Լրահոս

03.05.2013 11:11


Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Արգենտինայում

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Արգենտինայում

Ապրիլի 30-ին Բուենոս Այրեսի կենտրոնական վարժարանում Հարավային Ամերիկայի Հայ Ազգային համագումարի կազմակերպմամբ տեղի ունեցավ «Ժխտողականության դեմ, հանուն արդարության եւ ճշմարտության» խորագրով Մեծ եղեռնի 98-ամյակին նվիրված գիտաժողով:

Միջոցառմանը մասնակցեցին եւ բազմաթիվ ներկաների առջեւ ելույթ ունեցան Արգենտինայի կրթության նախարար Ալբերտո Սիլեոնին, Դաշնային դատավոր Սերխիո Տորրեսը, Խտրականության, քսենոֆոբիայի եւ ռասիզմի դեմ ազգային ինստիտուտի տնօրեն Պեդրո Մուրադյանը, Մայիսյան հրապարակի մայրերի  ներկայացուցիչ Նոռա Կորտինյասը, Հասարակական գիտությունների դոկտոր Ֆեդերիկո Լորենսը եւ Հարավային Ամերիկայի Հայ Ազգային խորհրդի նախագահ Ալֆոնսո Տաբակյանը:

Ձեռնարկին ներկա էին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներ, կրոնական գործիչներ եւ լրագրողներ:

Բանախոսները նշեցին, որ հայոց ցեղասպանության անպատժելիությունը ծնեց նմանատիպ զարհուրելի ոճրագործություններ՝ շեշտելով մարդկության դեմ գործած ծանրագույն այդ հանցագործության ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման հրամայականը:

Նշվեց, որ ցեղասպանություն իրականացրած թուրքական կառավարությունը միջազգային հանրությանը հայերին ներկայացնում էր որպես թշնամական տարր` դրանով իսկ արդարացնելով իր ոճրագործությունը:

Անդրադարձ կատարվեց մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Արգենտինայի փորձին: Եվս մեկ անգամ հիշատակվեց, որ ապրիլի 24-ը երկրում օրենքի ուժով ճանաչված է որպես հանդուրժողականության եւ ազգերի միջեւ հարգանքի օր եւ, որ այդ քայլով Արգենտինան վերահաստատեց  արդարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ջատագովի իր համբավը:

Այս խորագրի վերջին նյութերը