Լրահոս

29.04.2013 18:50


Վկան 4000 դոլարի վնաս է կրել, բայց չի բողոքում

Վկան 4000 դոլարի վնաս է կրել, բայց չի բողոքում

«Թասինֆոյի» փոխանցմամբ՝ բանդայի գործով այսօրվա նիստում հարցաքննված վկա Վալերի Մանվելյանը հաստատեց, որ մեքենա է վաճառել մի անձի 10 հազար դոլարով, որից 6 հազարը վճարվել է, իսկ 4 հազարը պետք է վճարեին 2011թ. սեպտեմբերի վերջին: Գումարը մինչև օրս չի վճարվել, ավելին, հեռուստատեսությամբ ինքը տեսել է իր մեքենան և «մարդիկ են կալանավորվել այս մեքենայով»: Վկան որևէ բողոք ու պահանջ չունի՝ «ո՞ւմից պահանջեմ»:

Վկան պնդեց իր նախաքննական ցուցմունքը, որում, մասնավորապես, նշել էր՝ գնորդի անուն Դավիթ էր: Նա ի դեմս գնորդի չհիշեց ամբաստանյալ Դավիթ Գալստյանին, սակայն միաժամանակ չբացառեց, որ «նա է եղել մեքենայի գնորդը»:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, հրապարակեց այն վկաների ցուցմունքներն, ովքեր ըստ սահմանապահ մարմինների ունեցած տեղեկությունների Հայաստանում չեն գտնվում: «Որպեսզի դատաքննությունը տեղում չդոփի, դատարանը չունի այլ տարբերակ»,- պարզաբանեց նախագահող դատավորը՝ ընդգծելով, որ հետագայում վկաների Հայաստանում գտնվելու կամ արտերկրում նրանց բնակավայրի հասցեն իմանալու պարագայում նրանց անպայման ծանուցագիր կուղարկվի: Բացառություն արվեց միայն վկա Հովսեփ Հովնանյանի մասով՝ նրան ծանուցագիր է ուղարկվել ՌԴ, և դատարանը 2 շաբաթ ողջամիտ ժամկետ տրամադրեց վկային դատարան ներկայանալու համար:

Ըստ վկա Աշոտ Հայրապետյանի նախաքննական ցուցմունքի՝ նա Գուրգեն Հայրապետյանի եղբայրն է (ըստ մեղադրական եզրակացության, Արտուշ Հակոբյանը Գուրգեն Հայրապետյանի հետ միասին ստեղծել և ղեկավարել է կազմակերպված, զինված կայուն խումբ` բանդա, վերջինս, փորձելով ազատվել ոստիկանության աշխատակիցների հետապնդումներից, դիմել էր փախուստի, որի ընթացքում, բարձրանալով Մյասնիկյան պողոտային հարակից ժայռի վրա, վայր է ընկել և մահացել): Վկան հայտնել էր, որ իր եղբայրը 2011թ. ձմռան իր տուն է եկել մի անձնավորության հետ, որին ներկայացրել է որպես Դավիթ: Ըստ վկայի՝ եղբայրը չէր պատմում իր գործերից, անգամ նրա հեռախոսահամարը չգիտեր՝ «Գուգոն միշտ փակ համարներից էր զանգում»: Աշոտ Հայրապետյանը հայտնել էր, որ ավազակային հարձակումների մասին իմացել է հեռուստատեսությունից, մեղադրյալներին չի ճանաչում:

Վկա Գուժ Աղաբեկյանն, ով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի ծանոթն է, նախաքննական ցուցմունքում հայտնել էր, որ Քյարամն իրենից 4 օր շարունակ մեքենա էր ուզում, որպեսզի գիշերը մեքենան իր մոտ մնա: Վերջինս, ըստ վկայի, ասում էր նաև, որ «գործ կա, պետք է անեմ, որ ֆինանսապես դզվեմ»՝ այս պնդմանը հետևեց Ք.Ամոյանի հակադարձումը՝ «սուտ է ասում»: Ի վերջո, վկան «մեքենա է ճարել», որը թողել է պայմանավորված վայրում՝ նույն վայրում ու նույն դիրքով այն հայտնաբերել է հետագայում՝ այնպիսի տպավորություն էր, թե այն տեղից չի էլ շարժվել:

Վկա Լիա Հովհաննիսյանը նախաքննության ընթացքում հայտնել էր, որ իրենց բնակարանը վարձակալության էին տվել, ապա ավելի ուշ մահճակալի տակից հայտնաբերվել են «բազմաթիվ փամփուշտներով տոպրակ» և տեսաերիզ:

Դատարանը հայտնեց, որ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչությանը կհիշեցնի, որպեսզի 4 անձանց բնակության նոր հասցեները ճշտեն ու տեղեկացնեն դատարանին:

Այս խորագրի վերջին նյութերը