Մեկնաբանություն

23.05.2013 18:01


Զուգարանահեն տնտեսությամբ՝ դեպի «ապահով Հայաստան»

Զուգարանահեն տնտեսությամբ՝ դեպի «ապահով Հայաստան»

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը մեկ տարի առաջ մեծ շուքով Հայաստան ներմուծեց թանկարժեք բիոզուգարաններ։ Թվով երկու հատ։ Հատը՝ 170 հազ. դոլար։

Հեղափոխական այն օրերին հայտարարվում էր, թե բիոզուգարանները լրջորեն խթանելու են զբոսաշրջությունը։ Կառավարությունն, ըստ այդմ, ենթադրել էր, թե դրսում իմանալով Հայաստանում տեղադրված թանկարժեք զուգարանների մասին՝ զբոսաշրջիկները մի կերպ զսպելու են իրենց բնական կարիքները հոգալու ցանկությունը, շտապելու են թանկ գնով ավիատոմսեր ձեռքբերել ու գալ այստեղ, ներողություն արտահայտությանս, չիշիկ անելու կամ ավելի «արմատական» ձևով առերեսվելու հնադարյան «մշակույթի» հետ։ Համաձայնե՛ք, որ Օստապ Բենդերը մեր «բարեշրջիչ» վարչապետի համեմատ «ղալաթ» էր արել իր նյուվասյուկիստական պատմություններով։

Եվ այսպես, վարչապետը հույս ուներ, որ բիոզուգարանները կխթանեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին «արտադրողներին», և նրանք զուգարանները «լցնելով»՝ կլցնեն նաև բյուջեն։ Այլ կերպ ասած՝ վարչապետը ցանկանում էր «զուգարանահեն» տնտեսության հիմքերը դնել, սակայն ավա՜ղ։

Կառավարության այսօրվա նիստում պարզվել է, որ Տիգրան Սարգսյանի տիեզերական մասշտաբի ծրագրերը տապալվել են։ Պատճառն այն չէ, որ մարդիկ սկսել են ավելի նվազ պարբերականությամբ այցելել վարձավճարների, բանկոմատների, գովազդային վահանակների հաշվին ինքնածախսածածկման բիզնես–պլանով ներդրված բիոզուգարաններ։ Պատճառն այն է, որ այդ թանկարժեք «օբյեկտները» չեն գործում։ Դրանք անսարք են և հիմա փող պետք է գտնել դրանք կարգի բերելու համար։

Էկոնոմիկայի նորանշանակ նախարարն այսօր կասկած է հայտնել այդ զուգարանների պետքականության վերաբերյալ, բայց վարչապետը նրան հակադարձել է, թե առանց այդ թանկարժեք պետքարանների հնարավոր չէ զբոսաշրջությունը զարգացնել։

Փաստորեն, Տիգրան Սարգսյանի կարծիքով Հայաստանում զբոսաշրջության զարգացումը կախված է բիոզուգարաններից, բայց դրանք էլ թարսի պես չեն աշխատում։ Բիոզուգարենները «ԱՊՊԱ» են եղել։ Այսինքն՝ նորոգման կարիք ունեն։

«Անկախ» լրատվամիջոցները, հիվանդագին երևակայություն ունեցող բլոգերներն ու սոցիալական ցանցերում վխտացող վարձկանները, ամենայն հավանականությամբ, հիմա կսկսեն լուրեր տարածել, թե ԲՀԿ–ն է քանդել տիգրանսարգսյանական տնտեսական համակարգի հիմքերը՝ խոչընդոտելով բիոզուգարաններում «մտածողության հեղափոխություն» իրականացնելու պատրաստ մարդկանց գործողությունները։ Եթե նման մտքերի հանդիպեք ֆեյսբուքներում կամ «ատամնատեխնիկ» կանանց էջերում, ապա չզարմանաք։ Պարանոյան սահմաններ չի ճանաչում։

Ուշագրավն այն է, որ այդ բիոզուգարանների վերանորոգմամբ զբաղվելու է մրցունակության հիմնադրամը։ Մենք էլ միամտաբար կարծում էինք, թե ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացումը, ինչպես նույն Տիգրան Սարգսյանն էր պնդում, գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու միջոցով է լինելու։ Պարզվեց, որ «ապահով Հայաստանի» կառուցումը լրիվ այլ հիմքի վրա է դրված, իսկ գիտելիքահեն տնտեսությունն էլ կախված է այն բանից, թե ով մարմնի որ մասով է մտածում և գործում։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը