Մեկնաբանություն

23.05.2013 14:03


Իշխանության վախերը

Իշխանության վախերը

Այսպես որ շարունակվի՝ նախագահական նստավայրում և կառավարությունում հրշեջի կամ ոստիկանի համազգեստ պետք կլինի բաժանել։ Քանզի իշխանությունները սկսել են սոցիալական ու տնտեսական ոլորտներում ծագած խնդիրներին արձագանքնել հրշեջի պես։ Իսկ այնտեղ, որտեղ սուտ խոստումն ու համոզելը չի ստացվում, գործի է դրվում ոստիկանական մեքենան։

Թեև Սերժ Սարգսյանին ու Տիգրան Սարգսյանին առայժմ հաջողվում է մարել բողոքի օջախները և սոցիալական խռովություն թույլ չտալ, սակայն նրանք, ակնհայտորեն, վախենում են, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմագոգիան և կեղծ բարեպաշտությունը մի օր կարող են չօգնել, իսկ ոստիկանական ուժերը՝ չբավականացնել։

Իշխանության վախերն արդեն պարանոյիկ դրսևորումներ են ստանում։ Նրանք ամենուր դավադրություն են տեսնում։ Ամեն մի բողոքի գործողության հետևում կազմակերպիչներ են փնտրում։ Եթե սրանք նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հետևում Ռոբերտ Քոչարյանի ստվերն են տեսնում, ուրեմն իշխանության սպասարկուներիշիզոֆրենիան հասել է գագաթնակետին, և մենք գործ ունենք Ֆորեստոլի ախտանիշի հետ։

Դատելով ամենից՝ փողոցում մարդկանց խումբ տեսնելիս Բաղրամյան 26–ում ընկնում են հոգեխանգարմունքի մեջ և վալերյանկա պահանջում, իսկ վարչապետն իր վախերը հաղթահարում է բացառապես ալկոհոլի օգնությամբ։ Քիչ է մնում տարածեն, թե Արմավիրում տեղացած կարկուտը ԲՀԿ–ն է կազմակերպել, իսկ կարկուտից տուժած գյուղացիներին ոտքի է հանել ՀԱԿ–ը։ Մարդկանց ոտքի հանելու մասով ամեն ինչ հնարավոր է, և ոչ միայն ՀԱԿ–ի կողմից, բայց այն որ կարկուտը ԲՀԿ–ն է բերել, այդտեղ արդեն տղերքը (նաև աղջկերքը) «պեռեբոռ» են անում։

Իշխանական քարոզչամեքենայի տարբեր հատվածներ նույնիսկ սկսել են իրար մեղադրել ու միմյանց վրա «բոչկա» գլորել՝ Ծառուկյանի կամ ԲՀԿ–ի դեմ անհրաժեշտ դոզայով չաշխատելու համար, ինչը վկայում է այն մասին, որ արդեն նեղ թիմի ներսում էլ խորին անվստահության մթնոլորտ է։ Ժողովրդական լեզվով ասած՝ ցեցն ընկել է ջանները։

Եթե նախկինում ասելիքի ու անելիքի բացակայությունը լրացվում էր գեբելսյան քարոզչամեքենայի տարածած «մուտիլովկաներով», ապա այժմ այդ ռեսուրսն էլ է սպառվել։

Սպառվել է նաև իշխանության «բարի» և «չար» թևերի մասին պատմվող հեքիաթներով հանրության ուշադրությունը շեղելու ու քավության նոխազների միջոցով բարեփոխման նմանակում ապահովելու ռեսուրսը։ Շատերն արդեն հասկացել են, որ ոստիկանական համակարգի խնդիրը Ներսիկ Նազարյանը չէր, իսկ բանակում տիրող բարդակի պատճառը Յուրի Խաչատուրովը չէ։

Նազարյաններին ու խաչատուրովներին կեղծ թիրախներ սարքելով՝ Սերժ Սարգսյանն ուզում է բարի ու մաքուր երևալ, սակայն դա արդեն «վառված» խաղ է։ Նազարյանի հեռացմամբ ոստիկանությունը չբարեփոխվեց, իսկ Խաչատուրովի հեռացմամբ բանակում սպանությունների թիվը չի նվազելու, քանի որ խնդիրը համակարգային բնույթ ունի, և մեղավորները վերևում են, այլ ոչ թե պետական կառավարման համակարգի միջին կամ ստորին օղակներում։ Քավ լիցի, ես չեմ ասում, որ Նազարյանն ու Խաչատուրովը հրեշտակներ են։ Նրանք, անշու՛շտ, այս կեղտոտ համակարգի մասերն են, բայց նրանց հիմնական չարիք հայտարարողները դեմագոգիայով են զբաղվում և լրիվ այլ նպատակներ հետապնդում, կամ էլ «ազնիվ քյարփինջներ» են։

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պահով էլ էին իշխանական լրատվամիջոցները տարածում, թե նրա հեռացմամբ ամեն ինչ լավ կլինի, բայց կյանքը ցույց տվեց, որ Բեգլարյանին փոխարինեցին կատարյալ խամաճիկներով և ինքնուրույնությունից զուրկ դրածոներով։ Հարցն այն չէ, թե Բեգլարյանը կատարյալ քաղաքապետ էր։ Հարցն այն է, որ իշխանությունները, ձգտելով գերկենտրոնացնել պետական կառավարման համակարգը և Բաղրամյան 26–ում հավաքել մայրաքաղաքում շրջանառվող փողերը, հասարակության որոշակի շերտի հույզերի ու մակերասային պատկերացումների վրա են խաղում և կեղծ թիրախների ինստիտուտ ներդնում։ «Կլիշեներով» առաջնորդվող քաղաքացիական հատվածի մի մասն էլ ուտում է այդ «կուտը» և կամա թե ակամա նպաստում այն բանին, որ ունենանք ավելի կեղտոտ համակարգ, քան կադրային բարեփոխում կոչվածից առաջ էր։ Սա՛ է խնդիրը։

Վերջին երեք խոշոր ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունը որքան շատ է խոսում քաղաքացիական հասարակությունից ու ժողովրդավարությունից, այնքան ավելի է այլասերվում, դեգրադացվում և փտում։

Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանը տոկոս «խփելով»՝ պյուռոսյան հաղթանակ տարավ։ Հիմա նա մեն–մենակ է մնացել տնտեսական խնդիրների, պետական կառավարման համակարգի կոռումպացվածության, բնական աղետների, արտագաղթի, թալանի, բանակում տիրող հարաբերությունների և արտաքին վտանգների դեմ։ Նա հաղթեց Հայաստանի քաղաքական ուժերին ու ՀՀ քաղաքացիների մեծամասնությանը, և այժմ, ուզի թե չուզի, ամեն ինչի պատասխանատուն է։

Նախորդ հինգ տարիներին ՀՀԿ ղեկավարն անընդհատ դժգոհում էր, թե իրեն չեն թողնում աշխատել։ «Անկախ» մամուլի միջոցով խանգարողներ էին հռչակված Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր–Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, ԲՀԿ–ն, ՀՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն, իշխանության «չար» թևը, «օլիգարխները»։ Մի խոսքով՝ բոլորը։

Հիմա, երբ տոկոսները «խփված» են, Սերժը զրկվեց կեղծ պատճառաբանություններ ներկայացնելու հնարավորությունից։ Նա ձգտում էր մեկ մարդու համակարգ կառուցել և գրեթե հասել է իր նպատակին։ Դե ուրեմն թող պատրաստ լինի այն բանին, որ մարդիկ իրենց խնդիրների լուծումը պահանջելու են մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ինքն է։ Ահա այս հանգամանքն է, որ վախեցրել է Սերժ Սարգսյանին, քանզի նա արդյունավետ է գործում տոկոս «խփելիս» և րաֆֆիհովհաննիսյաններին հաճախորդացնելիս, բայց անճար է երկրում առկա խնդիրների լուծման հարցում։

Պատահական չէ, որ այժմ նա չկա։ Խոսքս ֆիզիկական գոյության մասին չէ, իհարկե։ Նա չկա որպես նախագահ և որպես խնդիր լուծող։ Սերժը վախենում է ու չի վստահում։

Վախն ու պարանոյան մտել են իշխանական կաբինետներ ու հազիվ թե դուրս գան։ Իսկ դա նշանակում է, որ սպասվում է մարազմատիկ ժամանակաշրջան։ Խնդիրն այն է, որ պետք է կարճացնել այդ ժամանակաշրջանը։ Այլապես «ապահով» Հայաստանն իրականություն կդառնա։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը