Քաղաքական

29.04.2013 10:54


Պատասխան նամակ Տարոն Մարգարյանին

Պատասխան նամակ Տարոն Մարգարյանին

Շատ հուզվեցի, երբ երեկ նամակ ստացա անձամբ Տարոն Մարգարյանից՝  իր ստորագրությամբ... Հարկ եմ համարում պատասխանել այդ նամակին...
Հարգելի՛ Տարոն Մարգարյան,
Համաձայն եմ Ձեր այն կարծիքի հետ, որ նախ պետք է հաղթահարենք մարդկային ջերմության և սրտացավ վերաբերմունքի ճգնաժամը մեր մեջ, և որ բուն բնակչի ամենօրյա, անմիջական հոգսերը թեթևացնելու, ապրելու միջավայրը բարելավելու, սոցիալ-կենցաղային կոնկրետ խնդիրները լուծելու առումով վիճակը, մեղմ ասած, դեռևս հեռու է բավարար լինելուց:
Պարո՛ն Մարգարյան, ո՞րն է պատճառը, որ բակային բարեկարգումները սկսում են իրականացվել հենց ընտրություններից առաջ: Չէ՞ որ դա քաղաքապետարանի ամենամյա պարտավորություններից մեկն է, և Երևանի բնակիչները այդ ամենի համար հարկ են վճարում համատիրություն կոչվածներին:
Պետք է նշեմ, որ Երևանում կատարվել են կանաչապատման աշխատանքներ, նստարանների տեղադրում: Բավարար է դա, թե ոչ, թող ամեն մարդ իր համար որոշի: Բայց նաև պետք է նշել, որ այսօր Երևանում չկա մի տեղ, որը կխոսի քաղաքի երեք հազարամյակի պատմության ու ավանդույթների մասին, ինչպես օրինակ՝ Կոլիզեյը Հռոմում կամ Բիգ Բենը Լոնդոնում:
Ինչպե՞ս եք պատրաստվում լուծել Երևանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական անթիվ խնդիրները: Ես՝ որպես երևանցի, որպես ընտրող, պետք է մանրամասն իմանամ, թե կոնկրետ ինչ եք անելու, քանի որ վաղուց դադարել եմ թղթի վրա գրված խոստումների հավատալ: 
Նաև կցանկանայի ամենայն մանրամասնությամբ տեղեկանալ, թե ինչպես են ծախսվել վերջին 3 տարիների՝ երևանցիների վճարած հարկերը: Կարծում եմ՝ դրա իրավունքն ունեմ: 

Այս խորագրի վերջին նյութերը