Մեկնաբանություն

29.04.2013 12:25


Հանրահավաքային եզրափակիչ

Հանրահավաքային եզրափակիչ

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը մտնում են քարոզչության եզրափակիչ փուլ։ Այս շաբաթ մենք հանրահավաքային շարքի ականատեսը կլինենք։ Կուսակցությունները կցուցադրեն իրենց «մկանները»։

ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՀԿ–ն ու «Ժառանգությունը» ապրիլի 30–ից մինչև մայիսի 3–ը «բրոնյա» են արել Ազատության հրապարակը։ Վաղը կլինի ՀԱԿ–ի հանրահավաքը, հաջորդ օրը՝ «Ժառանգությանը», մայիսի 2–ին՝ ԲՀԿ–ինը, իսկ քարզչության վերջին օրը՝ ՀՀԿ–ինը։

ՀՀԿ

Կասկած չկա, որ ՀՀԿ–ի հանրահավաքը կազմակերպվելու է այդ կուսակցության հետ սերտաճած վարչական լծակի օգնությամբ։ Այն կլինի ծավալով մեծ, բայց ներքուստ դատարկ մի միջոցառում։

Տարոն Մարգարյանի քարոզչաթիմը վերջին մեկ ամսում փորձում էր նրան Երևանի գլխավոր աղբահավաքի իմիջով ներկայացնել մայրաքաղաքի բնակիչներին, ինչը նշանակում է, որ ՀՀԿ–ի հանրահավաքը կանցնի աղբահավաքության խորագրի ներքո։

Հուսանք, որ էժան գազով լցված փուչիկներ չեն բերվի Ազատության հրապարակ, և հնարավոր կլինի խուսափել մարդկանց առողջության համար վտանգավոր երևույթներից։

«Ժառանգություն»

Ապրիլի 9–ի խեղկատակությանը հաջորդած ժամանակահատվածը ցույց տվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սրընթաց կերպով կորցնում է հանգամանքների բերումով ձեռք բերած վարկանիշը։ Իսկ դա նշանակում է, որ քաղաքական դիակը կարող է հետաքրքրել միայն սատիրայի սիրահարներին և դիապաշտներին։

Թե որքան մարդ կգնա «Ժառանգության» և դրա շուրջը հավաքված քաղաքական դաշտի արտադրական թափոնների համատեղ ուժերով կազմակերպած «հաղթահավաքի» ժամանակ «իրավատիրոջ» «կրոնաքաղաքական» մառազմները լսելու, զուտ սպորտային հետաքրքրություն է ներկայացնում։ Ոչ ավելին։

Րաֆֆու հանրահավաքի միակ ինտրիգն այն է, թե արդյոք աշխատավորների տոնի կապակցությամբ նա «զորավարի» հետ կգնա՞ բանվորի ապամոնտաժված արձանի տարածքում մոմավառության ու աղոթքի, և արդյոք «Ժառանգության» առաջնորդը հավաքվածներին կոչ կանի՞ մեկ րոպե լռությամբ հարգել Կարլ Մարքսի «խաչելության և թաղման» հիշատակը։

Հայ ազգային կոնգրես

Երկարատև ընդմիջումից հետո կայանալիք ՀԱԿ հանրահավաքը մեծ հետաքրքրություն է առաջացնում ինչպես այդ ուժի կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների մեջ։

Հանրահավաքը յուրօրինակ ստուգատես կլինի կուսակցության վերածված Կոնգրեսի համար թե՛ ձևի, թե՛ ծավալների, թե՛ բովանդակության առումով։

Մեկ բան ակնհայտ է. անկախ Լևոն Տեր–Պետրոսյանի ու ՀԱԿ–ի հանդեպ ունեցած վերաբերմունքից՝ բոլորն էլ գիտեն, որ ՀԱԿ հանրահավաքի ընթացքում կհնչի հոդաբաշխ քաղաքական խոսք։ Իսկ թե ինչպիսի՞ն կլինի այդ խոսքի շեշտադրումը, պարզ կդառնա ՀԱԿ առաջնորդի ելույթի ժամանակ։

ԲՀԿ

Մայիսի 2-ին կայանալիք ԲՀԿ հանրահավաքը նույնպես մեծ հետաքրքրություն է առաջացնում, քանզի այդ ուժը Երևանի ավագանու  ընտրություններում հաղթելու հիմնական հավակնորդներից է և ՀՀԿ–ի հիմնական մրցակիցը։

Կասկածից վեր է, որ ԲՀԿ–ի հանրահավաքն ամենազանգվածայինը կլինի հանրահավաքային շարքի մեջ։ Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Երևանի քաղաքապետի ԲՀԿ–ական թեկնածու Վարդան Օսկանյանի եզրափակիչ ակորդից շատ բան է կախված։ Շատ բան է կախված նաև այն բանից, թե ինչպես կկարողանան ԲՀԿ–ն, ՀԱԿ–ն ու ՀՅԴ–ն համատեղ ուժերով պայքարել ընտրակեղծիքների դեմ։

. . .

Ինչպես ասում են, մտնում ենք «ֆինիշնի պրյամոյ», երբ ամեն ինչ ոսկու գին ունի, այդ թվում՝ չվրիպելու կարողությունն ու հաղթելու ձգտումը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը