Մեկնաբանություն

17.05.2013 15:56


Երդման և օծման տարբերությունները

Երդման և օծման տարբերությունները

Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Աբովյանում կառուցված եկեղեցու օծման արարողությանը մասնակցում էր հայաստանյան քաղաքական դաշտի ամբողջ վերնախավը՝ ընդդիմությունից մինչև իշխանություն։ Ծառուկյանի հրավերն ընդունել էին ՀՀ երեք նախագահները։ Ճիշտ է, Լևոն Տեր–Պետրոսյանը, հասկանալի պատճառներով, անձամբ չէր մասնակցում, բայց ներկա էին նրա կինը և ՀԱԿ փոխնախագահներ Լևոն Զուրաբյանն ուԱրամ Մանուկյանը։

Սբ. Հովհաննես Մկրտչի անունը կրող եկեղեցու օծման արարողությանը մասնակցում էին ԱԺ–ում խմբակցություններ ունեցող բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները։

Թեև տեղեկություն էր տարածվել, թե միջոցառմանը ներկա չի լինելու վարչապետ Տիգրան Սարգսյանը, բայց նա ևս եկել էր։ Եթե չգար էլ, ապա նրա բացակայությունը չէր զգացվի։

Պարզ է, որ այս ամենը չի խոսում նշյալ մարդկանց և ուժերի միասնականության մասին։ Սա խոսում է այն մասին, որ Ծառուկյանն այս պահին միակ գործիչն է, ով կարող է այդպիսի ներկայացուցչականություն ապահովել՝ գումարած արտերկրից ժամանած նախագահ Լուկաշենկոն։ Դուր է գալիս դա ոմանց, թե դուր չի գալիս, լավ է դա, թե վատ, այլ խոսակցության թեմա է։ Փաստն այն է, որ քաղաքական այնպիսի կարևորագույն իրադարձություն, ինչպիսին նախագահի երդման արարողությունն է, իր ներկայացուցչականությամբ և այլ չափորոշիչներով զգալիորեն զիջում էր Աբովյանում տեղի ունեցած օծման արարողությանը։

Զուգահեռներ անցկացնելով երդման և օծման արարողությունների միջև՝ ստանում ենք հետևյալ պատկերը.

1.Սերժ Սարգսյանն ապրիլի 9–ին երդվեց քաղաքական դաշտի նեղ շրջանակը ներկայացնող ուժերի ներկայությամբ և գաղջ մթնոլորտում, մինչդեռ Գագիկ Ծառուկյանի հրավերն ընդունել էին բոլորը, և առկա էր տոնական տրամադրություն կազմակերպիչների ու հյուրերից շատերի մոտ։ Սերժ Սարգսյանն ամեն ինչ կտար, որպեսզի Մարզահամերգային համալիրում նույնպես լայն ներկայացուցչականություն ապահովվեր և գոնե տոնի իմիտացիա լիներ, սակայն դա նրա ուժերից վեր էր։ Հնարավոր չէ չարձանագրել, որ միջոցառման շուրջ իրարանցումն Աբովյանում ավելի շատ էր, քան մեկ ամիս առաջ ՄՀՀ–ում։ Անգամ իշխանական ու «անկախ» լրատվամիջոցների հրապարակումները ցույց տվեցին, որ ավելի մեծ հնչեղություն են ստացել օծման արարողությունն ու հարակից գործընթացները, քան ՄՀՀ–ում տեղի ունեցածը։

2.Ծառուկյանն ու իր քաղաքական թիմը չգնացին Սարգսյանի երդման արարողությանը, մինչդեռ վերջինս եկել էր Աբովյան և այլոց հետ միասին ունկնդրում էր ԲՀԿ առաջնորդի բացման խոսքը։ Սերժի երդման արարողությանը ԲՀԿ քաղաքական թիմի չմասնակցելն ավելի ընդգծեց այն մեկուսացված վիճակը, որում հայտնվել է ՀՀԿ առաջնորդը «շռնդալից» հաղթանակից հետո։ Ուշագրավն այն է, որ եթե նա եկեղեցու օծմանը չմասնակցեր, ապա կրկին հայտնվելու էր մեկուսացման մեջ։

3.Սարգսյանը երդվեց փակ դահլիճում և ժողովրդի աչքից հեռու, ինչը անբնական է ԿԸՀ–ի տվյալներով 57% ստացած նախագահի պարագայում։ Եթե ընտրությունների արդյունքներն արտացոլեին ժողովրդի իրական ցանկությունները, ապա մարդիկ պետք է ինքնաբուխ և խանդավառված հետևեին երդման արարողությանը և շրջապատեին ՄՀՀ–ի շենքը՝ ընտրյալ նախագահին ողջունելու և «ուռա»–ներով դիմավորելու համար։ Մինչդեռ ժողովուրդը հավաքվել էր Ազատության հրապարակում (շատերը դեռ չէին պատկերացնում, որ «իրավատերը» «Նոր Հայաստանի» երդման արարողությունից ժամեր անց վերածվելու է «աղոթած էշի»)։

4.Սարգսյանը երդվեց փակ դահլիճում, իսկ ահա Ծառուկյանն իր բացման խոսքն ասաց ոչ միայն քաղաքական ընտրանու, այլ նաև ժողովրդի ներկայությամբ։ Որևէ մեկն Աբովյանում չէր անիծում միջոցառման կազմակերպչին և չէր գոռում՝ հեռացի՛ր։

5.Երդման օրը մայրաքաղաքը լցված էր մահակներով ու վահաններով զինված ոստիկաններով, որոնք ժողովրդից պաշտպանում էին 57% «խփած» նախագահին, իսկ Աբովյանում ոստիկանությունն ընդամենը նման հավաքների համար նախատեսված քայլեր էր ձեռնարկել և հետևում էր կարգ ու կանոնի պահպանմանը. չկային մահակներ ու վահաններ։

6.Ապրիլի 9–ին ժողովուրդն ուզում էր գնալ Բաղրամյան 26 և իր ասելիքն ասել «ընտրյալ» նախագահին, սակայն իշխանությունները, Րաֆֆի Հովհաննիսյանի օգնությամբ, մի կերպ խուսափեցին ժողովրդի հետ առերեսվելուց. ամեն ինչ ավարտվեց «զորավարի» հետ համատեղ մոմավառությամբ ու առողջարարական քայլքով։

7.Երդման արարողությանը դրսից եկած ամենաբարձրաստիճան «պաշտոնյան» «Քոմեդի քլաբը» ներկայացնող կոմիկ Մ. Գալստյանն էր, իսկ եկեղեցու օծմանը դրսից ներկա էր Բելառուսի նախագահը։ Ճիշտ է, Լուկաշենկոն միջազգային արենայում այն կշիռը չունի, բայց Սարգսյանի երդմանը նույնիսկ ավելի ցածր կշիռ ունեցող նախագահ չէր ժամանել արտերկրից։ Իշխանությունների միակ հույսն ադրբեջանամետ դիրքորոշմամբ հայտնի Սահակաշվիլին էր, բայց նա էլ չեկավ։

Սրանք էին այն հիմնական տարբերությունները, որոնք արձանագրվեցին ապրիլի 9-ին և մայիսի 14–ին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը