Մեկնաբանություն

14.05.2013 18:51


Սարգսյանը երդվեց գրեթե միայնակ և ժողովրդից մեկուսացած, իսկ Ծառուկյանի հրավերն ընդունեցին բոլորը

Սարգսյանը երդվեց գրեթե միայնակ և ժողովրդից մեկուսացած, իսկ Ծառուկյանի հրավերն ընդունեցին բոլորը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի ունեցավ Աբովյան քաղաքում կառուցված Սբ. Հովհաննես Մկրտչի անունը կրող եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցին կառուցվել է Ծառուկյանների ընտանիքի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և բազմաթիվ հրավիրյալներ:

Իր մասնակցությունն է ցուցաբերել նաև ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ-ից ներկա են գտնվել Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը:

Աբովյանում կառուցված եկեղեցու օծման արարողությանը մասնակցել են Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտը ներկայացնող գործիչներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ–ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և այլոք։

Նկատենք, որ մասնակիցների կազմը և «քաղաքական աշխարհագրությունը» շատ ավելի ներկայացուցչական էր, քան Սերժ Սարգսյանի երդման արարողության ժամանակ էր արձանագրվել։ ՀՀԿ ղեկավարը պարզապես կերազեր այսպիսի հավաք կազմակերպելու մասին։ Նա առավելագույնը կարողանում է Արտաշես Գեղամյանի ու Արթուր Բաղդասարյանի հետ համատեղ մի բան կազմակերպել, այն էլ՝ վերջիններիս «դհոլացված» և «ախքացված» վիճակում։

Մեկ այլ հակադրություն. Սարգսյանը երդվեց փակ դահլիճում և ոստիկաններով լցված քաղաքում՝ ժողովրդից մեկուսացած, իսկ Ծառուկյանի հրավերն ընդունեցին բոլորը, այդ թվում՝ շարքային քաղաքացիները։

Հիշեցնենք, որ ապրիլի 9–ին, երբ ՄՀՀ–ում, հիմք ընդունելով «խփված» տոկոսները, երդվում էր Սերժ Սարգսյանը, չէին մասնակցում խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերն ու ԲՀԿ–ի քաղաքական թիմը՝ Ծառուկյանի գլխավորությամբ։ Այդպիսով՝ ոչիշխանական ուժերն իրենց վերաբերմունքն էին արտահայտել կեղծված ընտրությունների վերաբերյալ։ Սերժն, ըստ այդմ, երդվեց բազմաթիվ թևերի բաժանված ՀՀԿ–ի ու 2008–ից հետո քաղաքական դիակի վերածված ՕԵԿ–ի ներկայությամբ, իսկ ԲՀԿ առաջնորդի հովանավորությամբ կառուցված եկեղեցու օծմանը մասնակցեցին բոլորը, այդ թվում՝ Ս. Սարգսյանը (թերևս, սրտի խորին կսկիծով)։ Ահա այս պահը լղոզելու համար էր, որ «անկախ» լրատվամիջոցները «սենսացիոն» նյութեր էին հրապարակում ԲՀԿ–ի ընդդիմություն չդառնալու մասին՝ «մոռանալով», որ ԲՀԿ–ն կոալիցիայից դուրս գալուց հետո հայտարարել է այլընտրանք դառնալու մասին, ու այդ առումով որևէ նոր բան չի ասվել։

Բացի այդ՝ «անկախ» լրատվամիջոցները «մոռացան» նաև անդրադառնալ Ծառուկյանի այն խոսքերին, որ ԲՀԿ–ն կոալիցիա մտնելու մտադրություն չի ունեցել և չունի։ Մինչդեռ նույն այդ լրատվամիջոցները մինչև երեկ գրում էին, թե իրենց ունեցած խիստ հավաստի տեղեկություններով ԲՀԿ–ն մտնելու է կոալիցիա։

ԲՀԿ–ի կոալիցիա մտնելու մասին սրանք գրում էին ԱԺ ընտրություններից առաջ և հետո, նախագահական ընտրություններից առաջ և հետո, Երևանի ավագանու ընտրություններից առաջ և հետո։ Գրում էին անընդհատ ու անդադար։ Գրում էր «1in.am»–ը, «Հայկական ժամանակը» և մյուս «.am»–ներն ու ժամանակները։ Դա իհարկե Սերժ Սարգսյանի շահերից էր բխում, քանզի ՀՀԿ ղեկավարը, հասկանալի պատճառներով, կուզենար ԲՀԿ–ին տեսնել կոալիցիայում։ Սակայն ցանկությունը մի բան է, իսկ իրականությունը՝ այլ։

Լրատվական դաշտի գեղամյանները հիմա պետք է «պլաստինկան» փոխեն։ Բայց ճիշտ կլինի, որ դրանից առաջ նախ հանդես գան «ներող կլինեք» ոճի մեջ ու բացատրեն, թե ինչու էին տարիներ շարունակ ստեր գրում, ապա նոր միայն անցնեն թարմ «մուտիլովկաներ» արտադրելուն ու տարածելուն։ Չնայած ումից ենք ինչ պահանջում։ «Անկախ» մամուլը հենց նրանով է «անկախ», որ պետք է հանրային ուշադրությունը Սերժի գլխավորած բուրգի դեմ պայքարից շեղի «քաղաքացիական» ու «հասարակական» տիրույթ, ինչպես նաև «ընդդիմադիր» դիրքերից պայքարի ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Ուշագրավ մի հանգամանք. Սբ. Հովհաննես Մկրտչի անունը կրող եկեղեցու օծման արարողությանը մասնակցող Սերժ Սարգսյանը դժգոհում է երկրում տիրող գաղջ մթնոլորտից։ Ասենք, որ այդ գաղջ մթնոլորտն առաջանում է այն դեպքում, երբ Սերժը մի կողմից մասնակցում է Ծառուկյանի օժանդակությամբ կառուցվող եկեղեցու օծման արարողությանը, իսկ մյուս կողմից նրա աշխատակազմի ներկայացուցիչների կուռացիայի տակ աշխատող լրատվամիջոցներն այդ թեմայի շուրջը էժանագին «վերլուծություններ» են հրամցնում ընթերցողներին։ Ասելս այն է, որ գաղջ մթնոլորտի պատվիրատուն Բաղրամյան 26–ն է։

Այս խորագրի վերջին նյութերը