Մեկնաբանություն

11.05.2013 15:21


Իշխանությունն ընդդեմ պետության

Իշխանությունն ընդդեմ պետության

Վերջին երկու համապետական ընտրություններն ու դրանց հավասարեցված Երևանի ավագանու ընտրություններն արձանագրեցին իշխանության հաղթանակը պետության նկատմամբ։

Իշխանության վերարտադրման գործիքի վերածված «ոստիկանություն–թաղային խուժան–պուտանկեք» եռամիասնությունը հաղթեց Հայաստանի Հանրապետության քաղաքականացված քաղաքացուն։ Ասել է թե՝ մենք հիմա ունենք հանրության մարգինալ շերտերի միջոցով պետական լծակներին վերատիրացած մարդկանց նեղ խումբ, որն իր ձեռքում է կենտրոնացրել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները։

Անգամ իշխող ուժ համարվող ՀՀԿ–ն է իշխանության սուբյեկտից վերածվել օբյեկտի։ ՀՀԿ–ն հիմա հիշեցնում փլուզվող կոմկուսը, իսկ իշխանությունը՝ մինչև վերջ կոռումպացված անվերահսկելի պոլիտբյուրոն։

Թաղային խոժանին հանելով քաղաքական համակարգի դեմ՝ իշխանությունները գնում են քաղաքական դաշտի ոչնչացման ճանապարհով ու փորձում են հասարակության մարգինալ հատվածի միջոցով ստեղծել ամբողջատիրական համակարգ։

Զարգացած ժողովրդավարական երկրներում էլ մարգինալներ կան, բայց նրանք չեն մասնակցում ընտրություններին, իսկ իշխանությունը նրանց ստիպելով չի բերում ընտրատեղամաս, սակայն մեզ մոտ հասարակության հատակում գտնվողներին հանեցին ջրի երես ու նրանց ուղարկեցին գիտակցաբար քվեարկող և ընտրակաշառք չվերցնող քաղաքացու դեմ։ «Մեկ մարդը՝ մեկ ձայն է» թեմայով քանակային անհավասար մարտում, բնականաբար, պարտվեց քաղաքացին։

Իշխող օլիգարխիան Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քաղաքական համակարգին հակադրեց մարգինալների համախումբը և հաղթանակ տոնեց։ Արդյունքում՝ թաղի տղա Տարոն Մարգարյանի համար ԿԸՀ–ն ավելի բարձր վարկանիշ «խփեց», քան քաղաքական ուժերի և նույնիսկ Սերժ Սարգսյանի։

Նկատենք, որ 2008–ից հետևողականորեն պայքար է մղվում ամեն մի քաղաքական երևույթի դեմ։ «Քաղաքականություն» բառն անգամ թիրախավորվել է։ Այս գործում ներգրավվել են «անկախ» լրատվամիջոցները, որոնք առավոտից երեկո թմբկահարում են այն մասին, որ քաղաքական կուսակցությունները, քաղաքական գործընթացները և ընդհանրապես քաղաքականությունը վատ բան են։ Խրախուսվում է ամեն մի ապաքաղաքական նախագիծ և քաղաքական փոփոխության չբերող ամեն մի ակցիա («բուծիկների» ապամոնտաժում, «կեղծիքադուլ», ծոմ, «Նոր Հայաստանի» երդմնակալություն, փակ շուկայի դեմ հերոսական պայքար, «քաղաքացիական պայմանագիր» և այլն)։

Բաղրամյան 26–ի քարոզչագործիքներն առաջարկում են շարժվել «քաղաքացիականության» ճանապարհով։ Թե ինչ է դա նշանակում գործնականում, երևաց Րաֆֆի Հովհաննիսյանի շոուների ժամանակ։ Բոլորն էլ տեսան, որ «ցանցային համակարգը», «հորիզոնական հարաբերությունները», «ինքնակազմակերպվող քաղաքացին», «քաղաքացիական ակտիվությունը» և նմանատիպ այլ մոդայիկ բաներն առանց հստակ քաղաքական ձևակերպումների և քաղաքական կառավարման տալիս են զրոյական արդյունք և ավարտվում «զորավարի» հետ մոմավառությամբ։ «Բարևի» հեղափոխության անփառունակ վախճանն ու Րաֆֆու՝ քաղաքական դիակի վերածվելը հենց պայքարի ապաքաղաքականացման ուղղակի հետևանքներն են, եթե իհարկե մի կողմ ենք դնում «Րաֆֆինացված» ՕԵԿ–ության պահը։

«Քաղաքացիական» տերմինը Ֆեյսբուքային «մտավորականության» ականջի համար միգուցե հաճելի է հնչում և առաջացնում «մտքի օրգազմ», բայց առանց քաղաքական բանաձևերի ու քաղաքական ուժերի հնարավոր չէ ոչ մի էական արդյունքի և դրական փոփոխության հասնել։ Դա շատ լավ գիտի իշխանությունն ու այդ իսկ պատճառով իր լրատվամիջոցներով «շաբաշ» է տալիս «քաղաքացիականներին» ու կատաղի պատերազմում քաղաքական երևույթների դեմ։

Այս իշխանություններին ձեռնտու է քաղաքական կյանքի ապաքաղաքականացումն այնպես, ինչպես բոլշևիկներին էր ձեռնտու միակուսակցական համակարգն ու պրոլետարիատի օգտագործումը։ Այն պրոլետարիատի, որի շահերի պաշտպանության դիրքերից հանդես գալով՝ բոլշևիկներն իրականում շահագործում էին աշխատավորությանը։

Հասարակության տիտղոսային շերտ հռչակված այսօրվա պրոլետարիատի դերը վերապահվել է «քաղաքացիականներին», որոնց մեջ շատ ազնիվ մարդիկ կան, բայց որոնք օգտագործվում են կամ կարող են որպես «ազնիվ քյարփինջ» օգտագործվել իշխանության կողմից, եթե շարունակեն հակադրվել քաղաքականին։

Քաղաքականի ու քաղաքացիականի հակադրումն, ի դեպ, իշխանական քարոզչամեքենայի հիմնական գործն է։ Այդ նպատակով «թունդ հեղափոխականների» կողմից շրջանառության մեջ են դրվել և իշխանությունների կողմից խրախուսվում են տարատեսակ նախագծեր. նիկոլփաշինյանների ու «1in.am»–ների գործունեությունը պետք է դիտարկել այդ համատեքստում։

Եվ այսպես, քաղաքականության հետ կապված ամեն մի երևույթին և քաղաքական դաշտին պատերազմ հայտարարելով՝ իշխանությունը դուրս են եկել պետության դեմ։ Թե ինչով կավարտվի այդ պատերազմը, կախված է ոչիշխանական քաղաքական ուժերից։ Ուզում ենք, թե չենք ուզում, ընդունում ենք, թե չենք ընդունում՝ Հայաստանում դիմադրության ռեսուրս կա միայն ԲՀԿ–ում, ՀՅԴ–ում և ՀԱԿ–ում։

Նշյալ երեք ուժերի դեմ իբր ընդդիմադիր դիրքերից պայքարող սուբյեկտները, կամա թե ակամա, ծառայություն են մատուցում Սերժ Սարգսյանին ու նրա շուրջը հավաքված մարդկանց նեղ խմբին։ Այլ հարց է, որ Հայաստանի ապագայով մտահոգ մարդիկ նշյալ ուժերից պահանջեն վերանայել իրենց մոտեցումներն ու վերնախավի կազմը։ Դա արդեն կլինի սրտացավ քննադատություն և կառուցողական վարքագիծ։

Վերջին ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ ԲՀԿ–ն ու ՀՅԴ–ն պետք է ներքին վերափոխման ենթարկվեն (ՀԱԿ–ն այդ ուղղությամբ քայլեր արեց ու մաքրեց սեփական շարքերն «ականներից» ու հաճախորդներից)։ Վերափոխմանը պետք է հաջորդի ուժերի ինտեգրման և միավորման գործընթացը։

Միայն հասարակական ու քաղաքական լայն համախմբմամբ է հնարավոր վերացնել քաղաքական մենաշնորհն ու մրցունակ տնտեսաքաղաքական դաշտ ստեղծել։ Իրական փոփոխությունների ձգտող քաղաքացիական հասարակությունն այդ դեպքում կդառնա քաղաքական ուժերի բնական դաշնակիցն ու կադրերի հիմնական մատակարարը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը