Լրահոս

30.04.2013 15:14


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ «Օղակ» ռազմական գործողության 22-րդ տարելիցի կապակցությամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ «Օղակ» ռազմական գործողության 22-րդ տարելիցի կապակցությամբ

«Օղակ» ռազմական գործողությունը, որը 1991թ․ ապրիլ-մայիս ամիսներին իրականացվել է Ադրբեջանի միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) կողմից, ԽՍՀՄ ներքին զորքերի աջակցությամբ, առանձնակի տեղ է զբաղեցնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության  պատմության մեջ ոչ միայն իր մասշտաբներով, այլև՝ հետևանքներով։

Ադրբեջանական իշխանությունների և ԽՍՀՄ որոշ ղեկավարների հանցավոր  համաձայնությամբ իրականացված «Օղակ» գործողության արդյունքում հայաթափվեցին և ավերվեցին Հյուսիսային Արցախի, Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների երկու տասնյակից ավելի գյուղեր։ Այն դադարեցվեց միայն մեկ ամիս անց՝ մայիսին, ԽՍՀՄ ներսում և նրա սահմաններից դուրս ստացած լայն արձագանքի և դատապարտման շնորհիվ։

Սակայն, պատերազմի թափանիվն արդեն գործի էր դրվել։ Գործողությունը, որն առանձնանում էր դաժանությամբ և մարդու իրավունքների  զանգվածային  խախտումներով, կտրուկ բարձրացրեց տարածաշրջանում լարվածության մակարդակը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեց ռազմական հարթություն՝ սկիզբ դնելով ԼՂՀ դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային։

Այնուհանդերձ Ադրբեջանին չհաջողվեց հասնել իր բուն նպատակին՝ ահաբեկել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և ճնշել նրա ինքնորոշման օրինական ձգտումը։ Ավելին, «Օղակ» գործողությունը ամրապնդեց Արցախի ժողովրդի վճռականությունը պայքարել իր իրավունքների և ազատությունների համար։

Այս խորագրի վերջին նյութերը