Մեկնաբանություն

03.05.2013 16:10


ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը «զաչոտը» հանձնեցին, իսկ «Բարև Երևանը» լիկվիդ ընկավ (ֆոտո)

ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը «զաչոտը» հանձնեցին, իսկ «Բարև Երևանը» լիկվիդ ընկավ (ֆոտո)

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերից ՀԱԿ–ը, «Բարև Երևան» դաշինքը և ԲՀԿ–ն իրար հետևից ամփոփիչ հանրահավաքներ արեցին Ազատության հրապարակում։

Այսօր հանրահավաք անելու հայտ էր ներկայացրել նաև ՀՀԿ–ն, սակայն հրաժարվել է (սա առանձին խոսակցության թեմա է)։

Նկատենք, որ հանրահավաքները յուրօրինակ ինդիկատորի դեր են կատարում հատկապես նախընտրական փուլում։ Դրանք ուժի ցուցադրման և համակիրներին ոգևորելու միջոց են։

Որքան էլ ասվի, թե հանրահավաքի մասնակիցների քանակից բան կախված չէ, դա այդպես չէ. մանավանդ քվեարկությունից օրեր առաջ, երբ քաղաքական ուժերն իրենց հնարավորությունների առավելագույնին են հասնում։

Հանրահավաքի պիկ պահերին ամրագրված կադրերից դատելով (աղբյուրը՝ https://www.facebook.com/derenik.malkhasyan?fref=ts), ինչպես նաև հաշվի առնելով հանրահավաքի ժամանակ հնչած խոսքերի բովանդակությունը, կարող ենք ասել, որ ՀԱԿ–ի հանրահավաքը (կից ներկայացված նկարում 1–ինը) ամենաքաղաքականն էր ու ամենաբարձր էներգետիկայովը, «Բարև Երևան» դաշինքինը (նկարում՝ 2–րդը)՝ ամենասակավաթիվը և ամենաձախողվածը, ԲՀԿ–ինը (նկարում՝ 3–րդը)՝ ամենամարդաշատն ու ամենահաղթականը։

Առանձնահատուկ ուզում եմ ընդգծել, որ աչք էր ծակում հատկապես ՀԱԿ–ի և «Ժառանգության» հանրահավաքների հակադրությունը։ Գրեթե մեկ տարի հանրահավաք չհրավիրած, իշխանական «ականների» գործունեությունից որոշակիորեն թուլացած, նախագահական ընտրություններին չմասնակցած, դաշինքից կուսակցության վերածված ու երիտասարդական կազմով պայքարի մեջ մտած ՀԱԿ–ը ցույց տվեց, որ 2008թ. սկսած՝ տիտղոսային ընդդիմության լիդերը շարունակում է մնալ Լևոն Տեր–Պետրոսյանը։

ՀԱԿ հանրահավաքը նաև ցույց տվեց, որ տապալվել են իշխանության բոլոր ծրագրերը՝ կապված Րաֆֆուն «ընդդիմության առաջնորդ» նշանակելու և վերահսկելի փողոց ունենալու հետ։

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանին կարելի է մտցնել Գինեսի գրքի մեջ, քանզի նրան հաջողվեց 1,5 ամսում այնպես փոշիացնել նախագահական ընտրությունների ժամանակ հանգամանքների բերումով ստացած ավելի քան կես միլիոն ձայները, որ պարզապես ապշել կարելի է։ Յուրահատուկ տաղանդ է պետք ունենալ այդպես «խուրդվելու» համար։ Րաֆֆին բոլորիս ապացուցեց, որ գժություններ անելու և դեմագոգիայով զբաղվելու հարցում շատ տաղանդավոր է։ Այդ ամենի արդյունքը երկու օրից փաստաթղթային ձևակերպում կստանա։

Զուտ սպորտային հետաքրքրություն է ներկայացնում այն հարցը, թե արդյոք ՀԱԿ–ի արտադրական թափոններով համալրված «Բարև Երևան» դաշինքը կկարողանա՞ հաղթահարել անցողիկ շեմը, թե՞ ոչ։ Ըստ իս՝ եթե իշխանությունները հատուկ ջանքեր չներդնեն ու չփորձեն վերակենդանացնել քաղաքական դիակին, ապա Րաֆֆուց մայիսի 5–ին կմնան միայն «իմպիչմենտի» ենթարկված բեղերը։

Ինչ վերաբերում է ԲՀԿ–ին, ապա այդ ուժը ՀՀԿ–ի քաղաքական մենաշնորհը ջարդելու և Երևանի քաղաքապետին փոխելու կազմակերպչական հնարավորություններ ունեցող հիմնական ուժն է։

Ամփոփենք. ավագանու ընտրություններում հիմնական մրցակցությունը սպասվում է ԲՀԿ–ի ու ՀՀԿ–ի միջև։ Թարմացված թիմով ընտրություններին մասնակցող ՀԱԿ–ը և ՀՅԴ–ն որոշիչ դերակատարում կարող են ունենալ Երևանում իշխանափոխություն անելու հարցում, եթե իհարկե՝ ԲՀԿ–ին, ՀՅԴ–ին ու ՀԱԿ–ին հաջողվի ընտրակեղծիքների դեմն առնել։

Դե, իսկ «Բարև Երևանի» գործը պետք է լինի կուսակցությունների դաշինքների համար օրենքով նախատեսված 8% անցողիկ շեմը հաղթահարելը։ Հնարավո՞ր է։ Չեմ կարծում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը