության հետ։ Արտագաղթից ու անգործությունից խոսելու և Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջելու փոխարեն, ասենք, Վերահսկիչ պալատի ղեկավարումը պահանջելը շարքային «դհոլություն» է։

Որքան էլ Րաֆֆին դեմքի խրոխտ արտահայտությամբ ձգտի հեղափոխական երևալ, միևնույն է՝ նրա բարևի մեջ արև չկա։

Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է ավարտվում «հանուն վեհ գաղափարների» գործարքների գնալու պատրաստակամություն հայտնած «թունդ ընդդիմադիր» դեմքերի գործունեությունը։ Արտաշես Գեղամյանի, Արթուր Բաղդասարյանի, Նիկոլ Փաշինյանի, Դավիթ Շահնազարյանի, Պարույր Հայրիկյանի, Արամ Սարգսյանի և մյուս մանր ու միջին «արմատականների» հետ տեղի ունեցածը բոլորիս աչքի առաջ է։

Ի դեպ, Րաֆֆին ամենաանտաղանդ հաճախորդը դուրս եկավ։ ԱԺ ընտրությունների ժամանակ պետական ամբողջ մեքենան աջակցում էր նրան հնարավոր բոլոր ձևերով, բայց Բաղրամյան 26–ի դրածոներով համալրված «Ժառանգության» ցուցակը մի կերպ հաղթահարեց անցողիկ շեմը։ Դե, իսկ նախագահական «ֆեյք» ընտրություններին «օդից ընկած» 540 հազ ձայնը Րաֆֆին քամուն տվեց ընդամենը 1,5 ամսում։ Վերջին հանրահավաքի ժամանակ անձրևը մաքրեց Րաֆֆու բոլոր հետքերն Ազատության հրապարակից, և փուչիկը պայթեց դեռ մինչև վերջ չփչված։

Հիմա Րաֆֆին ու իր թիմը շարունակում են զբաղվել հին գործով՝ ընդդիմադիր դիրքերից պայքարում են ՀՀԿ–ի մրցակիցների՝ ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի ու ՀԱԿ–ի դեմ։ Իսկ դա նշանակում է, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Ժառանգությունը» կրկին հայտնվելու է անցողիկ շեմը հաղթահարել–չհաղթահարելու խնդրի առաջ։

Ինչ վերաբերում է իրական ընդդիմությանը, ապա այն ուժն է ընդդիմադիր, որը դեմ է իշխանությունների վարած նեոբոլշևիկյան քաղաքականությանը և կողմ է մասնավոր սեփականության պաշտպանության վրա հիմնված մրցակցային տնտեսական ու քաղաքական հարաբերություններ ձևավորելուն։ Եթե այս կոդերն ենք հիմք ընդունում, ապա ընդդիմադիր դաշտը հստակեցվում է, և պարզ է դառնում, թե ով ով է։

Ընդդիմությունը հավայի հաչելը, Հիսուսի թաղումը մեկ րոպե լռությամբ հարգելն ու ընտրակեղծարար «շրջիկ խմբերի» զորավարի հետ Ծիծեռնակաբերդում աղոթք անելը չէ։ Ընդդիմությունը գաղափարական հակասություն է ենթադրում։ Իսկ դա նշանակում է, որ գեղամյանություն անելը որևէ կապ չի կարող ունենալ ընդդիմադիր գործունեության հետ։

Ամփոփում

Օլիգարխիայի դեմ պայքարից խոսող իշխանություններն ու նրանց կցված ԶԼՄ–ներն իրականում դեմագոգիայով են զբաղված։ Փորձ է արվում նեոբոլշևիկյան քաղաքականությունը տեղավորել առաջադեմ փաթեթավորման մեջ և գնալ գերկենտրոնացված տնտեսաքաղաքական համակարգ ստեղծելու ուղղությամբ։ Այսինքն՝ ստեղծել թուրքմենբաշիական հարաբերություններ։

Օլիգարխիան բացառապես քաղաքական երևույթ է և վերաբերում է բացառապես քաղաքական իշխանությանը։ Իսկ դա նշանակում է, որ իշխանությունը (այն էլ՝ կառավարելի «ընդդիմության» աջակցությամբ) չի կարող պայքարել օլիգարխիայի դեմ և ցանկանալ իշխանության ու բիզնեսի տարանջատում, քանզի այդ դեպքում գործ կունենանք խարակիրի երևույթի հետ։

Մի հատ վարչապետի դեմքին նայեք. նա պատրա՞ստ է խարակիրիի։ Չեմ կարծում։ Տիգրանն այդքան տարի շարունակ չի կուտակել, որպեսզի խարակիրի անի ու երջանկացնի հայ ժողովրդին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը