Մեկնաբանություն

13.05.2013 12:55


Ինչի՞ մասին է ակնարկում Ալիկ Սարգսյանը

Ինչի՞ մասին է ակնարկում Ալիկ Սարգսյանը

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը որոշել է «նյուզմեյքերություն» անելու հարցում հետ չմնալ գործող ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից։ Օրերս նա իշխանության թևերից մեկի շահերը սպասարկող թերթերից մեկին տված հարցազրույցում մի շարք ուշագրավ ու, ես կասեի, սենսացիոն մտքեր է հայտնել։

Այսպես. անդրադառնալով Տարոն Մարգարյանի աղմուկ հանած հայտարարագրին ու պետական ապարատում աշխատած տարիների ընթացքում նրա կուտակած ունեցվածքի մասով հնչող քննադատությանը՝ Ա. Սարգսյանը, փորձելով պաշտպանել Սերժ Սարգսյանից ավելի բարձր վարկանիշ ունեցող քաղաքապետին, նշել է հետևյալը. «Իսկ ոչի՞նչ, որ ինքն Անդրանիկ Մարգարյանի տղան է։ Հայրը վարչապետ է եղել երկար տարիներ։ Ինչի՞ եք ուզում ամեն ինչ բարդեք այդ երիտասարդ մարդու գլխին»։

Նկատենք, որ Ալիկ Սարգսյանն ուզեցել է օգտակար լինել էժանագին ձեթի գովազդ հիշեցնող պաստառի վրայի տղային, բայց լրիվ ուրիշ բան է դուրս եկել։ Նախագահի խորհրդականը, կամա թե ակամա, պետական միջոցները յուրացնելու մեջ մեղադրել է Տարոնի հորը՝ Անդրանիկ Մարգարյանին։

«Հայրը վարչապետ է եղել երկար տարիներ» ձևակերպումն օգտագործելով՝ Ալիկը հասկացնում է, որ Տարոնի ունեցվածքի մասին հայտարարագրում նշված միլիոնների կուտակման ժամանակահատված պետք է դիտարկել 2000-2007թթ., երբ վարչապետ էր Տարոնի հայրը։

«Ինչի՞ եք ուզում ամեն ինչ բարդեք այդ երիտասարդ մարդու գլխին» հարցադրումը հնչեցնելով՝ նախկին ոստիկանապետը, ըստ էության, ընդունում է, որ Տարոնի հայտարարագիրը պետական միջոցների յուրացման մասին վկայություն է, բայց խորհուրդ է տալիս ամեն ինչում չմեղադրել Տարոնին, քանզի նրա հայրը «սամ պանիմայեշ» թեմայով վարչապետ է եղել, և նորմալ է, որ որդուն ահագին բան է թողել։ Ալիկի ասելով ստացվում է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները լայն հնարավորություններ ունեն իրենց զավակներին կարգին ժառանգություն թողնելու, և Անդրանիկ Մարգարյանը բացառություն չի կազմել։

Եթե փորձենք բանաձևել Ա. Սարգսյանի ասածները, ապա կստանանք հետևյալ պատկերը. «Տարոնը ոչ թե թալանչի է, այլ թալանչու տղա, և հետևաբար՝ պետք չէ ամեն ինչ բարդել այդ երիտասարդի գլխին»։

Դե, Ալիկը նախկին ոստիկանապետ է։ Որ ասում է՝ Տարոնն այդքան էլ մեղավոր չէ, ուրեմն մի բան գիտի, և իմաստ չունի նրա հետ վիճելը։

Անցնենք առաջ։

Նախկին ոստիկանապետի մյուս ուշագրավ միտքն այն է, որ նա սխալ է համարում որևէ մեկին 3 տարուց ավելի նույն պաշտոնում թողնելը։ Փաստորեն, հինգ տարի շարունակ նախագահի պաշտոնում մնացած և մի այդքան էլ մնալ պատրաստվող Սերժ Սարգսյանը, ըստ Ալիկի, պետք է Բաղրամյան 26–ում չաշխատեր, քանզի նրա հեռանալու ժամանակը վաղուց եկել է։ Այս հարցում ևս դժվար է Ալիկ Սարգսյանի տված գնահատականի հետ վիճելը։ Նա Սերժի խորհրդականն է, և եթե կարծիք է հայտնում, ուրեմն մի բան գիտի։

Մնում է միայն հասկանալ, թե ինչո՞ւ է նախկին ոստիկանապետն այսչափ անկեղծացել։ Ամեն դեպքում՝ ողջունելի է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը