Մեկնաբանություն

20.05.2013 15:50


«Ժառանգության» «կրուտիտները»

«Ժառանգության» «կրուտիտները»

Ինչպես հայտնի է, ՀԱԿ–ն ու «Ժառանգությունը» Երևանի ավագանու ընտրությունների առնչությամբ դիմել են դատարան։ Նկատենք, սակայն, որ էական տարբերություն կա ՀԱԿ–ի ու «Ժառանգության» ներկայացրած հայցերի միջև։

Նշյալ ուժերի հայցերին ծանոթանալիս պարզ է դառնում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի «Բարև Երևան» դաշինքն ընտրություն կոչված միջոցառման արդյունքները բողոքարկելու իմիտացիա է ապահովում, այլ ոչ թե հանդես է գալիս ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու և նոր ընտրություններ անցկացնելու հայցով։ Այսինքն՝ Րաֆֆին փորձում է իրավական նրբություններից անտեղյակների մոտ ընդդիմադիր դիրքորոշում ցուցաբերել, բայց միևնույն ժամանակ իշխանությունների համար անվնաս գործողություններ իրականացնել։

Բանն այն է, որ «Բարև Երևան» դաշինքը Վարչական դատարանին է դիմել միայն ԿԸՀ կայացրած որոշումը անվավեր ճանաչելու պահանջով, իսկ ընտրությունների արդյունքների մասին որևէ պահանջ ներկայացված չէ: Մինչդեռ ՀԱԿ–ի դիմումը որպես հետևանք ենթադրում է մայիսի 5–ին կայացած ընտրությունների չեղյալ հայտարարում և նոր ընտրությունների նշանակում։ Սրանք էական տարբերություններ են։

«Բարև Երևանի» ու ՀԱԿ–ի ներկայացրած հայցերի բովանդակային տարբերությունն է պատճառը, որ առաջինի հայցով դատը լսվելու է 1 դատավորի կողմից, իսկ ահա երկրորդի հայցը քննարկվելու է 5 դատավորներից կազմված խմբի կողմից, քանզի օրենսդրությունն է այդպես նախատեսել։

Այսպես, համաձայն ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի հոդված 145–ի՝ ընտրական գործերը միանձնյա քննում և լուծում է վարչական դատարանի դատավորը, բացառությամբ`1) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների, թեկնածուների ու կուսակցությունների ընտրական ցուցակները, ցուցակներում ընդգրկված թեկնածուներին գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական ակտերի իրավաչափությունը վիճարկելու մասին գործերի, որոնք ըստ էության քննում և լուծում է վարչական դատարանը` կոլեգիալ` 5 դատավորի կազմով։

ՀԱԿ–ը հենց ընտրությունների արդյունքների առնչությամբ է դիմել, և դա է պատճառը, որ հայցը լսվելու է հինգ դատավորի մասնակցությամբ (ինչպես օրենքն է պահանջում), իսկ ահա «Բարև Երևանի» հայցը արդյունքների հետ չի կապված, և բնական է, որ Վարչական դատարանը մեկ դատավորով է նիստ անցկացնելու։ Սրանք իրավական հարցեր են, որոնք բացահայտում են քաղաքական ուժերի իրական մտադրություններն ու շարժառիթները։

Ավելորդ չէ նշել, որ Րաֆֆու թիմի հայցի վերջնարդյունք կարող է լինել առավելագույնը ԿԸՀ որոշման տեխնիկական անճշտության վերացումը (եթե դրանք ապացուցվեն), ինչը չի հանգեցնելու ընտրության արդյունքների վերանայմանը։ Բայց եթե բավարարվի ՀԱԿ–ի հայցը, ապա չեղյալ կհայտարարվեն Երևանի ավագանու ընտրության արդյունքները, և կնշանակվեն նոր ընտրություններ։

Մի կողմ թողնենք այն հարցը, որ դատարանները մեզանում գործադիր իշխանության կցորդներ են և հազիվ թե որոշեն չեղյալ հայտարարել ընտրության արդյունքները։ Տվյալ դեպքում էականն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր «թունդ հեղափոխական» ընկերները նույնիսկ ֆորմալ առումով ընտրությունների արդյունքների վերանայման հայց չեն ներկայացրել, բայց իշխանական լրատվամիջոցներում ու փոքրիկ դահլիճներում ընդդիմադիր շեշտադրումներով բոցաշունչ ելույթներ են ունենում։

Եվ այսպես, «Ժառանգության» անդամների այն պնդումները, թե իրենք քննադատում են Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումները, ընդամենը PR նպատակ են հետապնդում։

Մի խոսքով՝ «Ժառանգությունը» շարունակում է «կրուտիտներ» անելու քաղաքականությունը և իշխանության «ողջախոհ» երիտթևի ձեռքում գործիք լինելու դերը։

Բայց բնության մեջ բոլոր փուչիկներն ի վերջո պայթում են։ Րաֆֆին էլ է պայթել, ավելին՝ քաղաքական դիակ է դարձել, պարզապես Բաղրամյան 26–ը դեռ չի շտապում թաղել իր հաճախորդին, քանզի գնալով դժվարանում է նոր հաճախորդների աճեցումը. Նիկոլ Փաշինյանի «քաղաքացիական պայմանագրին» միայն Արմեն Աշոտյանը դրական արձագանք տվեց, Արամ Զավենի Սարգսյանը վաղուց բացահայտված է և ընդդիմություն է խաղում ՀՀԿ–ական Ռուբեն Հայրապետյանի զգոն հայացքի ներքո՝ հանգստյան օրերին իր տանն ընդունելով իշխանության կարկառուն ներկայացուցիչներին, Պետրոս Մակեյանի ու նրա նմանների ասածները գնացող քարավանի հետևից հաչող շան ազդեցությունից այն կողմ չեն անցնում, դե իսկ Դավիթ Շահնազարյանը ձևականությունների հետևից չի ընկնում և բաց տեքստով է պաշտպանում Սերժ Սարգսյանին։ Այս պայմաններում Բաղրամյան 26–ին այլ բան չի մնում, քան օգտագործել «իրավատիրոջը»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը