Մեկնաբանություն

16.05.2013 17:01


ԲՀԿ–ն և «խաղերի» տեսությունը

ԲՀԿ–ն և «խաղերի» տեսությունը

Ո՞րն է ԲՀԿ–ի հակասությունը իշխանության հետ։ «Անկախ» մամուլն ու ոչ պակաս «անկախ» փորձագետները, քաղտեխնոլոգներն ու «քաղաքական» գործիչները պնդում են, որ որևէ հակասություն չկա, և ամեն ինչ խաղ է։ Իրականությունը, սակայն, այլ է, քանզի չի կարող հակասություն, լուրջ հակասություն չլինել բոլշևիկյան մտածողությամբ առաջնորդվող իշխանության և գերկենտրոնացված տնտեսաքաղաքական համակարգին դեմ արտահայտվող ազգային բուրժուազիայի ինստիտուցիոնալ ներկայացուցիչ ԲՀԿ–ի միջև։

Որքան էլ փորձ արվի սերժահաճո կոդերով ամեն ինչ ներկայացնել խաղերի ու պայմանավորվածությունների տիրույթում, դա այդպես չէ։

Խոսենք փաստերով։

«Խաղ» 1–ին. կոալիցիոն հուշագիր և միասնական ցուցակ

Սերժ Սարգսյանն ու իր թիմն ամեն ինչ անում էին, որ ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով մասնակցի ԱԺ ընտրություններին (ականջդ կանչի, Րաֆֆի Հովհաննիսյան), իսկ նախագահական ընտրությունների ժամանակ էլ պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Պարզ էր, որ այդ դեպքում ԲՀԿ–ն կդադարեր ինքնուրույն ուժ լինելուց և ժամանակի ընթացքում կվերանար։

ԲՀԿ–ին միասնական ցուցակ մտցնելու նպատակով կիրառվում էին քարոզչա–հոգեբանական ու վարչա–մենթական ճնշումներ։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զբաղված էր ԲՀԿ–ականների դեմ էժանագին «սարքոցիներով», իսկ «անկախ» մամուլը՝ էժանագին բամբասանքներ տպելով։

Տեղեկատվական դաշտում անընդհատ տարածում էին, թե չնայած այն բանին, որ ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարում են ԱԺ ընտրություններին առանձին մասնակցելու մասին, դա ընդամենը խաղ է. այլևս կասկած չի հարուցում այն, որ ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ համատեղ ցուցակով է մասնակցելու, և հետևաբար՝ իր քաղաքագիտական վերլուծության մեջ սխալվել է Լևոն Տեր–Պետրոսյանը։ Այս առումով Բաղրամյան 26–ի շահերը ներկայացնում և հակածառուկյանական «մուտիլովկաները» պտտեցնում էին «թունդ հեղափոխական» Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակը» և «քաղբանտարկյալ» Արման Բաբաջանյանին պատկանող «1in.am» կայքն ու «Ժամանակ» օրաթերը (մյուս «անկախ» լրատվամիջոցները պատճենում էին նշյալ լրատվամիջոցների արտադրանքը)։ «Հայկական ժամանակը» «հավաստի տեղեկություն» էր հրապարակում այն մասին, որ Ծառուկյանը համաձայնել է ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակին, իսկ «1in.am»-ը, որպես կայացած փաստ ընդունելով «Հայկական ժամանակի» նետած ապատեղեկատվությունը, «վերլուծություններ» էր ներկայացնում այն մասին, թե ինչպես Սերժին հաջողվեց ոչնչացնել ԲՀԿ–ին։

Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ «Հայկական ժամանակի» հավաստի աղբյուրներն ընդամենը սկիզբ էին առնում նախագահական նստավայրից և ճանապարհին ցամաքում, քանզի Գագիկ Ծառուկյանը ԱԺ ընտրություններին մասնակցեց առանձին ցուցակով։

Այդպիսով՝ ԲՀԿ առաջնորդը պատռեց 2011թ. ստորագրած կոալիցիոն հուշագիրը։

«Խաղ» 2-րդ. նոր կոալիցիա

Անհաջողության մատնվելով «Միասնական ցուցակ» օպերացիայում՝ իշխանություններն իրենց ենթական լրատվամիջոցների («Հայկական ժամանակ», «1in.am» և այլն) ու քաղաքական գործակալների (Նիկոլ Փաշինյան, Արամ Սարգսյան, Պետրոս Մակեյան, Դավիթ Շահնազարյան, Անդրանիկ Քոչարյան, «Ժառանգություն» կուսակցության մի շարք անդամներ և այլն) միջոցով շրջանառության մեջ դրեցին հետևյալ թեզը. «ԲՀԿ–ՀՀԿ միասնական ցուցակի չկայանալը խաղ է, քանզի ԲՀԿ–ն Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված է քննադատում կառավարության գործունեությունը և առանձին մասնակցում ԱԺ ընտրություններին, որպեսզի ընդդիմադիր ձայները վերցնի ու շարունակի մնալ կոալիցիայում»։

Ինչպես հայտնի է, տեղի ունեցավ ճիշտ հակառակը. ԲՀԿ–ն ԱԺ ընտրություններից հետո լքեց կոալիցիան՝ մերժելով 6 նախարարական և 3 մարզպետական աթոռներ տնօրինելու առաջարկը։

«Խաղի» տեսությունը ԲՀԿ–ի մասով հերթական անգամ պայթեց, բայց վերոնշյալ լրատվամիջոցներն ու հաճախորդները շարունակեցին նույն ոգով խոսել արդեն նախագահական ընտրությունների և նոր խաղերի թեմայով։

«Խաղ» 3–րդ. ԲՀԿ–ն կսատարի Սերժ Սարգսյանին և կմտնի կոալիցիա

Նախագահական ընտրություններից առաջ «Հայկական ժամանակը» գրում էր, թե Գագիկ Ծառուկյանն առաջադրվելու է նախագահական ընտրություններին, որպեսզի Արթուր Բաղդասարյանի նման խլի ձայներն ընդդիմադիր դաշտից ու հետո միանա Սերժ Սարգսյանին։

«Թունդ հեղափոխական» և «Լևոն Տեր–Պետրոսյանից ավելի լևոնական» Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին կարծիք էր հայտնում, որ նախագահական ընտրությունների ժամանակ ճիշտը ՀԱԿ առաջնորդի թեկնածությունը պաշտպանելն է և սխալ կլինի, եթե ՀԱԿ–ը պաշտպանի Ծառուկյանի թեկնածությունը, բայց երբ Ծառուկյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու և չի պաշտպանելու այլ թեկնածություն, Նիկոլն անմիջապես «մոռացավ», որ իր թերթը հարյուր տոկոս համոզվածություն էր հայտնել Ծառուկյանի առաջադրման ու իշխանության հետ խաղի մասին, իսկ ինքն էլ հարյուր տոկոսով կողմ էր Լևոնի առաջադրվելուն։ Ծառուկյանի չառաջադրման հաջորդ իսկ օրը Նիկոլը սկսեց դեմ արտահայտվել Տեր–Պետրոսյանի առաջադրվելուն։

Ուշագրավն այն է, որ այդքանից հետո փոխանակ լռելու՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ քաղխորհրդի որոշումից անմիջապես հետո քաղաքական ու լրատվական դաշտի հաճախորդները սկսեցին համոզմունք հայտնել, թե Ծառուկյանը փոխվարչապետի պաշտոնի դիմաց պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Այդ «մուտիլովկան» շատ ակտիվորեն տարածում էին տխրահռչակ «Հայկական ժամանակն» ու «1in.am»–ը։

Ինչպես հայտնի է, Ծառուկյանը Սերժին չպաշտպանեց, կոալիցիա չմտավ, Սերժի օգտին «խփված» տոկոսների կապակցությամբ նրան չշնորհավորեց, «ազատամարտի ռահվիրայի» երդման արարողությանը չմասնակցեց։ Այսինքն՝ հարյուր տոկոսով հերքվեցին բոլոր այն «հավաստի լուրերն» ու «անաչառ» վերլուծությունները, որոնք հրամցվում էին հանրությանը, բայց խաղերի տեսության սիրահարները շարունակում են փչացած «պլաստինկայի» նման նույն «լադի» վրա մնալ։

Այս ամենը ցույց է տալիս, թե իրականում ովքեր են խաղում, և ամենակարևորը՝ ովքեր են «ժողգործիքի» դեր կատարում։ Մնացածը դատարկ խոսակցություններ են։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը