Լրահոս

23.11.2010 17:22


Կարինե Նալչաջյան. «Ընտանիքում դավաճանության պատճառը սպասելիքների չարդարանալն է»

«7օր»-ի հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանը խոսել է ընտանեկան դավաճանությունների մասին և ասել, որ դավաճանությունների թվի որոշակի աճ կա։ Դա կարող է պայմանավորված լինել մշակութային չափորոշիչների փոփոխությամբ։

-Մեր էթնամշակութային միջավայրում ամուսնական դավաճանությունը, հատկապես կնոջ դավաճանությունը, անընդունելի է,-ասել է նա՝ ավելացնելով, որ ընտանեկան արժեքները մեզանում այնպիսի կենտրոնական նշանակություն ունեն, որ ամուսնական դավաճանությունը դիտարկվում է որպես ընտանիքի հիմքերը կործանող գործոն։

Ընդհանրապես, մարդիկ ամուսնությունից որոշակի ակնկալիքներ և սպասելիքներ ունեն։ Կինը ամուսնու դերի վերաբերյալ որոշակի պատկերացումներ և ակնկալիքներ ունի, նույնն էլ՝ տղամարդը։ Եվ երբ այդ ակնկալիքները չեն արդարանում, մարդը հիասթափություն է ապրում և սկսում է իր համար ավելի հաճելի  հանդիպումներ ու շփումներ որոնել ընտանիքից դուրս։

-Այսինքն, ընտանիքում դավաճանության պատճառը հիմնականում սա է՝ երբ սպասելիքները չեն արդարանում,-նշել է հոգեբանը։

Նա նաև հավելել է, որ ամուսնական դավաճանության կարևորագույն պատճառներից մեկն էլ սոցիալական անբարենպաստ, այժմ՝ նույնիսկ բարենպաստ պայմաններն են՝ նկատի ունենալով այն, որ այժմյան «օլիգարխների» համար երիտասարդ և գեղեցիկ սիրուհի ունենալն ընկալվում է որպես իրենց գրպանի պարունակությունն ապացուցող մի բաղադրիչ։

Այս խորագրի վերջին նյութերը