Մեկնաբանություն

08.05.2013 18:04


«Զորավարը» հետքե՞րն է մաքրում

«Զորավարը» հետքե՞րն է մաքրում

Երևանի ավագանու ընտրություններից հետո զբաղեցրած պաշտոնից ազատվելու և ընդհանրապես ոստիկանական համակարգից հեռանալու դիմում է ներկայացրել ՀՀ Անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Հովհաննես Քոչարյանը (նկարում՝ ձախից առաջինը): Նրա փոխարեն Վլադիմիր Գասպարյանի հրամանով այդ պաշտոնում նշանակվել է Նորայր Մուրադխանյանը, ով նախկինում զբաղեցնում էր նույն պաշտոնը։

Առաջին հայացքից ոչ այնքան կարևոր թվացող կադրային այս փոխատեղումն իրականում շատ հետաքրքիր ենթատեքստ ունի։

Բանն այն է, որ 2012թ. ԱԺ ընտրություններից առաջ ոստիկանապետ նշանակված Վլադիմիր Գասպարյանի կադրային առաջին փոփոխություններից մեկը եղավ հենց Անձնագրային և վիզաների վարչությում, և ղեկավար նշանակվեց Հ. Քոչարյանը։

Ինչպես հայտնի է, վերջին երկու համապետական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ բոլորն արձանագրեցին ոստիկանության դերի բարձրացումը իշխող ուժի համար տոկոս «խփելու» գործում։ Ավելորդ չէ հիշեցնելը, որ իր հայտնի ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանն ակամայից խոստովանեց, որ ընտրությունները կազմակերպելու համար ինքը պետք է միացնի պետական ոստիկանական մեքենան։

Շատ է խոսվում ընտրողների ուռճացված ցուցակների, մի քանի անձնագրերով բազմակի քվեարկություններ իրականացնող շրջիկ խմբերի, ընտրություններից առաջ շրջանառության մեջ հայտնված նոր անձնագրերի մեծ քանակի և մեկ հասցեի վրա տասնյակ ու նույնիսկ հարյուրավոր մարդկանց գրանցված լինելու մասին։ Այս ամենը հնարավոր չէր լինի առանց ոստիկանության և մասնավորապես անձնագրերի վարչության։ Ասել է թե՝ ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիայի ներդրումը հնարավոր չէր լինի առանց պետական ոստիկանական մեքենայի։

Եվ ահա ուշագրավ է, որ երեք խոշոր ընտրական գործընթացից հետո սեփական դիմումի համաձայն հեռանում է ՀՀ քաղաքացիների անձնագրերով զբաղվող ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան։ Այնպիսի տպավություն է, որ մավրն իր գործն արել է, և մավրը կարող է հեռանալ։

Թերևս «զորավարը» հետքերն է մաքրում։ Կամ էլ Հովհաննես Քոչարյանն ինքն է մաքրվում համակարգից ու մեկնում վաստակած հանգստի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը