Քաղաքական

21.05.2013 13:43


Արամ Մանուկյանը կառավարությանը՝ «Ձեզ պատժել է պետք»(տեսանյութ)

Արամ Մանուկյանը կառավարությանը՝ «Ձեզ պատժել է պետք»(տեսանյութ)

Ազգային ժողովում շարունակվում է կառավարության ծրագրի քննարկումը։ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթում ոլորտ առ ոլորտ ներկայացրեց կառավարության գործունեության ձախողումները։

«Խոստացել եք մենաշնորհների դեմ պայքարի մասին՝ ոչինչ չեք արել. փոքր և միջին բիզնեսը պարզապես խեղճացված վիճակում է: Կոռուպցիայի դեմ պայքարը ձեր հիմնական մարտահրավերն եք հայտարարել՝ ձեր կառավարությունը ոչինչ չի արել հիմնական մարտահրավերին դիմակայելու ուղղությամբ», - շեշտել է ՀԱԿ խմբակցության քարտուղարը:

Ւնչ վերաբերում է արտաքին քաղաքականության ոլորտում կառավարության ձախողումներին՝ ըստ Արամ Մանուկյանի Հայաստանն այս տարիների ընթացքում տարածաշրջանային լիակատար մեկուսացման մեջ է հայտնվել: «Նայեք գազատարերի քարտեզը՝ Հայաստանն այստեղ ուղղակի անկլավ է՝ դատարկ, ոչ մի ռեգիոնալ ծրագիր Հայաստանով չի անցել»,։ Սոցիալական ոլորտում նա առանձնացրեց գրավաճառների, տաքսիստների, օդաչուների, կրպակատերերի խնդիրները: «Մարդկանց հացն ապահովելու փոխարեն՝ մարդկանց հացը խլել եք, - նկատեց նա: - Գնացեք գյուղացիների հետ զրուցեք, տեսեք՝ ձեր մասին ինչ են ասում: Ո՞րն ասեմ. հրապարակի շենքերի վաճառքը, Կենտրոնական բանկի ոսկու վաճառքը, որն ուզեք, թե չուզեք՝ ձեր անվան հետ է կապված: Ասում եք՝ ժողովուրդը ձեզ ձայն է տվել: Այդ ինչպե՞ս է լինում, որ ժողովուրդը ձայն է տալիս գործող իշխանությանն ու աճապարում է արտասահման»:

Արամ Մանուկյանը ևս մեկ մտահոգիչ փաստի մասին խոսեց. նրա խոսքով՝ մարզերի շատ բնակիչներ Ռուսաստանի քաղաքացիներ են դառնում՝ ապրելով Հայաստանում: Կոնգրեսի խմբակցության քարտուղարը խոսեց նաև իշխանության հովանավորությունը վայելող և իշխանության հենարանը հանդիսացող կրիմինալի մասին՝ կին ծեծող մարզպետներ, Վարդանիկ, փող բաժանող, մարդկանց ահաբեկող ՀՀԿ վստահված անձինք:

«Սա դուք եք թույլ տվել ու ասում եք՝ ժողովուրդն ընտրե՞լ է: Գազի գինը քաղաքական խնդիր է, որքան էլ ասեք, որ սա տնտեսական հարց է», - նշեց Արամ Մանուկյանը: Ըստ նրա՝ Ռուսաստանի լավագույն գործիքը, Եվրոպայի հետ զրուցելիս, գազն է: Եվ այս թանկացումը նախագահական ընտրությունների արդյունքն է: «Մենք կզելու ենք, որովհետև ունենք թույլ, ոչ լեգիտիմ իշխանություն: Ձեզ պատժել է պետք, ոչ թե հավանություն տալ», - ամփոփեց Արամ Մանուկյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը