Մեկնաբանություն

21.05.2013 18:47


Նիկոլ Փաշինյանի պրոիշխանական գիծը

Նիկոլ Փաշինյանի պրոիշխանական գիծը

ԱԺ–ում մարտի 1–ի դեպքերի ուսումնասիրման նոր հանձնաժողովի ստեղծումը տապալվեց ՀՀԿ–ի միջոցով։ Խորհրդարանական մեծամասնություն ունեցող ուժը թեև խոստացել էր ընտրությունների ավարտից հետո կողմ քվեարկել ՀԱԿ–ի ներկայացրած որոշմանը, բայց դրժեց իր խոստումը և դեմ քվեարկեց։

Պարզ է, որ ՀՀԿ–ն այդ որոշումը կայացրել է Բաղրամյան 26–ի թելադրանքով։

Հանձնաժողովի ստեղծման օգտին քվեարկել են ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը»։ Այդպիսով պարզ դարձավ, թե ովքեր են այս հարցում շահագրգիռ, և ովքեր են ձևեր թափում։

ԲՀԿ–ի դիրքորոշումը ցույց տվեց, որ մարտի 1–ի հետ կապված այն լուրերը, որոնք տարածում էին «անկախ» լրատվամիջոցները Գագիկ Ծառուկյանի դեմ, պարզապես «մուտիլովկա» էին։ Եթե Սերժ Սարգսյանը ներքուստ դեմ է եղել մարտի 1–ին և ծանր ապրումներ ունեցել այդ օրերին (ինչպես փորձում են ներկայացնել որոշ լրատվամիջոցներ), ապա պետք է որ կողմ լիներ հանձնաժողովի ստեղծմանը, սակայն մենք հակառակի ականատեսը դարձանք։

Ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակը», իրեն հատուկ ոճով, փորձում է շարունակել «անկախ» լրատվամիջոցների հակածառուկյանական գիծն ու անուղղակիորեն ծառայություններ մատուցել Սերժ Սարգսյանին։

Ինչպես հայտնի է, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը քվեարկությունից առաջ հայտարարել էր, որ քվեարկության պատկերը ցույց է տալու, թե իրականում ով է պատասխանատու մարտի 1–ի համար։

«Զգացի՞ք ինչ եղավ, Զուրաբյանը ԲՀԿ–ին ազատեց մարտի 1–ի պատասխանատվությունից»,–քվեարկության արդյունքից հետո անհայտ ու անանուն լրագրողների կարծիքն է ներկայացրել «Հայկական ժամանակը»։ Այդպիսով՝ Նիկոլը նախ կրկին ԲՀԿ–ին փորձել է կապել մարտի 1–ի հետ և միաժամանակ ցեխ նետել Լ. Զուրաբյանի ուղղությամբ։ Թե ում կարող է այս ամենը ձեռնտու լինել, լրացուցիչ բացատրության կարիք չունի։

Նկատենք, որ Զուրաբյանի ասածի մեջ ենթատեքստ փնտրելը պարզապես հիվանդ երևակայության արդյունքն կարող է լինել։ Բանականություն ունեցող ցանկացած մարդու համար հասկանալի է, որ մարտի 1–ի հարցում ամենաշահագրգիռ մարդը Սերժ Սարգսյանն էր, քանզի այլ տարբերակով նա չէր կարող հայտնվել նախագահի աթոռին։ ՀՀԿ–ի քվեարկությունը եկավ հաստատելու այս տեսակետը։ Բայց արի ու տես, որ «թունդ ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանն այս քվեարկության տակ այլ բան է տեսել։

Մեզ այլ բան չի մնում, քան եզրակացնել, որ Նիկոլն իրադարձություններն ու երևույթները վերլուծում է «ամեն մարդ մտածում է սեփական փչացածությունից ելնելով» տարբերակով։

Հիվանդ երևակայությունը Նիկոլից հեռու չէ, բայց ԲՀԿ–ի ու ՀԱԿ խմբակցության ղեկավարի դեմ աշխատելու մասով նա միշտ եղել է սերժսարգսյանական գծի մեջ և հետևաբար՝ տվյալ դեպքում նրա վարքագիծը պետք է գնահատել հենց այդ տեսանկյունից։

Տեղին է հիշեցնելը, որ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը մի փարիսեցիական նախաձեռնությամբ էր հանդես եկել։ Նա շրջանառության մեջ էր դրել մի օրինագիծ, որով ցանկանում էր մարտի 1–ի զոհերի հարազատներին գումարային հատկացումներ ապահովել։ Թվում է, թե վատ բան չէր արել Նիկոլը, սակայն դա՝ միայն առաջին հայացքից։

Այդ օրինագծի կյանքի կոչվելու դեպքում Սերժ Սարգսյանը հնարավորություն կստանար ներկայանալ զոհերի հարազատներին փոխհատուցողի և բարի մարդու իմիջով։ Բացի այդ՝ գումարի դիմաց փաստացի կփակվեր մարտի 1–ի թեման, ինչը նույնպես ձեռնտու էր նախագահական նստավայրին։

Ծրագիրն այդ տապալվեց զոհերի հարազատների միջոցով։ Նրանք շատ լավ հասկացան, թե ինչ է թաքնված կոկորդիլոսի արցունքներ թափող «թունդ հեղափոխականի» նախաձեռնության հետևում և իրենց վրդովմունքը հայտնեցին։ Դրանից հետո Նիկոլը ստիպված եղավ հետ վերցնել իր օրինագիծը։ Եվ այս մարդը հիմա խոսում է այն մասին, թե իբր Զուրաբյանը ազատեց ԲՀԿ–ին մարտի 1–ի պատասխանատվությունից։

Ինչպես ասում են՝ գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին։ Նիկոլն ուզում էր որոշ մարդկանց ազատել մարտի 1–ի պատասխանատվությունից, բայց չհաջողեց այդ գործում, և հիմա նրան մնացել է միայն Զուրաբյանի քայլերը սեփական արշինով չափելն ու ԲՀԿ–ի դեմ գեղամյանություն անելը։

Ի դեպ, նույն իշխանահաճո պահվածքը Նիկոլը ցուցաբերեց նաև Վարդան Օսկանյանի «գործին» գնահատական տալիս։ Շահարկման առարկան այդ ժամանակ նույնպես մարտի 1–ն էր, որի պահանջատիրոջ դիրքերից իբր հանդես էր գալիս «անկախ» Նիկոլը՝ ձայնակցելով Բաղրամյան 26–ի ցուցումը կատարող գլխավոր դատախազին։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմելու խնդրանք–առաջարկով հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին Նիկոլը բոցաշունչ ելույթներ էր ունենում և «հիմա»–ի տարբերակն առաջ տանում, սակայն երբ բողոքող զանգվածը Բաղրամյան փողոցում բախվեց ոստիկանության հետ, պարզվեց, որ Նիկոլը չկա։ «Թունդ հեղափոխականները» հենց այդպես էլ վարվում են։

Այս խորագրի վերջին նյութերը