Մեկնաբանություն

08.05.2013 16:31


Ազատամարտի ռահվիրան և մարտական Լիսկան (տեսանյութ)

Ազատամարտի ռահվիրան և մարտական Լիսկան (տեսանյութ)

Այսօր Սերժ Սարգսյանը, երկրապահի օրվա կապակցությամբ, Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով է պարգևատրել ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Սուրեն Սերգեյի Խաչատրյանին կամ այլ կերպ ասած՝ Լիսկային։

Այդպիսով «Ազատամարտի ռահվիրա» հռչակված Սերժը յուրօրինակ ապտակ հասցրեց ամիսներ շարունակ իրեն քծնող և հացադուլի գնով կոալիցիա մտնել ցանկացող «իրավատեր» Րաֆֆի Հովհաննիսյանին։

Ինչպես հայտնի է, նախագահական ընտրությունների կեղծման համար Րաֆֆին մեղադրում էր բացառապես մարզպետներին ու համայնքապետներին։ Նա, Ազատության հրապարակում էժանագին շոուներ կազմակերպելով, համառորեն պահանջում էր Սյունքի մարզպետի հրաժարականը և համառորեն չէր ուզում հայտարարել, որ կեղծիքների գերագույն գլխավոր հրամանատարը նստած է Երևանի Բաղրամյան 26 հասցեում, այլ ոչ թե լեռնային Սյունիքում։

Րաֆֆուն թվում էր, թե ինքը Լիսկայի հետևից ընկնելով ու իշխանության «ողջախոհ» երիտթևի օգտին գեղամյանություն անելով՝ հաջողացնելու է ստանալ «Ժառանգության» համար PR անող ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանի աթոռը։ «Ստացավ»։

Ինչ վերաբերում է Սուրիկի պարգևատրմանը, ապա դրանով գործող նախագահը հանրությանը հասկացնում է, որ դրական է գնահատում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած մարտական գործողությունները, որի ժամանակ Լիսկան հարձակվեց գործարար կնոջ վրա ու հարվածներ հասցրեց (տե՛ս կից տեսանյութը)։

Այդ կադրերը դիտելուց հետո է, ամենայն հավանականությամբ, նախագահական նստավայրում ցանկություն առաջացել Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանը հանձնել Լիսկային։ Բա ուրիշ ո՞ւմ պետք է հանձնեին։ Մարդը կին գործարարի վրա ձեռք ու ոտք է բարձրացնում, ընտրությունների ժամանակ իր մարզում անհրաժեշտ տոկոս է «խփում» և ստրկացած վիճակում է պահում Գարեգին Նժդեհի պաշտպանած Սյունիքը։ Նման սխրանքներն առանց գնահատման չէր կարելի թողնել, և նախագահը նախաձեռնողականություն ցուցաբերեց։

Ի վերջո անարդար կլիներ, եթե տնտեսության հերն անիծած Տիգրան Սարգսյանը մնար վարչապետի աթոռին, իսկ Լիսկան մնար առանց պարգևի։ Չէ՞ որ Լիսկան ավելի պակաս վնաս է հասցնում պետությանը, քան տերտերական առոգանությամբ «ատկատները» կանոնակարգող վարչապետը։

Իրոք որ արդարամիտ է ՀՀԿ ղեկավարը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը