Մեկնաբանություն

25.05.2013 17:23


Սոցիալական բունտին սպասելիս

Սոցիալական բունտին սպասելիս

Սովետական կռիվ կինոների ազդեցության տակ մեծացած հայ «առաջադեմների» համար հույսի նոր շող է ի հայտ եկել։ Քաղքենին տանը նստած սպասում է, որ կարկուտից տուժած գյուղացիներն ու գազի թանկացումից վրդովված պրոլետարիատը կմիանան և սոցիալական բունտ կանեն, իսկ ինքն էլ կվայելի այդ բունտի պտուղները։

«Սոցիալական բունտ»–ի տակ մեզ մոտ հասկանում են մի վիճակ, երբ սոցիալական խնդիրներ ունեցողները դուրս են գալիս փողոց և ջարդում են իշխանավորների գլուխները՝ հընթացս հաստատելով այնքան սպասված արդարությունը։

«Սոցիալական բունտ»–ի մերօրյա տեսաբանները համոզված են, որ իրենք պետք է համակարգչի դիմաց նստեն ու գրեն սպասվող ընդվզման մասին, իսկ ահա բանվորագյուղացիական անխախտ դաշինքն իրականացնի բուն ընդվզումը։

Նկատենք, սակայն, որ բանվորագյուղացիական բունտի մասին շատերի ունեցած պատկերացումներն ամբողջությամբ տեղավորվում են սովետական պատմագրության տարածած միֆերի մեջ։

Համայնավարները, իհարկե, դասագրքերում մանրամասն չէին նկարագրելու, թե իրականում ինչպես են տեղի ունենում հեղափոխությունները՝ լինեն դրանք բուրժուադեմոկրատական կամ բոլշևիկյան։ Նրանք, բնականաբար, պետք է շատ ռոմանտիկ ձևակերպումներով ներկայացնեին հեղափոխությունն ու բանվորագյուղացիական բունտը, որպեսզի միջին վիճակագրական հոմո–սովետիկուսի մտքով հանկարծ ուրիշ բան չանցներ։ Հայ «առաջադեմ» և խիստ «լիբերալ» մեր հեղափոխականները չեն սիրում շատ խորանալ երևույթների մեջ։ Նրանք սովետական «շտամպը» ուղեղներում՝ ֆռֆռում են սոցիալական ցանցերում և լիբերալիզմից խոսում, սակայն քերիր նրանց, և տակից դուրս կգա մարտնչող բոլշևիկը, ով ազատ շուկայից և ժողովրդավարությունից է խոսում, բայց «տակից» Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգին է պաշտպանում, ով մարդու իրավունքներից է խոսում, սակայն երազում է կուլակաթափության մասին, ով ազատ մամուլից է խոսում, սակայն աշխատավարձը Բաղրամյան 26–ից է ստանում։

Ինչ վերաբերում է սոցիալական բունտի լինել–չլինելուն, ապա պարզ է, որ առանց քաղաքական ծրագրման, կազմակերպման և կոորդինացման, ոչ միայն սոցիալական, այլև մյուս տիպի բունտերը հնարավոր չեն, կամ էլ դրանք կլինեն տեղային բնույթի, և ոչ մի իրական փոփոխության չեն բերի։

Այն որ սոցիալական խնդիրները մեզանում շատ են և վիճակը վիճակ չէ, քննարկման առարկա չէ։ Բայց դա չի նշանակում, թե շուտով անկազմակերպ զանգվածները փոփոխություն են կազմակերպելու։ Այդպիսի բան բնության մեջ չի լինում, իսկ եթե ոմանց համար ոգևորության աղբյուր է Սպարտակի ապստամբության մասին գեղեցիկ պատումները, ապա արժե հիշել, որ ապստամբությունն այդ ի վերջո ճնշվեց։

Ասելս այն է, որ սոցիալական բունտը Բեքեթի ստեղծագործության Գոդոյի պես մի բան է, որին անընդհատ կարելի է սպասել։ Միայն սպասել։ Եվ ուրմեն, ոչ թե պետք է համակարգչի դիմաց նստած շամանություն անել և սպասել սոցիալական բունտի (այդպես ստացվում է, որ «առաջադեմների» համար որքան երկրում վիճակը վատանա, այնքան իրենց պատկերացրած ծրագրերի համար լավ), այլ նպաստել քաղաքական կոդերով փոփոխություններին, որի շնորհիվ կլուծվեն և՛ սոցիալական, և՛ իրավական, և՛ տնտեսական խնդիրները։

Այս իշխանությունները վախենում են քաղաքական երևույթներից ու քաղաքական գործընթացներից։ Նրանց թույլ կողմը քաղաքականն է։ Դա է պատճառը, որ Բաղրամյան 26–ից խրախուսվում է ամեն մի ապաքաղաքական քայլ և քննադատության թիրախ դառնում քաղաքականը։ Հետևաբար՝ հասարական բնույթի ցանկացած պայքար պետք է քաղաքականացնել, միայն քաղաքականացնել և բացառապես քաղաքականացնել։ Միայն այդ ճանապարհով է հնարավոր հասնել դրական փոփոխության։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Անկախ ամեն ինչից՝ ակնհայտ է, որ իշխանությունները լավ վախեցած են սոցիալական բունտի հեռանկարից։ Ու կապ չունի, թե այդ վախն իրական հիմք ունի, թե ոչ։

Դատելով իշխանության մի շարք ներկայացուցիչների հայտարարություններից և իշխանամետ մամուլի հրապարակումներից՝ Բաղրամյան 26–ում հիմա ապրում են «երկու վախը մի մահ է» ռեժիմով։ Եթե նախկինում հոգեխանգարմունքի հասցնող կոդավորված բառեր էին հայտարարված «հաղթանակը» կամ «հայրենիքը», ապա հիմա «աբռա–կատաբռա»–ի պես մի բան է դարձել «սոցիալական բունտը»։ Մի հատ էդ բառակապակցությամբ «փը՛խկ» ես անում, անմիջապես տակները լցնում են։ Իրենք երևի մեզանից լավ են տիրապետում իրավիճակին։

Այս խորագրի վերջին նյութերը