Մեկնաբանություն

24.05.2013 13:41


Տիգրան Սարգսյանի անփոխարինելիության գաղտնիքը

Տիգրան Սարգսյանի անփոխարինելիության գաղտնիքը

Եթե դատենք վերջին հինգ տարին արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշներով, ապա Տիգրան Սարգսյանը վաղուց պետք է հրաժեշտ տված լիներ վարչապետի աթոռին։ Սակայն նա, այսպես ասած, ընդմիշտ է ինչպես «Coca-cola»–ն։

Շատերին է հետաքրքրում, թե ո՞րն է Տիգրանի վարչապետական երկարակեցության գաղտնիքը։ Չէ՞ որ նա ձախողվել է բոլոր ոլորտներում, և ակնհայտ է, որ շարունակելու է ձախողվել՝ թուլացնելով ՀՀ տնտեսական հիմքերն ու անվտանգությունը։

Միգուցե առաջին հայացքից պարադոքսալ հնչի, բայց Տիգրան Սարգսյանի մնալու պատճառը նրա ձախողվածությունն է։ Այդ ձախողվածությունը վարկաբեկում է նրան, իսկ Սերժ Սարգսյանը, հասկանալի պատճառներով, միայն վարկաբեկված ու միայն իրենից կախված վարչապետ ունենալու հնարավորություն ունի։ Այլ կերպ ասած՝ Տիգրան Սարգսյանի «հավերժության» պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանն այլ չափորոշիչներով է գնահատում նրա գործունեությունը և այլ հատկանիշներ է պահանջում նրանից։ Նշենք դրանցից հիմնականները։

1.Թեև ՀՀԿ–ական մեծամասնությամբ խորհրդարանը դակում է բոլոր այն փաստաթղթերը, որոնք ներկայացնում է կառավարությունը, այդուհանդերձ չի կարելի ասել, որ Տիգրան Սարգսյանն ԱԺ–ում հենարան ունի և վայելում է անվանական թիմակիցների լիակատար աջակցությունը։ ԱԺ–ում ներկայացված է ոչ թե կառավարության, այլ Սերժ Սարգսյանի հենարանը, որը, սակայն, համապատասխան առիթի ու հնարավորության դեպքում կփլվի՝ մենակ թողնելով Տիգրանին էլ, Սերժին էլ։

Անհենարան վարչապետը, ում վրա Բաղրամյան 26–ից խնդիր է դրված աջակցել սեփականության վերաբաշխմանն ու նպաստել գերկենտրոնացված տնտեսաքաղաքական համակարգի ձևավորմանը, օբյեկտիվորեն չի կարող ընդունելի լինել ԱԺ մեծամասնության համար։ Իսկ իրար չընդունող և միայն նախագահականի միջնորդությամբ ընկերություն անող կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը լեգիտիմություն չունեցող և աթոռը պահելու խնդիր ունցող Սերժի համար միակ ընդունելի տարբերակն է։

Եթե Հայաստանում լիներ վարչապետ, ով ունենար ԱԺ մեծամասնության իրական աջակցությունը, ապա Սերժ Սարգսյանը կվերածվեր անգլիական թագուհու և հազիվ թե մեկ ժամկետից ավել կառավարեր։

ՀՀ սահմանադրության համաձայն՝ խորհրդարանի իրական աջակցությունը վայելող վարչապետը բավական հզոր քաղաքական ֆիգուր է։ Հզոր ֆիգուր է նաև նախագահը, բայց՝ եթե հանրային աջակցությունէվայելում։ Սերժն իրական հանրային աջակցություն չի ունեցել, չունի և չի ունենալու։ Նա դա շատ լավ գիտի և զբաղված է զուտ ներիշխանական դաշտում իր դիրքերի պահպանմամբ։ Ըստ այդմ՝ Սերժին պետք է վարչապետ, ով չի վայելում խորհրդարանի իշխանական և ընդդիմադիր հատվածների համակրանքը։ Տիգրան Սարգսյանն այդ առումով գտածո է Սերժ Սարգսյանի համար։

Նեոբոլշևիկյան քաղաքականությունը Տիգրանինամբողջությամբ զրկել է ներքին լեգիտիմությունից։ Այդ ամենի հետևանքով առաջացած խուլ վեճը ԱԺ–ի ու կառավարության միջևՍերժ Սարգսյանինհ նարավորություն է տալիս հանդես գալ արբիտրի դերում և կուլսիային հակակշիռների մեխանիզմով պահել աթոռը։

Ասել է թե՝ որքան Տիգրան Սարգսյանը նպաստում է սեփականության վերաբաշխմանն հօգուտ մեկի (բնականաբար՝ «թիմակիցների» հաշվին), և որքան նույն Տիգրան Սարգսյանը ապաշնորհ քաղաքականություն է վարում ու առաջ տանում ՀՀ–ին վտանգող նեոբոլշևիկյան քաղաքականությունը, այնքան նա ավելի ընդունելի ու անփոխարինելի է դառնում Սերժ Սարգսյանի համար։

2.Երբ Տիգրան Սարգսյանը նոր էր նշանակվել վարչապետի պաշտոնում, հանրության քաղքենիական որոշ շրջանակներ բարձր էին գնահատում նրան։ Նրա տերտերական առոգանությունը խելացի մարդու և հմուտ ղեկավարի տպավորություն էր թողնում դատարկ պատկերացումներով զանգվածների վրա։ Որոշ շրջանակներում ընդունված էր ասել, թե իբր Տիգրանը լավ տնտեսագետ է և բարձրակարգ ֆինանսիստ, ով նաև երկրի զարգացման հայեցակարգեր ունի։

Հայաստանում արձանագրված հետընթացը, սակայն, բերեց այն բանին, որ պայթեց «խելքի տոպրակ» վարչապետի մասին փչված փուչիկը։ Բոլորի համար բացահայտվեց վարչապետի փարիսեցիական, դեմագոգիկ, ցինիկ և դիլետանտ կերպարը։ Դա էլ իր հերթին բերեց նրան, որ Տիգրան Սարգսյանը հանրության մեջզրոյական վարկանիշ ստացավ։

Եթե այդ ամենին ավելացնենք նաև այն, որ տնտեսական քաղաքականության հետևանքով Տիգրան Սարգսյանին չեն ընդունում նաև բիզնեսի բոլոր շերտերի ներկայացուցիչները, ապա պատկերն ամբողջական կդառնա։

Թող զարմանալի չթվա, բայց այս հանգամանքները ևս նպաստում են Տիգրանի մնայունությանը։

Սերժ Սարգսյանի գերցածր վարկանիշը հաշվի առնելով՝ կարելի է գրեթե 100–տոկոսանոց վստահությամբ պնդել, որ հանրային վարկանիշ ունեցող մեկ այլ վարչապետ, ով էլ որ նա լիներ և ինչքան էլ որ համարվեր «Սերժի մարդը», դուրս կմղեր Սերժ Սարգսյանին պետական բուրգի գագաթից։ Սերժը դա շատ լավ հասկանում է և այդ իսկ պատճառով պահում է Տիգրան Սարգսյանին։

Պատահական չէ, որ Սերժը չէր համաձայնում ԲՀԿ–ի առաջարկին՝ կոալիցիա կազմել քաղաքական ուժերի լայն համախմբմամբ և ԲՀԿ–ական վարչապետի գլխավորությամբ։ Գագիկ Ծառուկյանի այդ առաջարկը փափուկ և անարյուն իշխանափոխության տարբերակն էր, ինչը սակայն իշխանամետ մամուլի և «ընդդիմադիր» գործիչների կողմից փորձ է արվում ներկայացնել որպես անձի դեմ պայքար։ Սարգսյանն ու Ծառուկյանը, ինչպես և սպասվում էր, ընդհանուր լեզու չգտան այդ հարցում, ինչի հետևանքով էլ ԲՀԿ–ն ԱԺ ընտրություններից հետո դուրս եկավ կոալիցիայից և անկախ առաջարկվող բազմաթիվ այլ պաշտոնների քանակից՝ չմտավ կոալիցիա։ Սերժը շատ լավ հասկանում էր, որ եթե քաղաքական ուժերի լայն համախմբմամբ և ԲՀԿ–ի գլխավորությամբ կառավարություն ստեղծվի, ապա ինքը կդառնա ոչինչ։ Տիգրանն այդ առումով վտանգ չի ներկայացնում ու դրա համար էլ շարունակում է իր «բարեշրջումները»։

Բոլոր տիպի հենարաններից զուրկ Տիգրան Սարգսյանի դեպքում իշխանափոխության վտանգ ներսից չկա։ Ասել է թե՝ որքան Տիգրան Սարգսյանն անընդունելի է դառնում հանրության լայն շրջանակների և բիզնեսի բոլոր շերտերի մոտ, այնքան անփոխարինելի է դառնում Սերժ Սարգսյանի համար։

Պետական կառավարման բուրգի վերնամասում Տիգրանն այսօր միակ գործիչն է, ով ավելի ցածր վարկանիշ ունի, քան Սերժ Սարգսյանը։ Երկրորդ Տիգրանին Սերժը հազիվ թե գտնի և դրա համար էլ պահում է։ Տիգրանն իր վարկաբեկվածությամբ ու ցածր վարկանիշով ապահովում է Սերժի աթոռի ամրությունը։ Համենայդեպս ներիշխանական համակարգում։

Ճիշտ է, Սերժը ժամանակ առ ժամանակ բարկանում է բիոզուգարանների սիրահար Տիգրանի վրա, նրան մեղադրում «ատկատների» ու կոռուպցիոն ռիսկեր պարունակող «տենդերների» կազմակերպման համար, բայց Տիգրանը կարող է հանգիստ լինել, քանզի որքան ինքն է կախված Սերժից, նույնքան էլ «ազատամարտի ռահվիրան» է կախված իրենից։

Ահա այս հանգամանքներն են Տիգրանին ու Սերժին դարձնում սիամական երկվորյակներ։ Նրանց միավորում է համատեղ ձախողվածությունն ու ցածր վարկանիշը։ Նրանց միավորում է աթոռին մնալու բնազդն ու աթոռը կորցնելու վախը։

. . .

Եվ այսպես, Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնին մնում է, քանի որ անվտանգ է Սերժ Սարգսյանի իշխանության համար։ Իսկ անվտանգ է Տիգրանը Սերժի համար, քանզի տխրահռչակ սոցիալ–տնտեսական քաղաքականության իրականացման գործիքն է և գործիքի դերը կատարելով՝ չունի ոչ մի հենարան, բացի Սերժ Սարգսյանից։

Սերժ Սարգսյանի միակ գերնպատակն իշխանություն պահելն է, և նա բացառապես իշխանապահպանական բնազդով է առաջնորդվում։ Սերժը, իհարկե, չէր ուզենա, որ արտագաղթ լիներ, տնտեսական վիճակը վատանար, մարդիկ լցվեին փողոցներն ու ճանապարհներ փակեին, գներն աճեին, բիզնեսները փակվեին և այլն, բայց նրա վարած քաղաքականությունն այլ արդյունքի չի կարող հանգեցնել, իսկ ուրիշ քաղաքականություն նա չի ուզում վարել, քանզի ուզում է անապատի վերածել քաղաքական դաշտն ու հավերժ իշխել։

Նկատենք, որ իշխանության պահպանման խնդիր լուծում են աշխարհի բոլոր պետությունների ղեկավարները, ու դրա մեջ վատ բան չկա, սակայն երջանիկ են կառավարում և իրենց ժողովուրդներին երջանկացնում են այն լիդերները, որոնց անձնական շահերը համահունչ են հանրային շահի հետ։ Մեր դեպքում, ցավոք, Սերժի ու Հայաստանի շահերը խիստ հակասության մեջ են։ Առայժմ հաղթում է Սերժ Սարգսյանը, բայց ձգվող պարանը մի օր կկտրվի։ Խնդիրն այն է, որ այդ կտրվելը լինի կառավարելի և առանց լուրջ ցնցումների։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը