Մեկնաբանություն

28.04.2013 10:30


Կրիմինալն օգնության է հասնում իշխանությանը

Կրիմինալն օգնության է հասնում իշխանությանը

Իշխանությունն ու նրան կցված լրատվամիջոցները նոր թեմա են դրել շրջանառության մեջ։ Կրիմինալի թեման։ Այսինքն՝ «հակաօլիգարխիկ» դեմագոգիային ավելացել է «հակակրիմինալը»։ Իսկ դա նշանակում է, որ հերթական հեքիաթը ստեղծելու և հանրային ուշադրությունը արհեսատածին խնդրով շեղելու հնարավորություն է ստեղծվել։ Իշխանության չար և բարի թևերի մասին պատումները նոր դրսևորումներ են ստանում։

Վերջին օրերին շատացել են «Խփենք կրիմինալին, փրկենք հայրենիքը» տիպի կոչերը։ Դրանց հեղինակները նույն այն մարդիկ են, ովքեր մի ժամանակ գոռում էին «Ստորագրենք հայ–թուրքական արձանագրությունները, փրկենք հայրենիքը», հետո գոռացին «Խփենք տոկոսը, փրկենք հայրենիքը»։

Ինչպես «հակաօլիգարխիկ» պայքարում, այնպես էլ այս դեպքում փորձ է արվում գործող նախագահին տարանջատել վատ մարդկանցից և նրան ներկայացնել հանրային շահերը սպասարկողի դերում։

Գաղջ մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն այժմ հայտարարված է կրիմինալը, որը, «պաշտոնական» մամուլի փոխանցմամբ, իր դժվար օրերն է ապրելու, քանզի ՀՀԿ ղեկավարը վճռական է տրամադրված, իսկ «զորավարը»՝ մարտական։

Սա այն դեպքն է, երբ կարելի է ասել, որ եթե Գյումրիի կրակոցները չլինեին, ապա դրանք պետք էր հորինել, քանզի իշխանությունները PR–ի կարիք միշտ են զգում։ Դա հատկապես անհրաժեշտ է հացի բացակայության դեպքում։

«Օլիգարխների» հետ միասին «բոբոյի» դերում ներկայացնելով կրիմինալին՝ Բաղրամյան 26–ն ընդլայնում է «ժողովրդի թշնամիների» ցուցակը և կրճատում երկրում տիրող սոցիալ–տնտեսական վիճակի համար սեփական պատասխանատվության շրջանակը։ Կրիմինալով ավելի հեշտ է բացատրելը, թե ինչու է ամեն ամիս համալրվում Տիգրան Սարգսյանի սիրած «Հայկական աշխարհը»։

Կրակոցներն իշխանությանը պետք են նաև այլ նպատակով։ «Հաց չենք ապահովում, բայց մի՞թե դա է այս պահին կարևորը։ Երբ վխտում է կրիմինալը, պետք է մոռանալ հացի մասին ու համախմբվել իշխանությանը շուրջը». նմանատիպ ձևակերպումներն են դառնում ապաշնորհ կառավարության փրկօղակը միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի վրա սեփական ձախողումները դուրս գրելուց հետո։ Նախորդ հնգամյակի համար արդարացան, թե միջազգային ճգնաժամ էր, իսկ հաջորդ հնգամյակի համար էլ ուզում են ալիբի ապահովել՝ կրիմինալի և օլիգարխիայի գործունեությունը պատճառ բերելով։

Մի խոսքով՝ կրիմինալը հերթական անգամ օգնության հասավ Հայաստանի թիվ մեկ կրիմինալ և թիվ մեկ օլիգարխ հանդիսացող իշխանական վերնախավին։

Տեսարանների պակաս հանրությունը չի ունենա։ Մանավանդ որ Վովայի դերասանական վարպետությունը և «տերտերականությունը» լավ մշակված են։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը