Լրահոս

27.04.2013 14:00


Սերժ Սարգսյանն ընդունել է ուկրաինացի պատմաբան-հայագետ Իրինա Գայուկին

Սերժ Սարգսյանն ընդունել է ուկրաինացի պատմաբան-հայագետ Իրինա Գայուկին

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանն ապրիլի 27-ին ընդունել է պատմաբան-հայագետ, «Հայոց մշակույթն Ուկրաինայում» հանրագիտարանի եւ յոթանասունից ավելի գիտական հոդվածների հեղինակ Իրինա Գայուկին:

Ողջունելով հյուրին, նախագահը բարձր է գնահատել հայ ժողովրդին եւ հայոց պատմությանը նվիրված նրա գիտական գործունեությունը եւ շնորհակալություն հայտնել այն կարեւոր աշխատանքի համար, որ որպես հայագետ, տարիներ ի վեր իրականացնում է տկն. Գայուկն Ուկրաինայում: Սերժ Սարգսյանն ընդգծել է հատկապես «Հայոց մշակույթն Ուկրաինայում» հանրագիտարանում նշված փաստերի միջոցով հայ-ուկրաինական հարաբերությունները, երկու ժողովուրդների բարեկամությունը, Ուկրաինայում հայկական մշակութային ժառանգությունը համակողմանիորեն ներկայացնելու ուղղությամբ մասնագիտական բարձր որակով ու նվիրումով արված աշխատանքը: Նկատի առնելով այս ամենը՝ նախագահ Սերժ Սարգսյանը հայ-ուկրաինական մշակութային կապերի զարգացման եւ ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Իրինա Յակովի Գայուկին պարգեւատրել է Մովսես Խորենացու մեդալով: Հանրապետության Նախագահը շնորհավորել է տկն. Գայուկին՝ Հայաստանի պետական բարձր պարգեւի արժանանալու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ հետագա աշխատանքում:

Իրինա Գայուկը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը նման բարձր գնահատականի արժանացնելու համար եւ ընդգծել, որ հաճույքով է իրականացնում իր աշխատանքը եւ մեծագույն հարգանք է տածում հայ ժողովրդի ու նրա դարավոր պատմության եւ մշակույթի նկատմամբ: Ուկրաինացի պատմաբան-հայագետը նշել է, որ դեռեւս շատ աշխատանք ունի իրականացնելու եւ շարունակելու է իր հնարավորությունների չափով նպաստել աշխարհին հայոց մշակութային ժառանգությունն ու պատմությունը ներկայացնելու կարեւոր գործին:

Այս խորագրի վերջին նյութերը