Քաղաքական

04.07.2009 16:06


Հրայր Կարապետյան. «Այն պահից, երբ Դաշնակցությունը դարձավ ընդդիմություն, մեր դեմ քարոզչությունը սաստկացել է»

Հրայր Կարապետյան. «Այն պահից, երբ Դաշնակցությունը դարձավ ընդդիմություն, մեր դեմ քարոզչությունը սաստկացել է»

-Մենք գաղափարական ընդդիմություն ենք, մենք ռևանշիստական ընդդիմություն չենք,- «Ազդակ» ակումբում պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ՀՅԴ քաղաքական պլատֆորմն ի՞նչ նախնական ուղղվածություն ունի՝ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը։-Մենք մեր առջև չենք դրել ամեն գնով իշխանության հասնելու խնդիր, մենք մեր առջև դրել ենք ներքաղաքական սկզբունքները պետական քաղաքականության մակարդակին հասցնելու խնդիր։

Հ. Կարապետյանն ասել է նաև, թե պետական ազգային քաղաքականությունը պետք է բխի իրենց պատկերացրած քաղաքական սկզբունքներից և գաղափարներից.

-Դրանք վերաբերում են հայ-թուրքական հարաբերություններին, Արցախի խնդրին, երկրի ներքաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ խնդիրներին։ Այդ հարցերի վերաբերյալ մեր տեսակետները կշարադրենք, և առաջիկա երեք տարվա համար՝ մինչև առաջիկա խորհրդարանական ընտրությունները, խնդիր ենք դնելու առավել ակտիվ աշխատել։

Անդրադառնալով Դաշնակցության շուրջ վերջերս պտտվող խոսակցություններին՝ Հրայր Կարապետյանն ասել է.

-Այն պահից, երբ Դաշնակցությունը դարձավ ընդդիմություն, մեր դեմ քարոզչությունը սաստկացել է։ Բնական է, որ ոմանց դուր չի գալիս, որ մենք կարող ենք ընդդիմադիր դաշտում գործել, և իրենց դաշտից ընտրազանգվածը կարող է տեղափոխվել մեզ մոտ։ Ես դա հասկանում եմ, հասկանում եմ այդ քաղաքական ուժերի և գործիչների անհանգստությունը։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը