Մեկնաբանություն

28.05.2013 21:52


Սերժ Սարգսյանի հանրահավաքը

Սերժ Սարգսյանի հանրահավաքը

Սերժ Սարգսյանը որոշել է հանրահավաք անել։ Ավելի ճիշտ՝ արդեն սկսել է հանրահավաքը։ Ուշագրավն այն է, որ հանրահավաքն այդ չի տեղավորվում ստանդարտների մեջ, քանզի այն տեղի է ունենում ոչ թե Ազատության հրապարակում, այլ վիրտուալ հարթության մեջ։

Սերժը «1in.am»–ի ու մյուս «Mutit.am»–ների տարածքներում, ինչպես նաև դավիթշահնազարյանների բերանում է անում իր հանրահավաքը։

Սերժը հանրահավաք է անում Ռուսաստանի դեմ։ Ավելի ճիշտ, ինքը չի անում։ Իր անունից անում են խիստ «անկախ» լրատվամիջոցները և «թունդ» ընդդիմադիր գործիչները։ Վերջիններիս միջոցով նա ուզում է շեղել հանրային ուշադրությունը ներհայաստանյան խնդիրներից և ի դեմս ՌԴ–ի՝ թշնամու կերպար քարոզել։

Գեբելսյան քարոզչամեքենան ջանք ու եռանդ չի խնայում մարդկանց համոզելու, որ գազի գինը Պուտինը բարձրացնում է, քանզի մոլի արևմտամետ և ԵՄ–ի հետ ինտեգրման երդվյալ կողմնակից Սերժ Սարգսյանն ուզում է պոկվել Ռուսաստանի ճիրաններից։ Ահա այդպիսի բաներ։

Սերժ Սարգսյանից հիմա ուզում են կերտել ՀՀ անկախության մարտիկ, ով ուզում է կռիվ տալ չար Ռուսաստանի դեմ։ Կևորկովը երևի մի քանի անգամ շուռ եկավ գերեզմանում։

«Սերժ Սարգսյանը դեմարշ է անում՝ չմասնակցելով Բիշքեկում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովին»,–գրում է Բաղրամյան 26–ի ոչ պաշտոնական խոսափողը։ Այդպիսով տարածվում է այն միֆը, թե իբր Սերժը Հայաստանի շահերը արժանապատվորեն փորձում է պաշտպանել։ Ճիշտ է, շրջանցվում է այն հարցը, թե ինչո՞ւ գազի գնի բարձրացման մասին հայտարարվեց ընտրությունների ավարտից հետո, մինչդեռ ապրիլի 1–ից էր նոր սակագինը հայտնի և հետևաբար՝ դեմարշներն առնվազն պետք է ապրիլի 1–ից լինեին։ Քարոզիչներին նման «մանր» հարցերը, սակայն, չեն հետաքրքրում։ Կարևորը՝ որ Սերժը պուպուշ եվրոպամետ և իր առաջադեմ հայացքների համար հալածվող կերպարի մեջ հայտնվի։ Այսպես որ շարունակվի, Սերժին շուտով քաղբանտարկյալ էլ կներկայացնեն տնաշենները։

Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը «1in.am»–ների տարածքներում և դավիթշահնազարյանների բերաններում հանրահավաք չէր անում Ռուսաստանի դեմ նախագահական ընտրություններից ժամեր անց, երբ նույն Պուտինը, չսպասելով ՀՀ ԿԸՀ–ի հայտարարությանը, շնորհավորում էր իրեն՝ «խփած» տոկոսների կապակցությամբ։ Ո՞ւր էին «միտինգավորներն» այդ օրերին և ինչու՞ չէին ձայները գլուխները գցում, թե Սերժին շնորհավորելու գինը կարող է թանկ գազը լինել։

Ինչո՞ւ Սարգսյանը չուղղեց Պուտինին, երբ վերջինս «տետ–ա–տետ» հանդիպման ժամանակ բարձրացրեց նրա «խփած» տոկոսները մինչև 60, իսկ հիմա այլոց շուրթերով բողոքի իմիտացիա է անում գազի գնի բարձրացման թեմայով։

Սերժի հաճախորդները պետք է հանրահավաք անեին այն ժամանակ, երբ ՌԴ ռազմաբազաները Հայաստանում տեղակայելու պայմանագիրը 49 տարով երկարաձգվում էր։

Եվ վերջապես, Ռուսաստանի դեմ հանրահավաք պետք է արվեր այն ժամանակ, երբ 500 մլն դոլար վարկ էր վերցվում այնտեղից։ Վարկ, որը փոշիացվեց մտածողության հեղափոխության ռահվիրա Տիգրան Սարգսյանի թեթև ձեռքով, ու հիմա Հայաստանի կառավարությունն ուզում է պարտատոմսեր թողարկել միջազգային շուկայում, որպեսզի մեր ժողովրդի հաշվին փակի անարդյունավետ օգտագործած 500 մլնը։

Այնպես որ, թամաշա հիշեցնող վիրտուալ հանրահավաքը չի փրկի Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգին։ Օրվա տարբեր ժամերին արևմտամետ, թուրքամետ ու ռուսամետ խաղալու վերջն էլ սա պետք է լիներ։

Մեկ բան հստակ պետք է ամրագրել. Հայաստանում ստեղծված իրավիճակի պատասխանատուն իշխանությունն է։ Իսկ այլոց մեջքի հետևում թաքնվելով հանրահավաք անելն էժանագին շոու է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը