Տնտեսական

15.05.2013 12:27


Վահագն Խաչատրյան. Կյանքը կթանկանա մինչեւ 50 տոկոսով

Վահագն Խաչատրյան. Կյանքը կթանկանա մինչեւ 50 տոկոսով

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համոզված է, որ գազի թանկացումը մի քանի ամսվա ընթացքում անխուսափելիորեն կազդի ծառայությունների եւ ապրանքների գների վրա՝ 20-ից 50 տոկոսով ավելացնելով դրանք:

Հիշեցնենք, որ «Հայռուսգազարդը» Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովին բնական գազի նոր սակագներ է առաջարկել: Ըստ այդմ 10 հազար խմ-ից պակաս սպառողների համար գազը կթանկանա 64 տոկոսով, իսկ խոշոր սպառողների համար` 61 տոկոսով:

«Ամենայն հավանականությամբ, կհայտնվի «բարեգութ» կառավարությունը եւ կհայտարարի, թե` գիտեք ինչ, «Հայռուսգազարդը 64 տոկոսով է առաջարկում թանկացնել բայց մենք բանակցությունների արդյունքում հասանք նրան, որ 50 տոկոս կամ 55 տոկոսով թանկացավ», - iLur.am-ի հետ զրույցում նկատեց Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետի խոսքով, նախ` միանգամից ավելանալու են ծախսերը անմիջապես գազի վճարումների հետ կապված, բացի դրանից, կթանկանա էլեկտրաէներգիան, որովհետեւ Հայաստանում էլեկտրաէներգիայի 38 տոկոսը արտադրվում է ՋԷԿ-երում:

«Ըստ նախնական տեղեկությունների, էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրացվի հունիսի 1-ից, լավագույնը` հուլիսի 1-ից: Այսինքն, հուլիսին կամ օգոստոսին մենք դա կզգանք: Կարծում եմ, որ այս թանկացումը կազդի նաեւ տրանսպորտի սակագների վրա: Այսօր Հայաստան ներկրվող գազի 55 տոկոսից ավելին օգտագործվում է տրանսպորտոի վրա: Ստացվում է այնպես, որ մենք կամ հուլիսի, կամ օգոստոսի 1-ից էապես այլ միջավայրում կհայտնվենք, որտեղ ապրանքները եւ ծառայությունները 20-ից 50 տոկոսով կավելանան»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետը չի կարծում, որ թանկացումներին զուգահեռ մարդկանց եկամուտներն այնքան կավելանան, որ հնարավոր լինի ամբողջ ծավալով փոխհատուցել դրանք:

Նրա համոզմամբ, նախ, կաթնամթերքի շուկայում, այնուհետեւ՝ ամենազգայուն՝ գազի թանկացումների ժամանակահատվածը պատահաբար չի ընտրված: Քանի որ, ըստ նրա, Հայաստանում գները ձեւավորվում են, ոչ թե ազատ շուկայական հարաբերությունների տրամաբանությամբ, այլ քաղաքական որոշումների արդյունքում: Տնտեսագետը հիշեցնում է, որ դեռեւս 2011-ի երրորդ եռամսյակից Հայաստան ներմուծվող գազի սակագնի թանկացում է տեղի ունեցել:

«Եվ այդ ժամանակ արդեն տեղեկություններ կային, որ Ռուսաստանը գազի թանկացումը կասեցնելու դիմաց Հայաստանից պահանջել է Հայռուսգազարդի ամբողջ փաթեթը (մենք դեռեւս 20 տոկոսի սեփականատեր ենք), դրան գումարած` կամ Որոտան ՀԷԿ-ը, կամ այլ սեփականություն Հայաստանում: Եվ նաեւ լավ հիշում ենք, որ այն ժամանակ էներգետիկայի նախարարը վստահեցնում էր, որ այդպիսի բան չկա, դա իրականությանը չի համապատասխանում, բայց հետագայում պարզվեց, որ շատ լավ էլ համապատասխանում է` իրականում Հայաստան մտնող գազը թանկացել էր, բայց դա մեզ՝ սպառողներիս չէր վերաբերում», - նշեց պարոն Խաչատրանը: Նրա խոսքով, իշխանությունը գազի թանկացումը ներքին շուկայում զսպեց մինչեւ ընտրությունների շրջանի ավարտը:

«Եթե այս ամենը ի հայտ գար ընտրություններից առաջ, չեմ կարծում, որ անգամ 10 հազար դրամ ընտրակաշառքի կամ ընտրակեղծարարության շնորհիվ իշխանությունները ի վիճակի լինեին վերարտադրվել: Բայց տեսեք՝ ինչ է անում իշխանությունը. ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում այդ 10 հազար դրամը տարավ, հիմա այս գազի գնի թանկացման արդյունքում բոլոր խնայողությունները կտանի, եթե այդպիսիք կան», - նկատեց տնտեսագետը:

Նա ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը գազը թանկացել է ընդամենը 38 տոկոսով, այնինչ, «Հայռուսգազարդը» առաջարկում է ավելացնել գները ավելի քան 64 տոկոսով՝ բուն գազի գնին ավելացնելով սպասարկման, բաշխման եւ այլ ծախսեր:

«Այսինքն, «Հայռուսգազարդը» չի ուզում իր եկամուտներից հրաժարվել, չի ուզում իր աշխատողների բարձր աշխատավարձերը կրճատել: Այս վերջին մեկուկես տարվա ընթացքում «Հայռուսգազարդը» խոշոր վնասներ է կրել` մոտ 30 միլիոն դոլար պայմանական վնաս: Որովհետեւ Հայաստան է բերել թանկացված գնով գազ եւ վաճառել է էժան գնով: Հիմա ինքը շատ արագ ուզում է փոխհատուցել: Հիմա էստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում. ուր մնաց կառավարական մակարդակով բանակցությունները, ուր մնացին Պուտին-Սերժ Սարգսյան բանակցությունները, երբ որ նրանք քննարկում էին գազի գնի հարցը: Սրանք հարցեր են, որոնք պետք է ուղղել կառավարությանը», - ամփոփեց Վահագն Խաչատրյանը:

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը