Մեկնաբանություն

08.05.2013 11:48


Ովքե՞ր և ինչո՞ւ են ուզում կաշառել Արմեն Մարտիրոսյանին (տեսանյութ)

Ովքե՞ր և ինչո՞ւ են ուզում կաշառել Արմեն Մարտիրոսյանին (տեսանյութ)

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Հետքին» տեղեկացրել է, որ համացանցում տարածված տեսանյութը, որում «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը ոստիկանության ավտոմեքենայում խոսում է ոստիկանների հետ, տեղադրված չի եղել ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում:

Թեև ոստիկանությունից տեղեկացնում են, որ համացանցում հայտնված կադրերը «Վովա.am»–ի տարածածը չեն, բայց դա արդեն էական չէ։ Էականն այն է, որ Արմեն Մարտիրոսյանը հայտարարություն է անում հանցագործության մասին, սակայն իրավապահ մարմինները որևէ կերպ չեն արձագանքում այդ հայտարարությանը։

Բանն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից «Երևանի ապագա քաղաքապետի» կոչումը ստացած Արմեն Մարտիրոսյանն իրեն բաժին տանող ոստիկանական ավտոմեքենայում պատմում է, որ իրենց 100 հազ. դոլար են առաջարկել, բայց իրենք հրաժարվել են։

100 հազ. դոլար կաշառքի մասին Արմենը խոսեց նաև ասուլիսի ժամանակ, բայց անուններ չտվեց։ Նա չասաց, թե ովքեր են ուզեցել հաճախորդացնել «Ժառանգության» անկոտրում մարտիկներին, բայց վերջիններս դիմացել են գայթակղությանը և սկսել են Ազատության հրապարակի հարթակից պաշտոններ պահանջել Սերժ Սարգսյանից։

Ի դեպ, Արմեն Մարտիրոսյանը բազմիցս է խոսել այն մասին, որ իրենց ուզում են կաշառել, բայց իրենք չեն վերցնում և շարունակում են պայքարը։ Մարտիրոսյանն այնքան հաճախակի է խոսում այդ մասին, որ արդեն սկսում ես կասկածել, որ ինչ–որ բան այն չէ։ Զիգմունդ Ֆրեյդը տվյալ դեպքում մի երկու բան հաստատ կունենար ասելու։ Ինչևէ։

Եթե Արմենը կաշառքի մասին խոսում է զուտ PR նպատակներով («Տեսեք, թե ինչ անկաշառն ենք» թեմայով), ապա դա շատ էժանագին PR է և չի աշխատի։ Մանավանդ որ շատերը գիտեն՝ «Ժառանգությունը» վաղուց «երկխոսացված» է, և միայն միամիտները կհավատան, թե Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրարշավը կամ ԱԺ ընտրություններում «Ժառանգության» ծախսերը «իրավատիրոջ» հեռատես պապիկի հետ գցած փողերով է կազմակերպվել։ Համ էլ, «Ժառանգության» անդամներին 100 հազ. դոլար կաշառք են առաջարկում, որ ի՞նչ անեն։ Մի երկու գործ–մործ կտան Արմեն Աշոտյանի ղեկավարած համակարգում, և վերջ։ Ինչի՞ մասին է խոսքը։

Ինչպես տվյալ դեպքում կասեր ժանրի դասականը, մի զրո ավելի է հայտարարվել։ Այնպես որ, ցոգոլը վկա՝ 100 հազ. դոլար եթե նույնիսկ առաջարկվել է ժառանգականներին, ապա դա այլևս չի լինի, քանզի Րաֆֆին նույնիսկ իշխանությունների աջակցությամբ չկարողացավ «ընդդիմության առաջնորդ» դառնալ և երկու ամսում փոշիացրեց նախագահական «ֆեյք» ընտրությունների ժամանակ իրեն վերագրված ձայները։ Ասել է թե՝ Րաֆֆին մի զրոյով պակասեցրեց իր թիմակիցներին առաջարկվելիք գումարի չափը, եթե, իհարկե, առաջարկ ընդհանրապես եղել է կամ կլինի։

Իսկ եթե 100 հազ. դոլարի մասին Արմենը ճիշտ է ասում, ապա նա պարտավոր է անուն կամ անուններ տալ, այլապես ստացվում է հանցագործության կոծկում մի ուժի կողմից, որն ինքն իրեն հռչակել է թափանցիկ և ժողովրդավարական սկզբունքներով առաջնորդվող։

Ճիշտ է, ասուլիսի ժամանակ Արմենը փորձեց բացատրել, թե ինչու անուններ չի տալիս, բայց այդ բացատրությունն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ տվեց։

«100 հազար դոլարներով մեզ փորձել են կաշառել: Ով է փորձել` ես չեմ ասի դա: Առաջարկը եղել է կառավարման համակարգից, և եթե բացահայտեմ այդ աղբյուրը, շատ այլ նորություններ, որ իշխանությունից իմանում եմ, այլևս չեմ իմանա, որն ինձ համար շատ թանկ է»,– հայտարարել է Մարտիրոսյանը։

Նկատենք, սակայն, որ այս առումով կրկին հարցեր են առաջանում։ Ստացվում է, որ Արմենին կաշառք են առաջարկում, որից հետո նա տալիս է համաձայնություն ու լսում կաշառատուին, ապա հրաժարվում կաշառքից՝ հասցնելով այդ ընթացքում իմանալ իր համար շատ թանկ նորություններ։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Ինչ մնում է իրավապահ համակարգին, ապա Արմեն Մարտիրոսյանի ասածներին նրանք պարտավոր են ընթացք տալ՝ պարզելու համար, թե պետական կառավարման համակարգի ներսից այդ ո՞ր սրիկան է փորձել կաշառել բյուրեղյա մաքրության տեր ժառանգականներին։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Հիշեցման կարգով։

Երբ Արտաշես Գեղամյանը «թունդ ընդդիմադիր» էր, հեռակա լեզվակռվի մեջ էր մտել Սերժ Սարգսյանի հետ։ Ներկայումս ՀՀԿ–ի ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած նախկին ընդդիմադիր այդ գործիչը շատ էր սիրում հայտարարել, թե ինքը չի վաճառվում, թեև 3 մլն դոլար են առաջարկում։ Սերժ Սարգսյանը 3 մլնի մասին Գեղամյանի հայտարարությանն արձագանքեց, թե «Ազգային միաբանության» ղեկավարն իր գինը մի զրո ավելի է ներկայացրել։ Անցան տարիներ, և բոլորը հասկացան, թե ինչն ինչոց է եղել այն օրերին։

Սեփական անկաշառության մասին հաճախ է խոսում նաև գեղամյանական ոճի «թունդ ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանը։ Մի ժամանակ նա գրում էր, թե իրեն նստացրել են մեքենան ու առաջարկել պատգամավոր դառնալ, բայց նա չի ուզեցել Վիկտոր Դալլաքյան դառնալ (թեև այսօր ԱԺ–ում լրացնում է Վիկտորի բացն ու ծառայություններ մատուցում Բաղրամյան 26–ին)։

Հիմա Նիկոլը, «թունդ հեղափոխականի» կեցվածք ընդունելով, էջեր է տրամադրում Արթուր Բաղդասարյանին և իր թերթով անցկացնում իշխանական քարոզչամեքենայի արտադրած բոլոր «մուտիլովկաները»։

Մի խոսքով, եթե քաղաքական դաշտում մեկը պարբերաբար հայտարարում է իր անկաշառության մասին, ուրեմն մի բան կա։ Խոսքս, իհարկե, Արմեն Մարտիրոսյանին չի վերաբերում։ Նա անկեղծորեն համակրում է իշխանության «ողջախոհ» երիտթևին, և եթե մի բան էլ լինի, ապա դա կլինի գաղափարակա՛ն հողի վրա։

Այս խորագրի վերջին նյութերը