Լրահոս

08.07.2009 15:02


Քննարկվել է Ջերմուկ քաղաքի զարգացման հայեցակարգը

Ջերմուկ քաղաքի զարգացման հայեցակարգն է քննարկվել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են էկոնոմիկայի, քաղաքաշինության նախարարները, տարածքային կառավարման նախարարության, Վայոց ձորի մարզի, Ջերմուկ քաղաքի ղեկավարները:
Կարեն Կարապետյանն ասել է, որ քննարկվող թեման ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի կարևորագույն բաղկացուցիչներից է, և Ջերմուկ քաղաքի համալիր զարգացման առանցքային հարցերը քննարկվել են նաև Հանրապետության Նախագահի՝ անցած տարի քաղաք կատարած այցերի ընթացքում:
Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ներկայացնելով քաղաքի զարգացման հայեցակարգը՝ նշել է, որ այն մշակվել է տեղական և միջազգային մասնագետների ուժերով և հնարավորություն է տալիս վերջնական տեսքի բերել քաղաքի գլխավոր հատակագիծը: Հայեցակարգի հիմնական նպատակն է Ջերմուկը դարձնել ամբողջ տարին գործող միջազգային չափանիշներին համապատասխանող առողջ և ակտիվ կենսակերպի զբոսաշրջային կենտրոն:
Խորհրդակցության մասնակիցները նշելով, որ մեծածավալ և լուրջ աշխատանք է կատարվել, ներկայացրել են փաստաթղթի ժամկետների, ֆինանսավորման, առկա խնդիրների լուծման վերաբերյալ իրենց նկատառումներն ու դիտողությունները:
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը Ջերմուկ քաղաքի զարգացման հայեցակարգն ընդհանուր առմամբ ընդունելի համարելով, կարևորել է դրա գործնական կիրառումը և հետագա քննարկումների ընթացքում փաստաթղթից բխող ծրագրավորումը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հստակ արձանագրել պետության մասնակցության չափաբաժինն՝ այն ամրագրելով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում, ինչպես նաև նախանշել այն թիրախները, որոնք պոտենցիալ ներդրողներին կշահագրգռեն ներդրումներ կատարել Ջերմուկում:

Այս խորագրի վերջին նյութերը