Հրանուշ Խառատյանը «Հարսնաքար»–ում դպրոցական ավարտական երեկույթները անցկացնելու մասին
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս նույն սոցիալական ցանցի օգտատեր Անի Կարապետյանի գրառմանը, որ Ավանի հանրակրթական դպրոցներում ավարտական դասարանների աշակերտներին ստիպում են այս տարի ավարտական երեկույթները անպայման կազմակերպվեն և անցկացվեն «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, յուրաքանչյուր աթոռի արժեքը 11 000 ՀՀ դրամ:
«Հայոց բանակի սպա Վահե Ավետյանի սպանությունից հետո մեր համաքաղաքացիներից շատերը հրաժարվեցին միջոցառումներ կազմակերպել նշված ռեստորանում, հիմա ռեժիմը ստիպում է քաղաքացիներին հատուցել Նեմեցի կրած վնասները...»,–գրել է Անի Կարապետյանը, ինչին Հրանուշ Խառատյանն արձագանքել է.
«Եթե այս տեղեկության մեջ ճշմարտության հատիկ կա, եթե «Հանցաքար» որակված «Հարսնաքարում» որևէ մեկի կողմից չափահասության նվիրագործման ծեսի վերածված դպրոցի ավարտական խնջույքը անցկացնելու ծրագիր կա, ապա դա նշանագրության լեզվով կարելի է որակել չափահասների կարգավիճակում հաստատելու անցումային կարևոր շրջանում բարոյազրկման ծրագրավորում: «Հարսնաքարում» տեղի ունեցած անմարդկային, դաժան հանցագործությունը դեռևս իրավական լուծում չի ստացել: Հանրության կողմից «Հարսնաքարում» տեղի ունեցած ձևով և բովանդակությամբ անբարոյական, սադիստական հանցանքի քննության շուրջ ձևավորված անվստահության մթնոլորտը ոչ միայյն չի նոսրանում, այլև ամրագրվում է: Անչափահասությունից չափահասության անցման ծեսի իրականացման համար ընտրվող տարածքն ինքը ենթադրում է այդ տարածքի անբասիր, տվյալ հանրության, խմբի կողմից նվիրական համարվող սրբազան անցյալ, կամ` սրբազնացման միտում: «Հարսնաքարի» ընկալումը հանրության կողմից, ընդհակառակն, ընդհանրանում է հանցանքի և անառակության գաղափարների հետ: Այսպիսի տարածքում նվիրագործման ծեսի կարևոր տարրերից մեկի իրականացումը առնվազն նշանակում է, որ անցումային ծեսի մեջ մտցվում է հանցանքի և անառակության տարր, կամ, այլ կերպ ասած` չափահասությանը վերագրվող արժեքների մեջ հանցանքն ու անառակությունը ներդրվում են որպես հանրային արժեքներ: Ինձ այնպես է թվում, որ եթե նույնիսկ մեր հասարակության որոշ առկա չափահասներ այդ արժեքները խնկարկում են, ապա դպրոցն ավարտող երիտասարդները չեն հանդուրժի կամ չպետք է հանդուրժեն իրենց չափահաս ապագային միտված արժեքները այդ տարրերով «հարստացնելու» փորձերը: Նրանք պետք է իմանան, որ «ամոթի» և «անամոթի» սահմանները տարտամ չեն, դրանք հասկանալի և պարզ են: Մեր հասարակության մեջ ամոթալիի և անամոթության մեկնաբանությունների որոշ տարընթերցումները պայմանավորված են մեր հասրակությունում առկա բևեռացումներով, անցողիկ և ժամանակավոր են: Պետք է հուսալ, որ այս նախաձեռնության հեղինակները կհասկանան իրենց նախաձեռնության անամոթությունը, իսկ չափահասություն մտնող երիտասարդները չեն թույլ տա իրենց ներքաշել չափահասների շահախնդրություններով պայմանավորված մեղմ ասած ոչ առաքինի հարթություն: Սա հանրային արժեքների ներդրման գործում քննության նման մի բան է»։
Հրանուշ Խառատյանը «Հարսնաքար»–ում դպրոցական ավարտական երեկույթները անցկացնելու մասին
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս նույն սոցիալական ցանցի օգտատեր Անի Կարապետյանի գրառմանը, որ Ավանի հանրակրթական դպրոցներում ավարտական դասարանների աշակերտներին ստիպում են այս տարի ավարտական երեկույթները անպայման կազմակերպվեն և անցկացվեն «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, յուրաքանչյուր աթոռի արժեքը 11 000 ՀՀ դրամ: