Մեկնաբանություն

28.05.2013 15:10


Մտածողության հեղափոխությունը և չարաշահումների աղբյուրը

Մտածողության հեղափոխությունը և չարաշահումների աղբյուրը

Լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ մոտ ժամանակներս հասարակական շրջանակների կողմից ստեղծվելու է գործող իշխանությունների ֆինանսական, տնտեսական մեքենայությունները բացահայտող հակակոռուպցիոն հասարակական միավորում:

Անկասկած, այս նախաձեռնությունը մեծ արձագանք է ունենալու, մանավանդ սոցիալական բունտի շեմին գտնվող հասարակության պայմաններում:

Հակակոռուպցիոն միավորման հաջողության ևս մեկ գրավական նույնպես շատ կարևոր է: Այսօրվա Հայաստանի ոչ մոնոլիտ իշխանության պայմաններում իշխանութան տարբեր թևեր և ներկայացուցիչներ սիրով կապահովեն անհրաժեշտ ինֆորմացիայի արտահոսքը:

Օրինակ, անչափ հետաքրքիր է իմանալ, թե 2009 թվականին մարտին մեկ օրում դրամի կտրուկ արժեզրկման ժամանակ ՀՀ ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաները մի քանի տասնյակ և եթե ոչ հարյուրավոր միլիոններ աշխատեցին: Խոսքը հասկանալի է, որ դոլարի մասին է: Հիշեցնենք, որ դրանից առաջ ԿԲ–ն, դրամի փոխարժեքը ամրագրած պահելու համար, երկրի պահուստային ֆոնդերից վաճառեց մի քանի հարյուր միլիոն դոլար: Սա մեծ հաշվով վաճառք չէր։ Սա կամ վատնում էր, կամ յուրացում: Երկու դեպքում էլ քրեական օրենսգիրքն ասելիք ունի։

Հակակոռուպցիոն ցանկացած չեզոք մարմին, կարծում ենք, իր գործունեությունը պետք է սկսի՝ պարզելով, թե ինչու է «Ֆլեշ» ընկերությունը շահում բոլոր հիմնական տենդերները և պետբյուջեից ֆինանսավորվում դիզվառելիքի մատակարարման դիմաց: Իսկ թե ինչ կապ ունի «Ֆլեշ» ընկերության սեփականատերը բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կարելի է պարզել նախագահից ու վարչապետից:

Երբ երկրում դատաիրավական համակարգը չի գործում, ապա ստեղծված բացերը միառժամանակ լրացնում են հասարակական միավորումները, մինչև այն պահը, երբ պետական ինստիտուտները կսկսեն բնականոն աշխատել: Ամենավառ օրինակը մեր հարևան Վրաստանն է, որտեղ Սահակաշվիլիի իշխանության կարկառուն դեմքերը մեկը մյուսի ետևից հայտնվում են բանտում:

Քանի դեռ Հայաստանում օրինականություն հաստատված չէ, հասարակական կառույցները պետք է տարբեր ոլորտների աղմկահարույց հարցերը պահեն օրակարգում: Օրինակ՝ ում թույլտվությամբ կամ թողտվությամբ «Արմավիան» այսպես կոչված օդի տուրքը տարիներ շարունակ չէր մուծում պետական բյուջե: Կամ ովքե՞ր ունեն իրենց մեղավորությունը Ազգային ավիափոխադրողի խայտառակ վախճանի հարցում: Շատ հեշտ է ամեն ինչ բարդել մեկ գործարարի վրա, բայց դա կլինի կիսատ ճշմարտություն:

Այնպես, որ Հայաստանում ստեղծվելիք ցանկացած չեզոք հակակոռուպցիոն կառույց անսպառ աշխատելու դաշտունի:

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը