Մեկնաբանություն

21.05.2013 00:30


Մարտի 1-ով եկածը մարտի 1–ով կգնա

Մարտի 1-ով եկածը մարտի 1–ով կգնա

2008թ. նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանին աջակցող մամուլը մի հեքիաթ էր դրել շրջանառության մեջ, ըստ որի՝ բարի ՀՀԿ ղեկավարը հոգու խորքում դեմ է եղել մարտի 1–ին ուժ կիրառելուն, սակայն իշխանության չար թևը գնացել է այդ քայլին։ Լավ է, որ չէին ասում, թե Սերժը բարձի տակ հոնգուր–հոնգուր լաց է եղել և չի ցանկացել արյան գնով բազմել նախագահի աթոռին, բայց նրան զոռով բերել են Բաղրամյան 26 ու կարգել նախագահ։

Իրականությունը, բնականաբար, լրիվ այլ է։

Ինչպես հայտնի է, մարտի 1–ին ստեղծված այսպես կոչված շտաբը գործել է կառավարության շենքում, իսկ ՀՀ վարչապետն այն ժամանակ Սերժ Սարգսյանն էր։

Ինչպիսի հեքիաթներ էլ տարածեն «անկախ» լրատվամիջոցներն, ու ինչպիսի գնահատականներ էլ հնչեցնեն քաղաքական դաշտի հաճախորդները, ակնհայտ է, որ մարտի 1–ի թիվ մեկ, այսպես ասած, շահառուն Սերժ Սարգսյանն է։ Չլինեին մարտի 1–ի ուժային գործողությունները, Սերժ Սարգսյանը չէր դառնա նախագահ, իսկ ինչպես բազմիցս համոզվել ենք՝ նախագահի աթոռին բազմելը նրա միակ նպատակն ու ինքնանպատակն է։

Փողի հանդեպ պաթոլոգիկ սերը Սերժին ստիպում է բացարձակ իշխանություն ունենալ, իսկ բացարձակ իշխանությունն էլ իր հերթին ծնում է բացարձակ այլասերված հարաբերություններ։

Այդ այլասերվածության և լկտիության դրսևորումներից էր ԱԺ–ում տեղի ունեցած քվեարկությունը մարտի 1–ի դեպքերի ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծման հետ կապված։ Թեև ՀՀԿ–ն ամիսներ առաջ խոստացել էր ընտրական գործընթացների ավարտից հետո ստեղծել այդ հանձնաժողովը, սակայն դրժեց իր խոստումը, քանզի Բաղրամյան 26–ից համապատասխան հրահանգ էր ստացել։ ՀՀԿ–ական մեծամասնությունն այդպիսով «փչացավ», քանզի ցույց տվեց, որ իր տված խոստումն արժեք չունի, և որ ինքը միայն ցուցումով կոճակ սեղմող զանգված է։

ՀՀԿ–ից ձեռնպահ քվեարկեց միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Մնացածը կա՛մ բացակայում էին, կա՛մ դեմ քվեարկեցին։ Դեմ էր նաև ՀՀԿ–ի կցորդ ՕԵԿ–ը, թեև այդ կուսակցության մեծ մասը բացակայում էր քվեարկությունից (թերևս հետագայում պատասխանատվությունից թռնելու համար)։

Հանձնաժողովի ստեղծմանը կողմ էին ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը»։

Այդպիսով պայթեց իշխանական քարոզչամեքենայի հերթական փուչիկը։ Բարի Սերժի մասին պատմվող հերթական հեքիաթը «heppy end» չունեցավ։ Ժամանակն է նոր հեքիաթներ հորինելու։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը