Մեկնաբանություն

22.05.2013 13:11


«Խփած» տոկոսն ու «ծեծած» կարկուտը (տեսանյութ)

«Խփած» տոկոսն ու «ծեծած» կարկուտը (տեսանյութ)

Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. Արմավիրի մարզի բոլոր այն գյուղերը, որտեղ Սերժ Սարգսյանն ամենաբարձր տոկոսներն էր «խփել» ընտրությունների ժամանակ, ենթարկվել են կարկտահարության (տե՛ս կից տեսանյութը)։

Մի փոքր վերափոխելով ժողովրդական հայտնի խոսքը՝ կարող ենք ասել, որ կարկուտը «խփած» տեղն է ծեծում։

Գյուղացիների վրա կարկուտը, փաստորեն, տեղացել է երկու անգամ. առաջին անգամ, երբ նրանց տարատեսակ ճնշումների են ենթարկել և Սերժի համար ձայներ պոկել, երկրորդ անգամ, երբ բնությունն է տհաճ անակնկալ մատուցել։ Այստեղ են ասել. դժբախտությունը միայնակ չի գալիս։

Դժվար է ասել, թե որ կարկուտից են ավելի շատ տուժել արմավիրցիները՝ սերժակա՞ն, թե՞ բնական։ Դատելով ամենից՝ Սերժի «ծեծած» կարկուտն ավելի վնասակար է, քանզի բնականի դեմը հնարավոր է առնել հակակարկտային կայանները նորմալ աշխատեցնելու և ճանապարհները փակելու միջոցով, իսկ ահա Սերժի դեմ հակակարկտային կայանի նորմալ գործարկումը բան չի փոխի, իսկ ճանապարհ փակելն էլ դեռ չի ստացվում։

Սերժական «կարկուտի» դեմն առնելու համար այլ «կայաններ» են պետք, բայց հինգ տարի է այդ հարցը դեռ չի լուծվում։ Արդյունքում՝ Սերժը «խփում» է իր տոկոսներն ու իր սիրելի վարչապետի հետ միասին կարկուտի պես վնաս տալիս ամբողջ հանրապետության մասշտաբով՝ սպառնալով դա անել նաև առաջիկա հինգ տարում։ Սա խնդիր է, որը պետք է հուզի և ճանապարհները փակել տա ոչ միայն արմավիրցիներին։

Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ տոկոսները «խփելուց» հետո Սերժ Սարգսյանն ու իր թիմը մատը մատին չեն տալիս՝ արմավիրցիներին օգնության ձեռք մեկնելու համար։ Որքան օպերատիվ են Սերժի քարոզչագործիքները Գագիկ Ծառուկյանի՝ արմավիրցիներին ցուցաբերած 200 մլն օգնության դեմ քարոզչական արշավ իրականացնելիս (այդ գործում առանձնահատուկ ակտիվություն են ցուցաբերում մի կին «ատամնատեխնիկ» ու խիստ «աստվածավախ», ինչպես նաև մի բլոգեր՝ նախկին ընդդիմադիր ու անկախ), նույնքան անտարբեր ու դանդաղաշարժ են Սերժն ու իր ենթակաները կարկուտից տուժածների խնդիրներին արձագանքնելիս։

Թե ինչով կավարտվի «կարկտային» այս պատմությունը, դժվար է ասել։ Գյուղացիները մինչև հինգշաբթի ժամանակ են տվել կառավարությանը՝ հակառակ դեպքում սպառնալով փակել արդեն Երևանի Բաղրամյան փողոցը (թախանձագին խնդրանք արմավիրցիներին. Բաղրամյանը փակելիս աշխատեք մոտակայքում թույլ չտալ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայությունը, այլապես նա «զորավարի» հետ կրկին կգնա աղոթքի և իր փայ գեղամյանությունը կանի՝ «հեղափոխական» ու «անկաշառ» ընկերների ուղեկցությամբ, բնականաբար)։

Հայաստանն այժմ հիշեցնում է սոցիալական խռովության օջախների համախումբ, որը սակայն իրական փոփոխության չի կարող բերել մինչև քաղաքական կոդերով հստակ մենեջմենտ չլինի։ «Ինքնաբուխ սոցիալական բունտ» կոչվածը գեղարվեստական ֆիլմերի ու գրականության սիրած թեմաներից է, բայց ոչ իրական քաղաքական կյանքում տեղի ունեցող երևույթ։

Այո՛, սոցիալական ճգնաժամը Հայաստանում մոտեցել է պիկին, բայց դա չի նշանակում, որ Սերժի համար 80-90 տոկոս ապահոված մարդիկ հանկարծ ու հեղափոխություն են անելու։

Եթե փորձենք դասական ձևակերպումներով բնութագրել ստեղծված իրավիճակը, ապա ակնհայտ է, որ վերևները չեն կարող, իսկ ներքևները չեն ուզում։ Արևմուտքում նման պայմաններում տեղի ունեցավ բուրժուադեմոկրատական հեղափոխություն, իսկ Ռուսաստանում՝ բոլշևիկյան։ Առաջին դեպքում երկրներն ու ժողովուրդները բարգավաճեցին, իսկ ռուսական տարբերակում՝ երջանկություն չգտան, իսկ բոլշևիկյան հեղափոխությամբ ստեղծված ՍՍՀՄ–ն էլ երկար չդիմացավ ու փլուզվեց։ Այնպես որ ճիշտը բուրժուադեմկորատական հեղափոխությունն է։ Եթե այդ տերմինը ոմանց դուր չի գալիս, ապա կարող են այլ անուն դնել, բայց դրանից բուրժուադեմոկրատական հեղափոխության էությունը չի փոխվի։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը