Տնտեսական

29.04.2013 17:48


ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 231.3 մլրդ դրամ,

ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 231.3 մլրդ դրամ,
2013 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 231.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 206.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 103%-ով և 88.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար-մարտ ամիսներին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9‑րդ հոդվածի 11‑րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 5.4 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 84.7%‑ը, իսկ ծախսերը` 2.9 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 39.3%-ը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 22.3%-ով, ծախսերի գծով` 20.1%-ով:
 
ՀՀ պետական բյուջեի եկամուտները

2012 թվականի առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 23.8%‑ով կամ շուրջ 44.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Պետական բյուջեի եկամուտների 95.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 4.7%-ը` այլ եկամուտների, 0.2%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
2013 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 220 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 103.8%-ը: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 24.1%‑ով կամ 42.7 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի գծով մուտքերի աճով: Բացի այդ, 2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական` եկամտային հարկ, որի գծով անցած ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 43.6 մլրդ դրամ: 2013 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա պարտավորությունների գծով ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 10.4 մլրդ դրամ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ և 6.8 մլրդ դրամ եկամտահարկ: Եկամտային հարկից ստացված մուտքերը` հաշվետու ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հետ միասին (որոնք մուտքագրվել են նախորդ տարվա պարտավորությունների գծով) 21.4%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մուտքերը: 2013 թվականից ներդրվել է ևս մեկ նոր հարկատեսակ` շրջանառության հարկը, որի գծով առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.8 մլրդ դրամ:
2013 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 43.6%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է շուրջ 96 մլրդ դրամ և 36.7%-ով կամ 25.7 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը, ինչը հիմնականում ապահովվել է ներմուծումից ստացված եկամուտների հաշվին:
Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 4.8%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով 10.5 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 6.3 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 4.2 մլրդ դրամ: Ընդ որում, տեղական արտադրության ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 11.5%-ով, իսկ ներմուծվող ապրանքների գծով մուտքերը` ավելացել 13.4%-ով. արդյունքում ակցիզային հարկի ընդհանուր մուտքերն աճել են 2%-ով կամ 201.6 մլն դրամով:
2013 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 10.4%‑ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով շուրջ 23 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվարի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 0.5%‑ով կամ 121.7 մլն դրամով:
Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են շուրջ 10.9 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 5%-ը և 69.3%‑ով կամ 4.5 մլրդ դրամով գերազանցել 2012 թվականի համապատասխան ցուցանիշը:
2013 թվականի պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 5.4 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով առաջին եռամսյակի ծրագրի 98.9%-ը և ապահովելով ՀՀ պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 2.5%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 9%-ով կամ 446.5 մլն դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են 2.7 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 1.2%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազել է 42.8%‑ով:
2013 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 5.9 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ` կազմելով հարկերի և տուրքերի 2.7%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտները նվազել են 6.3%-ով` հիմնականում պայմանավորված արդյունահանված մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար վճարվող ռոյալթիի և օգտակար հանածոների արդյունահանման համար գանձվող վճարների նվազմամբ: Միևնույն ժամանակ, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար գանձվող վճարներն աճել են մոտ 3.9 անգամ` կազմելով 1.4 մլրդ դրամ:

2013 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 3.1 մլրդ դրամի այլ հարկեր` կազմելով հարկերի և տուրքերի 1.4%-ը: Մասնավորապես` 1.6 մլրդ դրամ են կազմել արտոնագրային վճարները` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 184.7 մլն դրամի դիմաց: Շուրջ 43 մլն դրամ է կազմել «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված ռոյալթին, 843.2 մլն դրամ` ճանապարհային վճարները, 34.1 մլն դրամ` ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) վճարները, 89.2 մլն դրամ` հարկային օրենսդրության խախտման համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 130.8 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 4.5 մլն դրամ` կոնցեսիոն վճարը, և 303 մլն դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այլ հարկերի փաստացի ցուցանիշն աճել է մոտ 2.2 անգամ կամ 1.7 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է արտոնագրային և ճանապարհային վճարների աճով:

2013 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական հիմնարկների արտաբյուջետային ծրագրերի շրջանակներում պետական բյուջե են մուտքագրվել 462.6 մլն դրամ դրամաշնորհներ` կազմելով եռամսյակային ծրագրով նախատեսվածի 12.7%-ը: Նշված գումարը ստացվել է ՀՀ պետական մարմինների արտաբյուջետային ծրագրերի շրջանակներում, որը կազմել է եռամսյակային ծրագրի 91.6%-ը, իսկ Եվրոպական հարևանության շրջանակներում 2010թ. Ազգային գործողությունների ծրագրի ֆինանսավորման համար նախատեսված 3.1 մլրդ դրամը հաշվետու եռամսյակում չի ստացվել:
2013 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են շուրջ 10.8 մլրդ դրամ` 22.3%-ով գերազանցելով առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից շուրջ 4.6 մլրդ դրամը կազմել են ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները, որոնց եռամսյակային ծրագիրը կատարվել է 87.9%-ով: Առանց արտաբյուջետային միջոցների` այլ եկամուտները 72.7%-ով գերազանցել են առաջին եռամսյակի ծրագիրը:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 59.3 մլն դրամ, որը 2013 թվականի պետական բյուջեով չէր նախատեսվել:
Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից ստացվել է 75.9 մլն դրամ` 62.6%-ով գերազանցելով ծրագիրը:
Բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների գծով մուտքերը կազմել են 1.3 մլրդ դրամ` 531.1%-ով գերազանցելով եռամսյակային ծրագրային ցուցանիշը:
Պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 474.2 մլն դրամ` 1.1%-ով գերազանցելով եռամսյակային ծրագրային ցուցանիշը և 12.9%-ով զիջելով 2012 թվականի նույն ժամանակահատվածի փաստացի ցուցանիշը:
Հաշվետու ժամանակահատվածում շուրջ 1.9 մլրդ դրամ է մուտքագրվել իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից` 3.2 անգամ գերազանցելով եռամսյակային ծրագրով կանխատեսված ցուցանիշը և 49.6%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից եկամուտների գծով մուտքերը կազմել են 5.3 մլրդ դրամ` 52.5%-ով գերազանցելով եռամսյակային ծրագրային ցուցանիշը:
Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների գծով մուտքերը կազմել են 1.6 մլրդ դրամ` կազմելով եռամսյակային ծրագրով կանխատեսված ցուցանիշի 40.9%-ը:
2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 24% ով կամ շուրջ 2.1 մլրդ դրամով:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը


2013 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 10.3% ով կամ 19.2 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով արձանագրվել է նվազում:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 199.8 մլրդ դրամ` 91.5%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա հունվար- մարտ ամիսների համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 10.9%-ով կամ 19.6 մլրդ դրամով: 
Ընթացիկ ծախսերից 19.8 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է եռամսյակային ծրագրի 89.7%-ը և 20.9%-ով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: 
Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով 2013 թվականի հունվար- մարտ ամիսներին պետական բյուջեից օգտագործվել է 39.6 մլրդ դրամ, որը կազմել է եռամսյակային ծրագրի 88%-ը և 4.4%-ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված շարունակական ծախսերի  աճով: 
Պետական պարտքի սպասարկմանը հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է շուրջ 9.9 մլրդ դրամ` կազմելով  եռամսյակային ծրագրի 95.6%-ը: Մասնավորապես` նշված գումարից 7.4 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 2.5 մլդ դրամ` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 22%-ով կամ 1.8 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը: 
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 7.4 մլրդ դրամի սուբսիդիաներ` կազմելով եռամսյակային ծրագրի 93.8%-ը և 37.1%-ով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
2013 թվականի հունվար-մարտ ամիսներին պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները կազմել են 23.3 մլրդ դրամ, որից 23 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 329.2 մլն դրամը` միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես` համայնքների բյուջեներին տրամադրվել են 9 մլրդ դրամ դոտացիաներ, որոնք նախորդ տարվա համեմատ աճել են 11.6% ով: Դրամաշնորհների եռամսյակային ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 91% ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն աճել են 11.9% ով կամ 2.5 մլրդ դրամով:
Ընթացիկ ծախսերի 34.8%-ը` 69.5 մլրդ դրամ, ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը` ապահովելով ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը և արձանագրելով եռամսյակային ծրագրի 93.5% կատարողական: Մասնավորապես` շուրջ 49 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 20.5 մլրդ դրամ` նպաստները: Նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 3.8%-ով կամ 2.5 մլրդ դրամով: 
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներից 30.2 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` կազմելով եռամսյակային ծրագրի 91.7% ը և 23.4%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները 2013 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել են 6.3 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 46.1% ը: Մասնավորապես` 7 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը, որոնց եռամսյակային ծրագիրը կատարվել է 49.5%-ով: 662.3 մլն դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուտքագրված 132.1 մլն դրամի դիմաց: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշն արձանագրել է 6.4% կրճատում` հիմնականում պայմանավորված ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի աճով, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման, պահպանման և հիմնանորոգման ծախսերի կրճատմամբ:

ՀՀ պետական բյուջեի հավելուրդը


2013 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 25.1 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 7.5 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Մասնավորապես` ներքին ֆինանսավորումը կազմել է -3.0 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` -22.1 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն օգտագործվել են 2.2 մլրդ դրամով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 39.6 մլրդ դրամի փոխարեն:
Ներքին աղբյուրներում -1.9 մլրդ դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները, որոնք ստացվել են գանձապետական պարտատոմսերից,  1.1 մլրդ դրամ` ֆինանսական զուտ ակտիվները: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 4.0 մլրդ դրամի վարկեր: Ավելի քան 753.7 մլն դրամ ստացվել է տրամադրված ներքին վարկերի վերադարձից:
Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է -22.1 մլրդ դրամ: Արտաքին աղբյուրներում -11.5 մլրդ դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները` 99.1%-ով կատարելով եռամսյակային ծրագիրը: 11.5 մլրդ դրամ ուղղվել է արտաքին պարտավորությունների մարմանը, որից 2.1 մլրդ դրամը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 8.0 մլրդ դրամը` Արժույթի միջազգային հիմնադրամի,  135.2 մլն դրամ` ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտքի մարմանը, 466.7 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 650.9 մլն դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի, 159.5 մլն դրամ` Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ, 25.1 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտավորությունների մարմանը: Հաշվետու եռամսյակում -10.6 մլրդ դրամ են կազմել ֆինանսական զուտ ակտիվները` ապահովելով եռամսյակային ծրագրի 101.9% կատարողական, որից 9.8 մլրդ դրամը հատկացվել է ԼՂՀ ին` որպես միջպետական վարկ: Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով առաջին եռամսյակում նախատեսված գումարն ամբողջությամբ վճարվել է` կազմելով 92.8 մլն դրամ: Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերմանն ուղղվել է 513.0 մլն դրամ` կազմելով տարեկան ծրագրի 100%-ը: Հաշվետու ժամանակահատվածում 384.1 մլն դրամով ավելացել է արտաքին աղբյուրներից ստացված արտաբյուջետային դրամաշնորհային միջոցների մնացորդը:

Այս խորագրի վերջին նյութերը