Մեկնաբանություն

09.05.2013 12:55


Սերժ Սարգսյանի պատասխան «նամակը» Րաֆֆի Հովհաննիսյանին (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի պատասխան «նամակը» Րաֆֆի Հովհաննիսյանին (տեսանյութ)

Կառավարության «նոր» կազմի շուրջը ստեղծված թոհուբոհի մեջ մի փոքր մոռացության մատնվեց Րաֆֆի Հովհաննիսյանի պահը։

Ինչպես հայտնի է, նախագահական «ֆեյք» ընտրությունների ժամանակ պաշտոնական տվյալներով 2–րդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանն իր մի քանի օր չփոխած վադալազկան հագին՝ ներխուժել էր Սերժ Սարգսյանի կաբինետ ու առաջարկել ՀՀԿ–ի հետ միասնաբար գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների։ Մերժում ստանալավ իր սիրելի «ազատամարտի ռահվիրայից»՝ Րաֆֆին Ազատության հրապարակում, վադալազկան հագից չհանելով, նստեց հացադուլի ու Սերժից պահանջեց կոալիցիոն գործընկերություն։

Ճիշտ է, Րաֆֆին իր ՕԵԿ–ությանը տալիս էր «Իշխանության կիսում ժողովրդի հետ» անվանումը, բայց նրա առաջարկների «ախք»–ային էությունը նույնն էր։

Սերժն իր հերթին առաջարկեց դադարեցնել հացադուլը, կազդուրվել (երևի ուզեցել էր ասել՝ հոտած վադալազկան փոխել), թուղթ ու գրիչը վերցնել ու գալ Բաղրամյան 26։ Րաֆֆին չեմուչում արեց, ապրիլի 9–ին թատրոն կազմակերպեց, գնաց «զորավարի» հետ աղոթելու և վերջ։ Նրա առաքելությունն այդպիսով ավարտվեց։

Սերժին քծնող Րաֆֆին այժմ մնաց Երևանի ավագանում ՀՀԿ–ի աջակցությամբ ստացած 8 տոկոսի հույսին։ Դատելով ժառանգականների հիացական արձագանքներից՝ իրենք գոհ են ու երջանիկ ավագանու 7 մանդատի համար։

Հիմա բոլորն արդեն գիտեն, թե ով է Րաֆֆին և ինչ ֆունկցիա էր կատարում։ Միակ հարցը, որտեղ նա անկեղծ էր, պաշտոններ պահանջելն էր։ Հանգամանքների բերումով ստացած 540 հազ. ձայնը պտտեցրել էր Րաֆֆու գլուխը, և նա փորձում էր դուրս գալ իշխանությունների հետ նախնական պայմանավորվածություններից՝ «ֆեյքության» դիմաց նաև պաշտոններ պահանջելով։ Այդ թեմայով նույնիսկ շոու բեմադրվեց Ազատության հրապարակում։ Նիկոլ Փաշինյանն ու մյուս ներդրվածներն արդեն ստվերային կառավարություն–կառավարություն էին խաղում, անուններ տալիս, լուրջ դեմքով քննարկում այս կամ այն մարդու թեկնածությունն այս կամ այն պաշտոնին. տեսարանը շատ զվարճալի ու զավեշտական էր։ Ինչևէ։

Երեկ Սերժը վերջնականապես պատասխանեց «իրավատիրոջ» առաջարկներին, խնդրանքներին ու քծնանքներին՝ հաստատելով կառավարության կազմն ու պարգևատրելով Լիսկային։ «Ժառանգությունում» պետք է որ գոհ լինեն Սերժի այդ քայլերից, քանզի իշխանության «ողջախոհ» երիտթևի վկա Արմեն Մարտիրոսյանը դարձավ Երևանի քաղաքապետ (ինչպես Րաֆֆին էր հավաստիացնում), Անահիտ Բախշյանը՝ կրթության նախարար (ինչպես Րաֆֆին էր պահանջում), դե, իսկ Լիսկան հեռացվեց մարզպետարանից։

Այս ամենից եզրակացությունը մեկն է. պետք է մաքրել քաղաքական դաշտը րաֆֆիներից, այլապես Սերժ Սարգսյանը մշտապես կկարողանա տոկոս «խփել»։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը