Մեկնաբանություն

27.05.2013 12:10


Իշխանության «փոփոխված» դեմքը և Աշոտյանի «տեղեկացվածությունը»

Իշխանության «փոփոխված» դեմքը և Աշոտյանի «տեղեկացվածությունը»

Վանաձորի քաղաքապետի ներողությունը տեսնելով՝ մի բան հիշեցի։ Սամվել Դարբինյանը ներողություն խնդրեց Սերժ Սարգսյանին չընտրած վանաձորցիներին անգիտակից անվանելու համար։ Իհարկե, լավ է, որ խնդրեց՝ թեկուզ հասարակության ճնշմամբ։ Բայց նկատնեք՝ ներողությունը հրաժարական չէ։

Նախագահական ընտրությունների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի արտահաստիքային PR–շիկ աշխատող ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանը, ով ինքն իրեն ինքնահռչակել էր որպես տեղեկացված հանրապետական, այդ օրերին պնդում էր, թե նախագահը փիս ջղայնացել է, ու Սամվել Դարբինյանը դողդոջուն ձեռքերով շտապել է իր հրաժարականը գրել։

«Իշխանությունների դեմքը սկսվել է փոխվել...

Ինձ հասած տեղեկություններով՝ ՀՀ Նախագահին վրդովվեցրել է Վանաձորի քաղաքապետի վերջին հարցազրույցը:

Վանաձորի քաղաքապետը հրաժարական է տալիս...»,–2013թ. փետրվարի 23-ին ֆեյսբուքյան իր էջում իշխանադիմափոխության մասին «ավետել» էր Արմեն Աշոտյանը։

Ավելին, երբ այդ գրառմանը հաջորդած մեկնաբանությունում Աշոտյանին ասել էին, որ Վանաձորի քաղաքապետի հրաժարականի մասին լուրը նրա օգնականը պաշտոնապես հերքում է, ՀՀԿ–ական «ամենատեղեկացվածը» հակադարձել էր.

«Ես՝ որպես ՀՀԿ փոխնախագահ, ավելի լավ եմ տեղեկացված, քան քաղաքապետի օգնականը»։

Աշոտյանը նաև ավելացրել էր, թե կադրային փոփոխությունները, որոնց մասին իրենք խոսում էին ընտրություններից առաջ, մեկնարկել են։

Հիմա մնում է միայն Աշոտյանին հարցնել՝ բա ո՞ր պալատում մնաց պլաստիկ վիրահատության ենթարկվող իշխանության դեմքը։

Ըստ ամենայնի՝ նախագահականում մի պահ որոշած են եղել «հրաժարեցնել» Վանաձորի քաղաքապետին, սակայն հետո մտքափոխվել են։ Աշոտյանն էլ որոշմանը ծանոթ է եղել, սակայն տեղյակ չի եղել մտքափոխմանը ու շտապել է տարածել դեռ վերջնական որոշման չվերածված լուրն ու «քաշվել»։ Կամ էլ նույն նախագահականում, ինչ–ինչ պատճառներով, որոշել են անհարմար դրության մեջ դնել Աշոտյանին ու Վանաձորի հեռացման մասին լուրը նրա միջոցով դրել են շրջանառության մեջ, այսինքն՝ կրթության նախարարին «քաշել» են միտումնավոր (ենթականերին ու թիմակիցներին «քաշելը» Ս. Սարգսյանի աշխատաոճն է. բազմիցս համոզվել ենք դրանում)։

Ինչ վերաբերում է իշխանության դեմքը փոխվելուն, ապա պարզից էլ պարզ է, որ «չար» քաղաքապետներին ու մարզպետներին պատժելու մասին լուրերը տարածվում են «Բարի Սերժի» մասին շրջանառության մեջ դրված հեքիաթին միս ու արյուն տալու համար։ Բայց հանրության գիտակից շրջանակները շատ լավ հասկանում են թե ինչն ինչոց է։ Իսկ Աշոտյանը թող շարունակի Րաֆֆու PR–ով զբաղվել։ Դա իր մոտ հեմամատաբար ավելի լավ է ստացվում, քան ներիշխանական կադրային շարժերի մասին տեղեկություններ հաղորդելը։

Արեգնազ Մանուկյան

Հ.Գ.։ Երբ ՀՀԿ–ի «բարեփոխիչ» թևի ներկայացուցիչները պնդում են, թե իշխանության դեմքը փոխվում է, նրանք բլեֆ են անում, քանզի իշխանության դեմքը ոչ թե Վանաձորի քաղաքապետն է, այլ Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Արմեն Աշոտյանը, Վլադիմիր Գասպարյանը և մյուս «աստվածավախները», ովքեր քավության նոխազների միջոցով փորձում են զբաղեցնել հանրային ուշադրությունը և մնալ աթոռին։ Եվ որքան շատ են նրանք նոխազացուներ գտնում, այնքան ավելի է ակնհայտ դառնում, որ իշխանության դեմքը չի փոխվում և կփոխվի միայն նշյալ մարդկանց փոփոխությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը