Լրահոս

30.04.2013 13:40


Տարոն Մարգայանն իր ունեցվածքի և Անաստասիա Վոլոչկովայի մասին

Տարոն Մարգայանն իր ունեցվածքի և Անաստասիա Վոլոչկովայի մասին

Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը «Առավոտ» թերթի հետ հարցազրույցում անդրադարձել է ռուս սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովայի հետ հանդիպմանը հետևած տարատեսակ խոսակցություններին։ Հարցին, թե ինչո՞ւ է հատկապես Վոլոչկովայի հետ նրա հանդիպումը քննարկվում, Տարոն Մարգարյանը կատակով պատասխանել է.

«Երբ հերթական լրատվամիջոցներից մեկում Վոլոչկովայի հետ կապված հերթական հրապարակումն էր լույս տեսել, իմ գործընկեր և ընկեր Արմեն Աշոտյանը կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Տարոն ջան. ներվերդ պինդ պահի, մի մասը Վոլոչկովային է նախանձում, մի մասն էլ`քեզ»: Կատակի մեջ երևի որոշ ճշմարտություն կար: Իսկ եթե ավելի լուրջ, ժամանակակից քաղաքականության, այսպես կոչված, գլամուրային դրսևորումները և «դեղին ոճը» նորմալ երևույթ են, ես ըմբռնումով եմ մոտենում»:

Տարոն Մարգարյանը խոսել է նաև իր հայտարարագրված և չհայտարարագրված ունեցվածքի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին։

«Այս հարցի շահարկումը նույնպես կոմպրոմատների շարքից է: Որպես Ավանի թաղապետ` սկսած 2005 թվականից հայտարարագրում եմ իմ ունեցվածքը:Իր ունեցվածքը հայտարարագրում էր նաև իմ հայրը` լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նախկինում երբեք այդ ունեցվածքը չի դարձել հանրային ուշադրության, քննարկման կամ շահարկման թեմա: Անթույլատրելի եմ համարում այս հարցի շահարկումները, հատկապես, որ Երևանի քաղաքապետ կամ փոխքաղաքապետ եղած տարիներին իմ սեփականության ցանկը կտրուկ չի փոխվել: Նման խնդիրներով «խիստ» մտահոգվողները պետք է ուշադրություն դարձնեն, որ մյուս թեկնածուները ևս ազնիվ լինեն հայտարարագրեր ներկայացնելու հարցում, որովհետև երբեմն հայտարարագրում նշված ունեցվածքի ու իրական կարողության միջև մեծ խզում է լինում»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը