Լրահոս

30.04.2013 15:40


Պաշտպանը պատրաստ է աջակցել ոչ հրապարակային վիրավորանքի խնդրի կարգավորմանը

Պաշտպանը պատրաստ է աջակցել ոչ հրապարակային վիրավորանքի խնդրի կարգավորմանը

Երեկ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից վճիռ կայացվեց «Ժողովուրդ» օրաթերթի և լրագրող Սոնա Գրիգորյանի հայցի վերաբերյալ, որով մերժվեց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար Խաչիկ Խաչատրյանի դեմ ներկայացված ներողություն խնդրելու պահանջը: 

Վճռով արձանագրվեց, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի կարգավորումից դուրս են այն դեպքերը, երբ հայտարարությունը կատարվել է ոչ հրապարակային, անձնական հեռախոսային խոսակցության ընթացքում:

Այս դեպքում քաղաքացին կրկին հանդիպեց մի իրավիճակի, երբ երրորդ անձի  բացակայությամբ, ուղղակիորեն  իրեն հասցված վիրավորանքի դեպքում, զրկվեց  իրավական պաշտպանության միջոցի դիմելու հնարավորությունից:

Ոչ հրապարակային վիրավորանքի համար պատասխանատվության բացակայության հարցը բարձրացվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դեռևս 2011թ. ՀՀ Սահմանադրական դատարանում: Իսկ ՀՀ Սահմանադրական դատարանն իր հերթին որոշմամբ արձանագրել է, որ այս իրավակարգավորման բացը հաղթահարելու համար ՀՀ Ազգային ժողովն իր իրավազորության շրջանակներում առանձին քննարկման առարկա պետք է դարձնի ոչ հրապարակային վիրավորանքից պաշտպանության իրավական կանոնակարգման խնդիրը:

Պաշտպան Կարեն Անդրեասյանն իր պատրաստակամությունն է հայտնում աջակցել ոչ հրապարակային ձևով արտահայտված վիրավորանքի դեմ պաշտպանության նախատեսմանն ուղղված  օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությանը, քանի որ ոչ ՀՀ օրենսդրությունը, և ոչ էլ դրան համապատասխան ձևավորված իրավակիրառ պրակտիկան չեն ապահովում ոչ հրապարակային վիրավորանքից` անձի արժանապատվության և անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի պաշտպանության իրացման հնարավորությունը:

Միևնույն ժամանակ, Պաշտպանը պատրաստվում է դիմել ՀՀ դատարանների նախագահների խորհուրդ՝ լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում արված արտահայտությունների  բնույթի հստակեցման նպատակով խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանումներ տրամադրելու խնդրով:

 Պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը