Լրահոս

29.04.2013 09:52


Կայացավ «Հայակ»-2013 ազգային կինոյի մրցանակաբաշխությունը

Կայացավ «Հայակ»-2013 ազգային կինոյի մրցանակաբաշխությունը

«Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում նախօրեին կայացավ «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության 2-րդ հանդիսավոր արարողությունը։ 

Մրցանակների արժանացան հետևյալ ֆիլմերն ու կինոգործիչները:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցանակը շնորհվեց Հարություն Խաչատրյանին`  «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի համար: Սակայն, ոեժիսորը, ժյուրիից ներողություն խնդրելով, մրցանակը շնորհեց իր երիտասարդ գործընկեր Մարիա Սահակյանին («Այդ ես չեմ» )` ցանկանալով այդ կերպ խրախուսել ավելի երիտասարդ գործիչներին: Քիչ անց, Մարիան ստացավ նաև իր մրցանակը. նրա «Այդ ես չեմ» աշխատանքը ճանաչվեց «Լավագույն խաղարկային ֆիլմ»

«Լավագույն օպերատոր» անվանակարգում մրցանակ շնորհվեց Մկրտիչ Մալխասյանին` «Այդ ես չեմ» ֆիլմի համար:  Նա առաջադրված էր նաև «Գարեգին Նժդեհ» ֆիլմի համար իր օպերատորական աշխատանքով: 

«Լավագույն սցենարի հեղինակ»` Թերեզա Վարժապետյան – Միքայել Պողոսյան  («Եթե բոլորը»):

«Լավագույն նկարիչ»`  Արմեն Ղազարյան («Թափառում»):

«Լավագույն կոմպոզիտոր»` Վահագն Հայրապետյան  («Եթե բոլորը»):

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացվածներից (Եկատերինա Շիտովա, Մարիամ Դավթյան, Լուիզա Ներսիսյան) հաղթող ճանաչվեց Մարիամ Դավթյանը («Ձայն լռության»):

«Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվածներից (Ժենյա Մկրտումյան, Արմինե Անդա, Ֆրիդա Յորք) մրցանակը հաձնվեց Ժենյա Մկրտումյանին («Եթե բոլորը»): 

«Լավագույն դերասանի» մրցանակի համար  պայքարեցին Վիգեն Չալդրանյանը, Հովհաննես Ազոյանը, Եվգենի Ցիգանովը և Շանթ Հովհաննիսյանը: Մրցանակին արժանացավ վերջինս` «Գարեգին Նժդեհ» ֆիլմի համար։

«Երկրորդական դերի լավագույն դերասան» անվանակարգում ներկայացվածներից (Կարեն Ջանգիրով, Արտաշես Ալեքսանյան, Խորեն Լևոնյան) մրցանակի արժանացավ Խորեն Լևոնյանը («Գարեգին Նժդեհ»):

«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»` Թամարա Ստեփանյանի «Փերվարի 19»-ը:

«Լավագույն վավերագրական ֆիլմ»` Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձը»: 

«Լավագույն անիմացիոն ֆիլմ»` Նաիրա Մուրադյանի «Բալետը»: 

«Լավագույն դեբյուտ»` Մարինե Զաքարյանի «Փասիանի որսորդը»: 

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ժյուրին մրցանակը շնորհել էր  Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմին:

Այս խորագրի վերջին նյութերը